Բերձորի միջանցքի ապաշրջափակման պահանջով այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ։
«Մենք այստեղ ենք Արցախի ապաշրջափակման համար, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Ինչպես Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է հայտարարվել, Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքը վաստակել եւ իրացրել է շատ վաղուց։ Շատ է խոսվում, որ Արցախն իբր ադրբեջանական է։ Պատմություն չիմացողների համար եւ պատմական արդարությունն ուրացողներին պիտի ասենք, որ Արցախի բռնակցումը խորհրդային Ադրբեջանին քաղաքական գործընթաց էր, որը տեղի ունեցավ 1921 թվականին։ Արդյունքում՝ Մեծ Հայքի պատմական նահանգներից Արցախն անջատվեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանից եւ բռնակցվեց Ադրբեջանին։ Այդ ժամանակահատվածում Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 90 տոկոսը հայեր էին»,- հայտարարեցին մասնակիցները։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն իր ելույթում նշեց, որ ՄԱԿ-ը պետք է իր գործառույթները կատարի։ «Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված, բայց ամբողջովին լեգիտիմ կայացած է։ Եվ որեւէ մեկը չի կարող իր քմահաճույքով չեղյալ հայտարարել ժողովրդի արտահայտած կամքը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չլինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, իրավունքներ ունի՝ որպես միջազգային իրավական սուբյեկտ եւ ընդհանրապես մի այնպիսի տարածք, որի վրա պետք է նույնչափ պաշտպանվեն մարդու իրավունքները, ինչպես որեւէ ճանաչված երկրում։ Ասում են՝ բա ի՞նչ անենք, արդեն իսկ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ի՞նչ անենք, հայտարարություններով իրավունքը մերժվո՞ւմ է։ Դրանով ՄԱԿ-ը քողարկում է իր անգործությունը։ ՄԱԿ-ն իր առավելությունները հանձնել է ոմն Շառլ Միշելի, որի հայտարարությունները հակասում են Եվրապառլամենտի քաղաքականությանը, որը հայտարարվել է տարիներ շարունակ։ Եվրախորհրդարանը երբեւիցե չի հայտարարել, որ Ստեփանակերտը կարող է հումանիտար օգնություն ստանալ Աղդամով։ Քանի՞ եղբայր եք էդ խելքով։
Կարդացեք նաև
Հստակեցնենք՝ Արցախի Հանրապետությունն ունի իրավական սուբյեկտություն։ Եվ որպես այդպիսին՝ պահանջում ենք ՄԱԿ-ի կողմից նշանակել առնվազն երկու հատուկ զեկուցողներ։ Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ը շուտափույթ հայտարարի այնպիսի մի հատուկ զեկուցողի պաշտոնի ստեղծումը, ինչպես շատ արագ արվել է անցած տարվա հոկտեմբերին՝ Ռուսաստանում Մարդու իրավունքների ուսումնասիրության համար։
Երկրորդ, ՄԱԿ-ն ունի հատուկ զեկուցող ցեղասպանության կանխարգելման մասին։ Այդ ո՞վ է ասել, որ սա ցեղասպանություն չէ։ Այն, ինչ մենք ասում ենք շրջափակում, միտումնավոր ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք անհնարին են դարձնում այդ մարդկային խմբի՝ այդտեղ ապրելը։ Դա ցեղասպանություն է, Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի երրորդ հոդվածում հստակ ասվում է, որ պատժելի է ոչ միայն զուտ ցեղասպանությունը, այլ ցեղասպանության փորձը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ բոլորն ընդմիշտ պետք է իմանան, որ Արցախի Հանրապետությունը երբեւիցե չի եղել եւ չի լինելու անօրինական միավոր Ադրբեջանի կազմում։ «Ո՞ւր է ՄԱԿ-ի արձագանքը թուրք-ադրբեջանական հանցավոր ցեղասպանական ագրեսիայի մասին։ 2020 թվականի սեպտեմբերին դա ուղղակի հարձակում չէր, դա ցեղասպանական ագրեսիա էր։ Ո՞ւր են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները։ Մենք պահանջում ենք, գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ։ Այսօր մենք այստեղ ենք, որովհետեւ ՄԱԿ-ը պարտավոր է պաշտպանել արցախահայությանը եւ Արցախի Հանրապետության՝ լեգիտիմ կայացած ինքնորոշման իրավունքի իրացումը։ ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերում ինքնորոշման իրավունքը առաջին հոդվածում է, միայն դրանից հետո են գալիս մնացած իրավունքները։ Իրականացրեք ձեր պարտականությունները, մենք իրականացնելու ենք մեր իրավունքները»,- հավելեց Ալավերդյանը։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն իր ելույթում նշեց․ «ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը պարբերաբար ինձ անձամբ հիշեցնում է, որ իրենք քաղաքական հարցերով չեն զբաղվում։ Հարց եմ տալիս՝ միթե տոտալ շրջափակման մեջ երկու մանկահասակ երեխաների մահը քաղաքականության հետեւանք չէ։ Ինչո՞ւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը մինչ օրս չի բարձրաձայնել, որ այսօր տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի հանդեպ ընթացքի մեջ է ցեղասպանությունը։ Այսօր Արցախը գտնվում է հյուծման միջոցով ցեղասպանության մեջ։ ՄԱԿ-ը չպետք է մոռանա, որ ինքը Ազգերի լիգայի իրավահաջորդ է, որը չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս։ ՄԱԿ-ը պետք է տիրություն անի իր բազում կոնվենցիաներին, որոնցով Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո եւ դե յուրե կայացած հանրապետություն է։ ՄԱԿ-ը պետք է տիրություն անի իր այն կոնվենցիաներին, որոնց համաձայն՝ այսօր Արցախում ընթացքի մեջ է հայության ցեղասպանության շարունակությունը»,- ասաց Մարիամ Ավագյանը։
Ցույցի մասնակիցներն իրեն պահանջը ներկայացրեցին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ