Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասելի էր, որ ՔՊ-ացված խորհուրդը կգերադասի տնօրենի պաշտոնում տեսնել պետական պաշտոնյային, ոչ թե ճանաչված գիտնականին

Հուլիս 17,2023 18:20

Ինչպես եւ կանխատեսվում էր, Մաշտոցյան Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը Մատենադարանի տնօրեն ընտրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, որը չուներ դոկտորի գիտական աստիճան, սակայն  մրցույթից  առաջ կանոնադրության փոփոխությամբ այդ խոչընդոտը վերացավ, ու այդպիսով կանաչ լույս վառվեց  արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի՝ տնօրեն դառնալու համար:

Իհարկե, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը  Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ասել էր, որ կանոնադրության փոփոխությունը Խզմալյանի համար չի իրականացվել, եւ այն իբր միտված է եղել պետության հոգածությունը եւ պետության հովանու ներքո լինելը ավելի լիարժեք ու ամբողջական դարձնելու համար:

Հետաքրքիր է, որ  ինչպես մնացած գիտական, կրթական հաստատությունների, այնպես էլ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդում  մեծամասնությունը ՔՊ-ական պաշտոնյաներ են, եւ ինչպես ԱԺ-ում, այստեղ եւս նրանք մեծամասնություն են կազմում ու կարող են միաձայն անցկացնել ցանկացած որոշում: Մատենադարանի հոգաբարձուների կազմում է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որի ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ փոխնախարար է նշանակվել Արա Խզմալյանը:

Արայիկ Հարությունյանն իր նախարարության տարիներին հայտարարում էր, թե հովանավորչությունը զրո տեղ ունի իր գործունեության մեջ եւ պայքարում էր բուհերի, տարբեր հաստատությունների խորհուրդների ՀՀԿ-ացման դեմ, սակայն իրենց իշխանության օրոք նույն խորհուրդները անխնա ՔՊ-ացվեցին, ՀՀԿ-ականները փոխարինվեցին  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ գործող իշխանության ներկայացուցիչներով:

Արա Խզմալյանի դեմ ոչինչ չունեմ, ավելին, նորմալ հարաբերությունների մեջ եմ, ճանաչում եմ այն տարիներից, երբ դեռ պաշտոնյա չէր եւ համեստ, բարեհամբույր եւ գեղեցիկ խոսք ունեցող թատերագետ էր, բայց ինչպես հայտնի փիլիսոփան էր ասում՝ «Պլատոնը բարեկամս է, սակայն ճշմարտությունն ավելի թանկ է», ուստի չէի կարող այս ամենի մասին չբարձրաձայնել:  Ցավոք, այս իշխանությունները հնարավոր բոլոր բնագավառներում ներդրել ու նշանակել են իրենց յուրայիններին, կուսակիցներին, եւ զարմանալի կլիներ, եթե  Մատենադարանի խորհրդում նստած ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց ձայնը տային գիտության անխոնջ  ու համեստ մշակ, Մատենադարանի հնաբնակ  հայագետ, աղբյուրագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանին կամ գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանին (վերջինս ինքնաբացարկ է հայտնել-Գ.Հ):

Ինչ վերաբերվում է  Արա Խզմալյանին, նա Մատենադարանի հետ կապ է ունեցել այնքանով, որ եղել է նախկին տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի խորհրդականը, եւ այժմ էլ հավանաբար  քաջ գիտակցում է, որ փոխնախարարի պաշտոնը գուցե այնքան երկարատեւ չլինի, ինչքան Մատենադարանի տնօրենինը, հետեւաբար չէր խանգարի մի քանի տարի ավելի պաշտոնավարելը, եւ կենսագրության մեջ եւս մեկ ազդեցիկ նշում ավելացնելը: Ամեն դեպքում շնորհավորում եմ նորընտիր տնօրենին, որը ՀՀ Զինված ուժերի «Դրաստամատ Կանայան»  եւ  «Մովսես Խորենացի» մեդալներով է պարգեւատրվել «նախկինների» ժամանակ:

Ի թիվս այլոց, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է ներկայիս արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որը նույնպես քվեարկել է Խզմալյանի օգտին: Նա էլ տարիներ առաջ ՔՊ-ական  լծակներով  տարկետում ստացավ գիտությամբ զբաղվելու պատրվակով, քանի որ համապատասխան հանձնաժողովի կազմում ԿԳՄՍ ՔՊ-ական փոխնախարար, ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էր: Կոստանյանն անգամ խոստացավ, որ բանակ կգնա, եթե չպաշտպանի գիտական ատենախոսությունը: Սակայն ոչ միայն բանակ չգնաց, չպաշտպանեց, այլեւ  լուրջ պաշտոն ստացավ, բայց դա արդեն ուրիշ օպերայից է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ես չեմ զարմանա, եթե մի օր էլ այս մանկապարտեզ-իշխանությունը որոշի, որ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ ընտրվելու համար պահանջվում է ընդամենը բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ։
    Քանի դեռ նիկոլականները իշխանության են, Ջորջ Օրուելի “Անասնաֆերմա” գիրքը մեր համար լինելու է ամենաարդիական ստեղծագործությունը։ Այդ գրքում արայիկ հարությունյանի կեպարն էլ հեշտությամբ կգտնեք, պետրոսի կնոջ կերպարն էլ, մյուսներինն էլ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31