«Արցախս, քեզ հետ եմ» նախաձեռնության համակարգողներն այսօր կրկին երեւանյան գրասենյակի մոտ էին: Նախաձեռնության անդամները հուլիսի 14-ին էին «Կարմիր խաչի» Երեւանյան գրասենյակի մոտ եւ իրենց պահանջները ներկայացրեցին:
Հիմնական պահանջը՝ Բերձորի միջանցքը բացելու մարդասիրական հարցը քաղաքական համատեքստից դուրս քննարկելն է:
Նախաձեռնության համակարգողներից Ալվարդ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ գրասենյակի ղեկավարն այսօր ընդունել է նախաձեռնության անդամներին. 1,5 ժամ տեւած հանդիպման ընթացքում արցախցի երիտասարդները ներկայացրել են իրենց խնդրանքներն ու պահանջները՝ այս անգամ նաեւ գրավոր. կսպասեն հետագա արձագանքի:
Կարդացեք նաև
Արցախցի երիտասարդները հորդորում են «Կարմիր խաչի» առաքելությանը՝ իրացնել իրենց մանդատը, իրենց առաքելությունն անարգել կատարել եւ հումանիտար օգնություն հասցնել 200 օրից ավել Արցախում շրջափակման մեջ գտնվող, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում տոտալ շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիներին:
«Արցախում շարունակվում է համաժողովրդական շարժումը, մենք էլ այստեղ պետք է շարունակենք հավաքները, բողոքները, պահանջների ներկայացումը. ընդունել, լսել, գործել՝ թե իրենց լիազորությունների շրջանակում, թե, ինչու ոչ, նաեւ դրանից դուրս, քանի որ իրավիճակը գնալով աղետալի է դառնում եւ եթե մենք ուզում ենք կանխել նշմարվող ցեղասպանությունը, ապա մենք պետք է բոլոր գործիքներն օգտագործենք. հասցեատերերը շատ են»,- ասաց Արցախցի պետհամալսարանի դասախոս Յանա Ավանեսյանը: Նա անցյալ տարի, ԱՄՆ-ում կրթություն ստանալու նպատակով դուրս էր եկել Արցախից ու առ այսօր չի կարողանում վերադառնալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ