Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Պարզվում է, որ իմ այդ վեց րոպեանոց նյութում ներկայացված որևէ փաստ իրենք չեն վիճարկում․ բոլորի հետ էլ համաձայն են»․ Դավիթ Սարգսյան

Հուլիս 17,2023 19:00

«Նախնական դատական նիստի ժամանակ մենք այդպես էլ չպարզեցինք՝ մեզնից ի՞նչ են ուզում։ Պաշտպանների հետևողական հարցադրումները, թե ո՞ր փաստերն են նրանք վիճարկում, այդպես էլ պատասխան չգտան»,- Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով դատական նիստից հետո այսպիսի կարծիք հայտնեց լրագրող Դավիթ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով, որի հեղինակը՝ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետին, մասնավորապես, ներկայացնում է որպես «անսահմանափակ վարչական ռեսուրսի տիրապետող» պաշտոնյա, որի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»։ Մայիսի 2-ին դատարանը վարույթ է ընդունել դատական գործն ու բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու մասին, այն է՝ 9 միլիոն դրամի չափով կալանք դնել լրագրողին և լրատվամիջոցին պատկանող գույքի և բանկային հաշիվների վրա։

Ըստ Դավիթ Սարգսյանի՝ հանրային ճնշման բողոքի ալիքի ներքո՝ մի քանի օր անց միջնորդություն ներկայացրեց դատարանին հանելու հայցի ապահովման միջոցը․ «Իհարկե, դատարանի այդ քայլն ինձ համար անհասկանալի էր․ հայցի ապահովման միջոց կիրառելը, մասնակիորեն այն բավարարելը»։

Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով իրենց ներկայացված պահանջին, ասաց․ «Պարզվում է, որ իմ՝ այդ վեց րոպեանոց նյութում ներկայացված որևէ փաստ իրենք չեն վիճարկում․ բոլորի հետ էլ համաձայն են։ Հերթով փաստերի վերաբերյալ հարց տվեցինք։ Օրինակ՝ վիճարկո՞ւմ եք այն փաստը, որ 2019 թվականին Ավինյանի վերահսկողության ներքո գտնված քաղավիացիայի ոլորտն ունեցել է 9 օդանավ, իսկ պատերազմական 2020-ում՝ ընդամենը մեկ, ինչի հիման վրա ես արել եմ գնահատողական դատողություն, որ հետևաբար քաղավիացիայի ոլորտը տապալվել է և տապալվել է Ավինյանի բարձր հովանու ներքո կամ նրա քավորությամբ։ Փաստի հիման վրա արված գնահատողական դատողություն է, այն, ինչը լրագրության հիմքն է, և բոլոր լրագրողներն օգտվում են այդ զինանոցից։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ սրա ի՞նչը պիտի հերքվի, եթե իրենք փաստն ընդունում են, իսկ գնահատողական դատողությունից վիրավորում»։

Ըստ Դավիթ Սարգսյանի՝ փորձ է արվում Տիգրան Ավինյանի և նրա պաշտպանական թիմի կողմից սա կապել քարոզարշավի հետ․ «Դատական նիստի ընթացքում նա ներկայացվեց նույնիսկ Երևանի քաղաքապետի թեկնածու, երբ այդպիսի կարգավիճակ չկա․ կարող է՝ ԿԸՀ-ն չի գրանցում նրան։ Այնպես որ, եթե իր նպատակը նախընտրական շրջանում իր վարկանիշը փրկելն է, ցավոք, ինքն իրեն արջի ծառայություն մատուցեց, և իր մասին հիմա նորանոր բացահայտումների պիտի սպասի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31