Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. «ՀՀ իշխանություններն այլեւս սուբյեկտ չեն հանդիսանում, հենց իրենք են Արցախն ու Հայաստանը դրել բանակցային սեղանի վրա». «Հրապարակ»

Հուլիս 18,2023 10:45

Շաբաթ օրը կայացած Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ վտանգավոր հայտարարություններ հնչեցին։ Մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չխոսեց տարաձայնությունների հաղթահարման մասին, փոխարենը Արցախի 7-ամսյա շրջափակման պայմաններում կարեւորեց Լաչինի «ճանապարհի» բացումը եւ հումանիտար մատակարարումներն Ադրբեջանի տարածքից՝ Աղդամով։ Մինչդեռ, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի անխափան գործելու փաստն է ամրագրված, ոչ թե առհասարակ որեւէ ճանապարհի։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վերջին հանդիպումից հետո այլեւս կասկած չունի, որ Հայաստանը ոչ թե բանակցային կողմ է, այլ, նրա խոսքով՝ հենց ինքն է սեղանի վրա․ «ՀՀ իշխանություններն այլեւս սուբյեկտ չեն հանդիսանում, հենց իրենք են Արցախն ու Հայաստանը դրել բանակցային սեղանի վրա, եւ մեր ճակատագիրը որոշում են մնացած դերակատարները»։ Պատգամավորի դիտարկմամբ՝ վերջին հանդիպմանն ավելի շատ անդրադարձ եղավ Հայաստանին, ոչ թե Արցախին․ «Ակնհայտ է, որ խաղաղություն կոչվող պայմանագրում ներառվելու է Զանգեզուրյան միջանցքը, խոսք գնաց, իշխանությունների բնորոշմամբ, անկլավների մասին, ցավով պետք է արձանագրեմ, որ գերիների հարցով իրականում առաջընթաց չկա, որովհետեւ խոսքը գնաց միայն ադրբեջանցի երկու ներկայացուցիչների մասին, որոնք ՀՀ տարածքում հանցանք են գործել։ Այսինքն՝ ամեն ինչ ի նպաստ Ադրբեջանի խոսվեց, որին ներկա էր ՀՀ վարչապետը»։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա, պատգամավորի խոսքով, մեծ հաշվով, նոր բան չասվեց, քանի որ հավաքական Արեւմուտքի կարծիքը վաղուց է հայտնի․ «Արցախի՝ 32 տարի առաջ ձեռք բերած միջազգային իրավունքը հավաքական Արեւմուտքի համար առոչինչ է, եւ խոսել նման պետության մասին, Ակնայով ինչ-որ հումանիտար բեռներ ներկրելու մասին՝ պարզապես աբսուրդ է»։ Հակոբյանի համոզմամբ՝ պաշտոնական Ստեփանակերտը կմերժի այդ առաջարկը, քանի որ նախագահն այժմ միանձնյա որոշում կայացնելու իրավունք չունի, իսկ արցախցիները 7-ամսյա շրջափակման պայմաններում ապացուցել են, որ սովից կմեռնեն, բայց չեն ինտեգրվի Ադրբեջանին․ «Արցախի նախագահը եթե ընդունի այդ առաջարկը, պիտի կանգնի եւ ասի, որ համաձայն է Փաշինյանի տիկնոջ հետ, որ 30 տարի հանուն ոչնչի են զոհվել, ու գնա այդ քայլին, իսկ դրանից հետո արցախցին իր խոսքը կասի։ Մարդիկ Արցախում վերջին ամիսներին մահանում են` բժշկական օգնություն չստանալու հետեւանքով, թերսնման հետեւանքով, մարդիկ պատրաստ են այդ զոհողություններով ապրել, բայց չինտեգրվել»։

«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի` պասիվ դիտորդի դերը․ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ գլխավոր մեղավորին թողած՝ չպետք է երկրորդականներին փնտրել․ «Իհարկե, մեղավոր են ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ մնացածը, բայց բանակցային գործընթացում ՀՀ-ն ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, եւ դու չես կարող ավելին պահանջել երրորդ երկրներից, քան քո սեփական իշխանություններից։ Արցախը պարզապես պարտավոր է ՀՀ իշխանությունների առջեւ հարցը կոշտ դնել` դժգոհություն ներկայացնել բանակցությունների ընթացքից, իսկ եթե լռում ես, կնշանակի՝ համաձայնում ես։ Արցախի իշխանությունները 2018-ից համահունչ են քայլում ՀՀ իշխանություններին, մինչդեռ պետք է հակառակվել, ասել, որ պարտավոր եք ի շահ Արցախի բանակցել․ իհարկե, վերջին օրերին թույլ փորձ արվեց պետնախարարի կողմից, բայց դա շատ քիչ է»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31