Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի հաշտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, որ Արցախն Ադրբեջանի կազմում է»․ Թագուհի Թովմասյան

Հուլիս 17,2023 16:34

Բերձորի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բողոքի ցույցին այսօր մասնակցում էր նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորներն ակտիվ չեն, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Ես տեսա, որ ընդդիմադիր պատգամավորներից եւս մեկը մասնակցում էր ակցիային՝ Հայաստան խմբակցությունից։ Այսինքն՝ ընդդիմությունն այստեղ է, քաղաքական առումով ներկայացվածություն կա այստեղ։ Բայց արձակուրդային շրջան է պատգամավորների համար, չեմ կարող անհատական բոլորի համար պատասխան տալ։ Ես ու իմ մյուս ընդդիմադիր գործընկերները մշտապես եղել ենք Արցախի կողքին ու Արցախի կողքին ենք»։

Թովմասյանը հավելեց․ «Եվ ես կարծում եմ՝ ինչքան մենք բարձր ձայնով գոռանք, մեր պահանջներն ու պնդումները ներկայացնենք, այնքան լսելի կլինի։ Չի կարելի ուղղակի անտարբերության մեջ թողնել 120 հազար մարդկանց ճակատագիրը եւ հաշտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, որ Արցախն Ադրբեջանի կազմում է եւ այդ իրավիճակն ընդունել որպես իրողություն։ Ոչ, ես կարծում եմ, որ մենք պետք է բոլորով ընդվզենք ու բացատրենք աշխարհին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Եթե որեւէ մեկը պատկերացնում է, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, դա նշանակում է, որ 21-րդ դարում մենք նոր ցեղասպանության ենք դատապարտում մեր ժողովրդին։ Ինչքանո՞վ է դա տեղավորվում ՄԱԿ-ի սկզբունքների մեջ, միջազգային իրավունքի մեջ, երբ մարդկանց իրավունքներն ամենօրյա ռեժիմով ոտնահարվում են»։

Հարցին, թե ի՞նչ է անում ընդդիմությունը, որպեսզի հիմնական բանակցողը փոխվի, Թովմասյանը պատասխանեց, որ միայն ընդդիմությունը չպետք է անի, դա պետք է անի հայ ժողովուրդը։ «Դա պետք է լինի համայն հայության պահանջը, եւ ես կարծում եմ, որ կգա այդ ժամանակը, որ համայն հայությունն իր ձայնը կբարձրացնի։ Ես մայիսից սկսել եմ ստորագրահավաք, այդ ստորագրահավաքի արդյունքները շուտով կամփոփենք։ Պետք է ասեմ, որ բավական տպավորիչ արդյունքներ են։ Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը չի վստահում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքական այն օրակարգին եւ քայլերին, որոնք այս պահի դրությամբ իրականացվում են։ Ուղղակի մերժվում են դրանք»,- հավելեց պատգամավորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31