Բերձորի միջանցքի ապաշրջափակման պահանջով այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ։ Ցույցի մասնակիցները Ռուսաստանի Դաշնությունից պահանջեցին կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՌԴ ստանձնած պարտավորությունները ։
«Արցախի ճգնաժամային իրավիճակի մասին ռուսական խաղաղապահ զորակազմը քաջատեղյակ է, որովհետեւ ինքն էլ արդեն կրում է շրջափակման բոլոր հետեւանքները։ Մեր հարազատները 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ նաեւ հավատալով ռուս խաղաղապահի ներկայությանը։ Հիմա պահն օրհասական է, եւ որպեսզի ադրբեջանական լրատվական դաշտը հերթական անգամ չխեղաթյուրի բռնի տեղահանված եւ Երեւանում տունդարձին սպասող արցախցիների հավաքները, հայտարարում ենք, որ մեր հավաքները հակառուսական չեն։ Մեր հավաքների գաղափարական վեկտորն Արցախի համաժողովրդական ալիքն է։ Մենք կրկնում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է։ Արցախի ժողովրդի անունից ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած որոշում առոչինչ է։ Արցախի ժողովուրդը խաղաղություն է ուզում՝ արժանապատիվ ձեւով, սեփական ճակատագիրը տնօրինելու գնով, ոչ թե նշաձողն իջեցնելով կամ խաղաղություն մուրալով»,- հայտարարեցին ցույցի մասնակիցները։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն էլ ընթերցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակը՝ կոչ անելով Պուտինին կատարել իր խոստումը եւ ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։
Ցույցի մասնակիցները ՌԴ դեսպանատանը փոխանցեցին իրենց գրավոր պահանջները։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ