Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծաղելի է, որ 7 ամիս քննել են ու նոր են հասկացել, որ հանցակազմ չկա». Գեւորգ Էմին-Տերյանը՝ «տոնածառի գործի» մասին

Հուլիս 17,2023 18:40

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Հասմիկ Բուդաղյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հունիսի 28-ին Oragir.news կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի վերաբերյալ քրեական վարույթով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քննիչի միջնորդությունը՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը հսկող դատախազի՝ հունիսի 29-ի որոշմամբ բավարարվել է։ Այս մասին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե – CPFE-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նաեւ հիշեցրել էր, որ  2022թ․ դեկտեմբերի 14-ին Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ «Ի նշան բողոքի` պետք է հրապարակի տոնածառը վառել», որից հետո հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության, ու նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար։ Նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ և հանրային քրեական հետապնդում էր հարուցվել լրագրողի նկատմամբ։

Հասմիկ Բուդաղյանը նշել է, որ հունիսի 30-ին քրեական վարույթը կարճվել է։

Aravot.am-ի հետ զրույցում Գեւորգ Էմին-Տերյանն ասաց, որ  բազմակի մուտքով վիզա ուներ, որն ավարտվում էր հունիսի 30-ին, եւ նույն օրը զուգադիպությամբ ավարտվել է գործը: «Շատ ծիծաղելի էր, որ 7 ամիս քննել են ու նոր են հասկացել, որ հանցակազմ չկա, կարող էին դատել կամ մի 10 տարի էլ քննեին, նոր հասկանային:

Ընդ որում, քննիչը 2 անգամ ժամանակ է խնդրել, իբր մի անգամ ավարտել են, հետո նորից դատախազն ուղարկել է նախաքննության, ասես ձեռառնոցի լինի…»:

Գեւորգ Էմին-Տերյանն ասաց, որ կարճման որոշումն ինքը դեռ չի ստացել։ Բացի այդ իրեն վնաս է պատճառվել, որի փոխհատուցման համար դիմելու է դատարան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31