Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան չի հասկանում, որ քաջալերում է Երևանի սադրանքներին»․ ադրբեջանական թերթերի արձագանքը Ֆրանսիայի սենատի նախագահի վերջին հայտարարությանը․ «Ազատություն»

Հուլիս 18,2023 00:19
adrbejan

«Փարիզը ուզում է մտնել Հարավային Կովկաս», «Ֆրանսիան չի հասկանում, որ քաջալերում է Երևանի սադրանքներին, որոնց արդյունքում առաջին հերթին հենց Հայաստանն է տուժելու», – այս օրերին գրում են ադրբեջանական թերթերը՝ արձագանքելով Ֆրանսիայի սենատի նախագահի վերջին հայտարարությանը։

Ժերար Լարշեն հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թվիթերում գրել էր, թե «պետք է արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝ ապահովելու նրա անվտանգությունը»։

«Այսօր Մակրոնը Եվրոպայի քաղաքական դաշտի ամենակոռումպացված գործիչն է, և Ֆրանսիայում տարածվող անկարգություններն ու բողոքի ցույցերը դրա մասին են վկայում», – գրել է Ադրբեջանի պետական Հանրապետություն թերթը, շրջանցելով փաստը՝ ինչ ճակատագրի են արժանանում ցուցարարները սեփական երկրում։

Հակաֆրանսիական այս արշավը, սակայն, նոր չէ, Բաքվից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ջոշուա Կուչերան։ Մոտ տասն օր առաջ, օրինակ, Ադրբեջանը պետական մակարդակով հատուկ համաժողով էր կազմակերպել՝ քննարկելու Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը։ Բաքու էին հրավիրվել ներկայացուցիչներ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, ակտիվիստներ Կարիբյան ծովում գտնվող Մարտինիկայից ու ֆրանսիական Գվիանայից։ Ակնհայտորեն, մեկ նպատակով՝ Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունը քննադատելու։

«Ֆրանսիան բռնապետական երկիր է, և օգտագործում է մեր ժողովրդի հարստությունն ու բնական ռեսուրսները՝ հանուն սեփական շահի», – հայտարարում էր Նոր Կալեդոնիայի խորհրդարանի խոսնակը։

Մակրոնի քաղաքականությունը ընդունելի չէ անգամ Ֆրանսիայի քաղաքացիների համար, պնդում էր ֆրանսիական Գվիանայի ներկայացուցիչ Ժան Վիկտոր Կաստորը, հավելելով՝ «Գաղութատիրության առաջին օրից Ֆրանսիան ճնշում է մեզ, ճզմում մեր գոյությունը։ Խորհրդարանի 98 տոկոսը սպիտակ, օսլայած վերնաշապիկներով մարդիկ են, որոնք մեր փոխարեն որոշումներ են կայացնում մեր առողջապահության, կրթության ու շրջակա միջավայրի վերաբերյալ»։

Համաժողովն անցնում էր «Վերջ գաղութատիրությանը» կարգախոսի ներքո, միայն թե մասնակիցները հրավիրվել էին միայն մեկ երկրի պատկանող տարածքներից՝ Ֆրանսիայից։ Դրանից մեկ օր առաջ էլ հրապարակվել էր նախագահ Ալիևի ելույթը, որտեղ վերջինս մանրամասն ու ծավալուն դատապարտել էր Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց հերթին, առիթը բաց չեն թողնում և ամենայն մանրամասնությամբ լուսաբանում են յուրաքանչյուր վատ բան, որ կատարվում է Ֆրանսիայում, կամ՝ կապ ունի այդ երկրի հետ, հաղորդում է «Ազատության» թղթակիցը։ Ընդ որում, հրահանգները գալիս են ամենավերևից։

«Ազատության» տրամադրության տակ են հայտնվել, մասնավորապես, այն հանձնարարականները, որոնք ուղարկվում են ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցների խմբագիրներին, ենթադրաբար, նախագահական նստավայրից։ Դրանցից մեկն, օրինակ, անցած մայիսին հրահանգում էր լուսաբանել՝ «ինչպես է գաղութատիրական Ֆրանսիան խաչակրաց արշավանք իրականացնում Ադրբեջանի դեմ Հարավային Կովկասում», նույն աղբյուրը պահանջում էր նաև «արշավ սկսել Ֆրանսիայի խաղաղասիրական ջանքերի դեմ, խստորեն դատապարտել նախագահ Մակրոնին՝ հարցազրույցներ անցկացնելով տեղի ու օտարերկրյա փորձագետների հետ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31