Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիստն ապօրինի է, խորհրդի նախագահի ընտրությունն՝ անօրինական: Ինչ է կատարվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդում». բաց նամակ

Հուլիս 17,2023 11:32

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին,
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին,
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին

կամ

ինչ է կատարվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խորհուրդը ձևավորվել է 2018թ. հունիսի 27-ին ՀՀ վարչապետի 840-Ա որոշմամբ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հունիսի 2-ին տարածել է հաղորդագրություն, ըստ որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Գևորգյանը ապրիլի 25-ին դիմել է ՀՀ վարչապետին՝ իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:

Մայիսի 29-ին խորհրդի 20 անդամներից 10-ի նախաձեռնությամբ հունիսի 2-ին հրավիրվել է նիստ, որի ժամանակ էլ դադարեցրել են Գ. Գևորգյանի լիազորությունները և ընտրել են Ա. Խոջոյանին:

Ինչ է կատարվել իրականում

10 հոգանոց խումբը (5 դասախոս, 5 ուսանող) արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությունը հիմնավորել են մատնանշելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը.

  • ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդում Գ. Գևորգյանին այլ անձով փոխարինելու գործընթաց է սկսվել և առաջարկել է Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնել և անցկացնել հոգաբարձուների խորհրդի նիստ և քննարկել օրակարգային հրատապ և անհետաձգելի հարցերը և կատարել հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի ընտրությունը:

Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը իհարկե հնարավորություն տալիս է խորհրդի անդամների մեկ երրորդին նիստ հրավիրել: Նախաձեռնող խումբը զուտ պետք է 26-րդ հոդվածը ընթերցեր մինչև վերջ: Ըստ 26-րդ հոդվածի նիստ կարող է հրավիրվել խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում:

Ավելի պարզ ասած, խորհրդի նիստ կարող էր գումարվել միայն խորհրդի նախագահի կողմից: Հունիսի 2-ի նիստի անցկացման համար խորհրդի նախագահին մեկ երրորդի կողմից նիստի անցկացման պահանջ չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության «այլ անձով փոխարինելու գործընթաց է սկսվել» արտահայտությանը, պետք է նախարարության մեր գործընկերներին տեղեկացնեմ ոչ մի օրենսդրական փաստաթղթում իրավական նման եզրույթ գոյություն չունի և այդ հարցը հստակ կարգավորված է ՀՀ կառավարության 2005թ. թիվ 975-Ն որոշմամբ, ըստ որի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են ՀՀ վարչապետի որոշմամբ: Իսկ ՀՀ վարչապետի որոշմամբ Գ. Գևորգյանը մինչև խորհրդի լիազորությունների ավարտը` հունիսի 27-ը համարվել է խորհրդի անդամ:

Խորհրդի նախագահ Գ. Գևորգյանը նախագահի իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով խորհրդին չի դիմել, և այդ հարցով որպես նախագահ նիստ չի հրավիրել:

Խորհրդի աբսուրդային գործունեությունը ունեցել է շարունակություն:

«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի և համալսարանի կանոնադրության համաձայն խորհուրդը ձևավորվում է 5 տարի ժամկետով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 27-ին: Հունիսի 29-ին խորհրդի արդեն «ընտրված» նախագահ Ա. Խոջոյանը հունիսի 30-ին հրավիրել է նիստ օրակարգում ընդգրկելով մեկ հարց՝ ՀԱԱՀ կողմից հրապարակվող 2022թ. ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացության հաստատում: Հոգաբարձուների գոյություն չունեցող խորհուրդը հաստատել է համալսարանի 2022 թ. ֆինանսական հաշվետվությունը և անկախ աուդիտորական եզրակացությունը: Ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը պարտավոր է մինչև տվյալ տարվա հուլիս 1-ը հրապարակել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հաշվետվությունն ու եզրակացությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը, արձանագրում եմ, որ

  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի հունիսի 2-ի նիստն ապօրինի է, հետևաբար այդ նիստում ընդունված բոլոր որոշումները, այդ թվում խորհրդի նախագահի ընտրությունը անօրինական են:
  • Խորհրդի հունիսի 30-ի նիստն ինքնիրավչության արդյունք է: Ընդ որում` նիստին մասնակցել և կողմ են քվեարկել լիազոր մարմնի ներկայացուցիչներ` փոխնախարարը և վարչության պետը:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնդրում և պահանջում եմ տալ իրավական գնահատական վերոնշյալ անօրինականություններին:

Սիմոն ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Գիտական թեմաների աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31