ՌԴ Պենզա քաղաքում «Գիտություն և լուսավորություն» գիտական համագործակցության միջազգային կենտրոնի կազմակերպած «Լավագույն հետազոտական աշխատանք 2023» մրցույթում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանող Վովա Արզումանյանի ներկայացրած «Շուշիի հայկական թատրոնի անցյալն ու ներկան» (գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան) և «Էկրանավորումը՝ պոեզիայի ընդարձակման առանձնահատկություն» (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Դավիթ Մուրադյան) վերնագրերով ռուսալեզու գիտական հոդվածներն արժանացել են առաջին կարգի մրցանակների։
Վովա Արզումանյանը «Շուշիի հայկական թատրոնի անցյալն ու ներկան» վերնագրով հոդվածում անդրադարձել է Շուշիի թատրոնի ստեղծմանը, ստեղծագործական գործունեությանը, խաղացանկին, ինչպես նաև մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը և պատերազմական օրերի գործունեությանն ու թատրոնի՝ շրջիկ կարգավիճակում հայտնվելուն։
Իսկ «Էկրանավորումը՝ պոեզիայի ընդարձակման առանձնահատկություն» վերնագրով հոդվածում Վովա Արզումանյանն անդրադարձել է 5-րդ ալիքի «Մեզնից մեկը» և «Բառերէն» ֆիլմ-նախագծերին, ընդգծել էկրանավորման տեսակներն ու նրբությունները որպես պոեզիայի ընդարձակման առանձնահատկություն։ Հոդվածագիրն էկրանային իրականության մեջ պոեզիայի դրսևորումները ներկայացնելիս հաշվի է առել Հայաստանի կինոլորտի և հեռուստաոլորտի հնարավորություններն ու առկա օրինակները։
Բացի այդ, վերջերս կայացած ՌԴ մշակույթի նախարարության կողմից վերահսկվող արվեստների միջազգային փառատոնի «Գրական ստեղծագործություն» անվանակարգում Վ․ Արզումանյանի «Պապիս լռությունը» և «Կիսապտույտ» ռուսալեզու պատմվածքներն արժանացել են առաջին կարգի դիպլոմի։ Պարգևատրվել է նաև պատմվածքների խմբագիրը՝ ԵԹԿՊԻ-ի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը։
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ