Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն ռուսական օրենքի անգրագետ թարգմանությունն է․ եթե այսպես մնա, վաղը համատարած շիլաշփոթ է լինելու»․ քննարկում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի շուրջ

Հուլիս 17,2023 15:48

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, խնդրահարույց է, եւ եթե այն ամբողջական ընդունվի այս տարբերակով, հետագայում լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասացին մասնագետները։

Օրենքից հանվել են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, սահմանվել, որ առաջին անգամ զենք ձեռք բերելու համար քննությունները կանցկացվեն պետական լիազոր մարմնի սահմանած կարգով։

«Դրույթը հանվել է, որովհետեւ Հայաստանում չունենք որեւէ իրավական ակտ, որով կսահմանվի, թե ինչ են իրենցից ներկայացնում ռազմամարզական կազմակերպությունները, սահմանված չէ գործունեության շրջանակը։ Այս առումով իմ մեղավորության որոշակի բաժինն ունեմ, քանի որ այդ դրույթը գրվել է որպես իմպերատիվ, այլընտրանք չկա, այդ առումով ունեցել ենք խնդիր պետական այլ գերատեսչությունների հետ։ Ապագայում այդ խնդիրը կշտկվի, այդ գործունեությունը սահմանող օրենսդրություն կլինի, քանի որ այդ կազմակերպությունների կարիքը կա։ Դրանք լինելու են լիցենզավորված հրաձգարաններ կամ այլ իրավաբանական անձինք, դա այս պահին որոշելու է ՆԳՆ-ն»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը։ Նա վստահեցրեց՝ առաջիկա օրերին վերջնական հաստատվելու է քննարկման կարգը, որպեսզի պարզ լինի՝ որ կազմակերպություններին են թույլ տալու անցկացնել քննությունները, դրանց լիցենզավորման հարցը լուծվելու է։

«Ազատազէն» ռազմակրթական ՀԿ Խորհրդի նախագահ Իշխան Գեւորգյանն էլ նշեց՝ այսքան երկար աշխատել են օրենքի վրա, սակայն այսօր հստակ չէ՝ այսօրվանից քաղաքացին կարո՞ղ է զենք ձեռք բերել․ «Մենք լիցենզիայի համար դիմեցինք, բայց չունեցանք այն։ Ստացվում է, որ այսօր տեղ չկա, որ քաղաքացին գնա մարզվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արդյոք նախկինում զենք ձեռքբերած անձինք եւս նոր քննություն են հանձնելու։ Այս դեպքում օրենքում թերացում կա։ Գաբրիելյանն ասաց, որ այդ ուղղությամբ գործ ունեն անելու․ «Հույս ունենք, որ նախկինում տրված թույլտվությունները կվերանայվեն։ Թույլտվությունները ժամկետով են, հուսով ենք, որ ժամկետն ավարտվելուց հետո միջանկյալ ինչ-որ միջոց կկարողանանք կիրառել»։

«Ազատազէն»-ի ներկայացուցիչն էլ զենքի օգտագործման թույլտվության վերաբերյալ զուգահեռներ տարավ մոբ ռեսուրսի հետ․ «Եթե մարդը առողջ է, ապա կարող է զինվոր լինել, այսինքն՝ չափելի շեմ մոբ ռեսուրսի համար չկա, ասենք՝ առողջ է, կարելի է մարդուն զենք վստահել քաղաքում։ Այս տարբերակն ընդունելի չէ։ Չափելի պետք է լինեն այդ անձի մյուս գիտելիքները։ Շատ կարեւոր է ռազմամարզական կազմակերպության մասին դրույթը, որը հանվեց»։

Քննարկման մեկ այլ մասնակից՝ քրեագետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանն էլ հավելեց՝ զենքի մասին օրենքը պետք է լիներ զենքի մասին․ «Իմ կարծիքով՝ զենքի մասին օրենքից բացի՝ պիտի լիներ զենքի շրջանառությանն առնչվող այլ փաստաթուղթ։ Նման բան ժամանակին կար։ Ցանկալի է, որ օրենքը լիներ հիմնավոր։ Բայց ասենք՝ օրենքում կան գլուխներ, որոնք իրավունք չունեն լինել այս օրենքում։ Օրինակ՝ հրաձգարանների մասին գլուխը պիտի լիներ զենքի մասին օրենքում։ Օրենքն ունի հայերեն սխալներ, նեղ մասնագիտական բազմաթիվ սխալներ»։

ՔՊ-ական պատգամավորը չհերքեց, թերացել են որոշ դրույթների մասով, բայց միջազգային փորձն են ուսումնասիրել, մասնագիտական քննարկումներ են եղել, օրինակ, հրաձգարանների եւ ռազմամարզական կազմակերպություններին առնչվող դրույթները սահմանելուց առաջ։

Պետրոսյանն էլ հակադարձեց․ «Օրենքում զենքն եւ հրազենը նույնացվում են, թեեւ դրանք լրիվ տարբեր բաներ են, որովհետեւ ռուսական օրենքը վերցրել են, թարգմանել են, նախկինում էլ են էդպես արել, նույն ռուսական օրենքի անգրագետ թարգմանությունն է։ Եթե այսպես մնա, վաղը դրանք մեծ խնդիրներ են առաջացնելու, համատարած շիլաշփոթ է լինելու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31