Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միխայիլ Ալեքսանդրով. Ռուսաստանն իր վրա կոնկրետ պարտավորություններ է վերցրել, եւ չի կարելի ասել, որ հիմա ինչ-որ բան փոխվել է. «Հրապարակ»

Հուլիս 18,2023 10:15

Նախօրեին Մոսկվան հայտարարեց, որ Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս, եւ սա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնք արձանագրվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

«Գտնում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ Ռուսաստանը լվանում է ձեռքերը ղարաբաղյան խնդրից։ Զրուցել ենք քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ։

– Ես չէի ասի, որ արդեն լվացել է ձեռքերը, բայց կա այդպիսի միտում` ձեռքերը լվանալու ցանկություն։ Խոսքն այն կետի մասին է, որ պետք չէ պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Ես գտնում եմ, որ սա Մոսկվայի համար անընդունելի հայտարարություն է, որովհետեւ Մոսկվան իր վրա է վերցրել ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը։ Երբ որ Ռուսաստանը խաղաղարար ուժեր մտցրեց Լեռնային Ղարաբաղ, նա իր վրա վերցրեց այդ տարածաշրջանի ժողովրդի անվտանգության ապահովումը։ Սա ակնհայտ է։ Հենց այդ էր պատճառը, որ հայկական զինուժը հեռացավ Ղարաբաղից, եւ հենց այդ պատճառով Ադրբեջանին առանց կրակոցի մի քանի շրջան փոխանցվեց՝ Աղդամի, Քելբաջարի շրջանները։ Եթե դրանք չփոխանցվեին, ապա պարզ չէ, թե ինչպես կավարտվեր այդ պատերազմը եւ դեռ ինչքան կտեւեր։ Գուցե Ռուսաստանն ինքը ստիպված կլիներ մասնակցել այդ պատերազմին։

Այսինքն՝ Ռուսաստանն իր վրա կոնկրետ պարտավորություններ է վերցրել, եւ չի կարելի ասել, որ հիմա ինչ-որ բան փոխվել է։ Ոչինչ էլ չի փոխվել։ Խաղաղարար առաքելությունը դեռ շարունակվելու է մինչեւ 2025 թ. նոյեմբերը, եթե չեմ սխալվում, եւ մինչ այդ Ռուսաստանն անմիջական պատասխանատվություն է կրում ԼՂ հայության համար, եւ ոչ մի հայտարարություն այն  մասին, որ մենք կապ չունենք, որովհետեւ Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, տեղին չէ։ Հետո՞ ինչ, որ ընդունել է։ Ռուսաստանն էլ է այն ընդունել միշտ ու երբեք չի հրաժարվել այն ընդունելուց։

– Այս հայտարարության մեջ մի տող կա` որ պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Սա չի՞ նշանակում, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի  հայտարարությանը եւ հենց այն դարձնել խաղաղության պայմանագրի հիմք, ոչ թե Փաշինյանի՝ ավելի ուշ արտահայտած մտքերը։

– Այո, խոսքը 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մասին է, բայց հարցն այն է, որ Ադրբեջանը չի կատարում այդ համաձայնագրի ոչ մի կետ։ Հայաստանը բոլոր կետերը կատարել է` Ադրբեջանին է փոխանցել տարածքները։ Դրա դիմաց Ադրբեջանը խոստացել է անխափան փոխադրումներ Լաչինի միջանցքով։ Տարածքներն Ադրբեջանը ստացավ, իսկ փոխադրումներն արգելափակեց։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է։ Կա կետ՝ կրակի դադարեցման մասին, բայց Ադրբեջանը մշտապես գնդակոծում է Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքները։ Այսինքն՝ կրակի դադարեցումն էլ չկա։ Ստացվում է՝ հայերին խաբեցին ամենալկտի ձեւով։ Ռուսաստանին էլ խաբեցին, որովհետեւ Ռուսաստանը հանդես է գալիս որպես այդ համաձայնագրի կողմ, իր վրա խաղաղարար առաքելություն է վերցրել, բայց պարզվում է, որ Ադրբեջանը մտադիր չէ կատարել խոստումները։ Հարված է հասցվում Ռուսաստանի դիրքին, որովհետեւ Ռուսաստանն է պատասխանատու Լաչինով իրականացվող փոխադրումների համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ուզում է, որ արագ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց, կներեք, եթե նույնիսկ եռակողմ համաձայնագիրը չի կատարվում, ի՞նչ խաղաղության պայմանագիր եք դուք պատկերացնում։

– Խաղաղությունը մեզ չի՞ «սպառնում»։ 

– Ես կարծում եմ՝ ոչ միայն մեզ, այլեւ մեր սերունդներին էլ չի սպառնում։ Դե չէ, իհարկե, կարող են ինչ-որ խաղաղության դեկլարացիա ստորագրել, որը ոչնչի չի պարտավորեցնի։ Եռակողմ համաձայնագիրը նույնիսկ ավելի առարկայական է լինելու, քան այդ փաստաթուղթը։ Կարող են գրել՝ մենք խաղաղության, բարեկամության կողմ ենք, պարտավորվում ենք կռիվ չսկսել եւ այլն։ Եվ ի՞նչ։ Հետագայում ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպեսեւ եղել է։
 

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31