ՎԻՎԱ (Врачи и волонтеры для Армении) հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կբացվի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի՝ MRT-ի բաժին: Այս մասին այսօր «Sputnik Արմենիայի» մամուլի կենտրոնում տեղեկացրեց ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իր տեսակի մեջ սա առաջին սարքավորումն է, որ տեղադրվելու է կենտրոնական հոսպիտալում, մինչ այդ իրենց կողմից իրականացվել է մասնագետների վերապատրաստման գործընթացը: Տատյանա Հովհաննիսյանի գնահատմամբ, սա չափազանց թանկարժեք սարքավորում է՝ մոտ 300 միլիոն ռուբլի:
Նա նաև տեղեկացրեց, որ հիմնադրամի նախորդ տարվա ֆինանսական շրջանառությունը կազմել է մոտ մեկ միլիոն դոլար, որը ևս ուղղվել է Հայաստանի բարեգործական ծրագրերին:
«Բարեգործությունը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, հաճախ մարդիկ ասում են, որ գումարներ չունեն այս կամ այն ծրագրին միանալու համար, բայց շատ հաճախ մտավոր կամ ֆիզիկական օգնությունը շատ ավելի կարևոր է: Օրինակ, անցած տարվա սեպտեմբերյան դեպքերից հետ, մենք մարդասիրական օգնություն էինք ուղարկել Հայաստան և այստեղ Ռուսաստանից տեղափոխված շուրջ 150 կամավորական օգնում էր այդ բեռների տեղափոխման և բաշխման հարցում: Ես չեմ խոսում արդեն մեր հիմնադրամի շուրջ համախմբված մտավոր կարողությունների մասին, մենք բազմաթիվ համաժողովներ են կազմակերպել, մեր գիտության մշակները տարատեսակ խորհրդատվություններ են կազմակերպել : Ես 2 համաժողովների մասին կուզենայի խոսել, որոնցից մեկն անցկացրել են մեր ֆրանսիացի գործընկերների, մյուսը՝ Նիդեռլանդների գործընկերների և Հայաստանի բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ համատեղ՝ քննարկելով առողջապահության ոլորտում առկա խնդիրները: Ուրախալին այն է, որ այս տարի արդեն մենք ակտիվ գործունեություն ենք կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության առողջապահական հարցերի ստորաբաժանման հետ»,- ասաց Տատյանա Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
«301.Իմաստության Երկիր» և ՎԻՎԱ (Врачи и волонтеры для Армении) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Սկոլկովո ՄԿԴ-ի պատվավոր պրոֆեսոր Գոռ Նահապետյանը տեղեկացրեց, որ 301-ը ոչ միայն Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու տարին է, նաև Հայկը Բելին հաղթելուց հետո 300 ընտանիք վերցրեց իր հետ, բայց մեկ ուրիշ տարբերակ էլ կա՝ 3-ը սուրբ թիվ է, իսկ 01-ը թվայնացման թիվ ու «մենք այս խորհրդանշական թվերով ցանկանում ենք Հայաստանը դարձնել թվային երկիր, որտեղ մարդիկ կգան նոր իմաստներ ստանալու համար»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ