Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպումներից հետո Փաշինյանը մեկ հայտարարություն է ստորագրել, այն էլ՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին»

Հուլիս 17,2023 13:45

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում նախորդ շաբաթվա իրադարձությունների ավանդական ամփոփման ժամանակ ասաց. «Մինչեւ պատերազմի սկիզբը կային եռակողմ ձեւաչափի պետություններ՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան: Հիմա տեսնենք՝ այդ երեք պետությունների դրսեւորած վարքագիծը եւ հայտարարությունները պատերազմից հետո: ԱՄՆ-ը փորձում է միջավայր ստեղծել: Ասում է՝ եթե տեսակետ ունեք, եկեք, ներկայացրեք: Ֆրանսիայի նախագահն ասում է՝ մենակ է մնացել Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումներում: Նա հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պաշտոնապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը սկզբունքային է, բայց ինքը միայնակ է մնացել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ունի այլ՝ պրոադրբեջանական դիրքորոշում: Ռուսաստանի ԱԳՆ-ն Բրյուսելի հանդիպման օրը հայտարարություն է տարածում եւ ասում, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում: Այսինքն, համանախագահող երկրները, ըստ էության փաստի առաջ են կանգնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումների հետեւանքով: Սա արդեն պարզ իրականություն է: Հիմա՝ հուլիսի 15-ի բրյուսելյան հանդիպման մասին:

Նախ, զարմանալի է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի շուտ, քան նախապես պլանավորվում էր: Մինչեւ այդ, ընդհանուր խոսում էին հուլիսի վերջի մասին: Հանդիպման օր էր ֆիքսվել, հայտարարվել էր հուլիսի 21-ը: Մեկ էլ հանկարծ շատ արագ որոշում են կայացնում, որ հանդիպումը պետք է լինի հուլիսի 15-ին: Ընդ որում, հանդիպումը կրում է աշխատանքային, ոչ պաշտոնական բնույթ: Հանդիպումը եղել է պլանավորվածից շուտ ու դրան նախորդել է Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը, որի մասին արձանագրեցին, թե դա սահմանային հարցերով արդեն չորրորդ հանդիպումն է: Բայց դեռ ոչ մի արձանագրություն, չկա Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կազմի մասին: Անգամ լուսանկար չկա հրապարակված, որ տեսնենք, թե ովքեր են անդամները: Ես ինքս հարցում կանեմ, բայց լրատվամիջոցներին էլ եմ առաջարկում՝ գրավոր հարցում ուղարկեն կառավարություն, որպեսզի անուններով ասեն, թե կոնկրետ այս հանդիպմանը հանձնաժողովի 12 անդամներից ովքեր են մասնակցել: Սա շատ կարեւոր է իմանալ, թե Ալիեւ-Միշել-Փաշինյան հանդիպումից առաջ սահմանային հարցերով հանձնաժողովը ինչ հարցեր է քննարկում եւ ինչ պարբերականությամբ են դրանք հանդիպում:

Իսկ բրյուսելյան հանդիպման օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային իրավիճակը, ըստ էության խաթարվել է, դուրս է եկել հունից եւ Արցախում այդ վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում՝ հղում անելով 2022 թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությանը եւ Ալմա-Աթայի, այսպես կոչված հռչակագրին, որը մինչ այդ բանակցային ողջ գործընթացում երբեւէ քննարկման առարկա չի դարձել»:

Էդգար Ղազարյանը «բացառիկ ցինիզմ» գնահատեց այն, որ այս հանդիպման համար վարչապետի որոշմամբ պաշտոնական պատվիրակության կազմում հերթական անգամ ընդգրկված է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը սակայն ոչ մի միջոցառման չի մասնակցել:

Բանախոսը նաեւ հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահի հետ եռակողմ հանդիպումներից հետո որպես կանոն հայտարարություններ են ստորագրվում, իսկ Շարլ Միշելի հետ հանդիպումներից հետո հայտարարություն չի ստորագրվում: «Միակը, որ ստորագրվել է, հոկտեմբերի 6-ի՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունն է եղել»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31