Այսօր ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի է ունեցել Էկոլոգիական կրթության կենտրոնի պաշտոնական բացումը։
Էկոլոգիական կրթության կենտրոնը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի ջանքերով՝ բարերարներ Արա և Վալերի Չերչյանների առատաձեռնությամբ։
«Այսօր մեզ համար կրկնակի տոն է․ նշում ենք Երևանի բուսաբանական այգու 88-րդ ամյակը, իսկ մեր լավ գործընկեր ՀՕՖ-ի աջակցությամբ էլ բացում ենք Էկոլոգիական կրթության կենտրոնը։ 88 տարի առաջ են տնկվել այս ծառերը, որպեսզի երեխաները, դպրոցականներն այսօր կարողանան գալ ու այս միջավայրում զբոսնել, կրթվել։ Էքսկուրսիաներից բացի՝ անհրաժեշտ էին նաև աշխատարաններ, որտեղ մեր այցելուները կկարողանային հմտություններ ձեռք բերել, իսկ դրա համար մեզ տարածք էր պետք՝ կահավորված անհրաժեշտ սարքավորումներով։ Մենք կանգ առանք վերջերս բացված բուսաբանական թանգարանի տարածքի վրա, որտեղ էլ այսօր բացում ենք Կենտրոնը», – Էկոլոգիական կրթության կենտրոնի բացմանն ասել է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Էկոլոգիական կրթության կենտրոնը համալրվել է ժամանակակից, հարմարավետ տեխնիկական լուծումներով, որոնք հնարավորություն են տալու կազմակերպել գիտաճանաչողական դասընթացներ Երևանի և մարզաբնակ դպրոցականների համար, ինչպես նաև կազմակերպել ամառային գիտաճամբարներ։
Կարդացեք նաև
«Հայ օգնության ֆոնդն աշխատում է տարբեր բնագավառներում, ու կրթությունը մեր ծրագրային պորտֆելում կարևորագույն տեղ ունի։ Հասանելի կրթությունը մեր երեխաների ու հասարակության կայուն զարգացման թիվ մեկ բանալին է, և մենք այսօր շատ ուրախ ենք ևս մեկ կրթական կարևոր ծրագիր իր տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Վստահ ենք, որ սա շատ լավ հնարավորություն է՝ էկոկրթությունը մեր հասարակության տարբեր շերտերին հասանելի դարձնելու համար», – բացման խոսքում շեշտել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։
Էկոլոգիական կրթության կենտրոնը լրացուցիչ հնարավորություն է ընձեռելու նաև ուսանողներին իրականացնել իրենց առաջին գիտական աշխատանքներն ու համագործակցային կապեր ձևավորել ինստիտուտի գիտաշխատողների հետ հետագա համատեղ ուսումնասիրությունների նպատակով, ինչպես նաև անցկացնել փորձի փոխանակման հանդիպումներ և էկոլոգիական կրթության միջոցառումներ։
Մամուլի հաղորդագրություն