ԱՏՁՄ տնօրեն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանի ֆեյսբուքյան գրառումը
Անհրաժեշտ է համահայկական համախմբում ի պաշտպանություն Արցախի։
Մենք գտնվում ենք ժամանակակից պատմության ամենաճակատագրական փուլում, որտեղ ուժերի համախմբում և գերլարում է պետք։
Արցախի պաշտպանության գործում հակակշիռ ստեղծելը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառյալ դիվանագիտական, սոցիալական, անվտանգության, ռազմական և տեխնոլոգիական ասպեկտները։
Կարդացեք նաև
Հայաստանը պետք է ակտիվորեն օգտագործի միջազգային հարթակները՝ Արցախում ստեղծված իրավիճակը պահելով ամենատաք թեման՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։ Դա ներառում է ինչպես ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպությունները, այնպես էլ երկկողմ ակտիվ բանակցություններն առանցքային պետությունների հետ: Անհրաժեշտ է գիպերակտիվ դիվանագիտություն՝ ներգրավելով ոչ միայն ողջ դիվանագիտական կորպուսի, այլև ամբողջ հայկական ներուժը։
Հայաստանում և սփյուռքում կարևոր է պահպանել սոցիալական միասնություն ու համերաշխություն, հատկապես Արցախի հարցում։ Դա կարող է ներառել հանրային արշավներ, կրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ և այլ նախաձեռնություններ՝ ուղղված ազգային ինքնության ամրապնդմանը և Արցախին աջակցելուն։
Հայաստանը պետք է շարունակի ուժեղացնել իր պաշտպանական և հարձակողական կարողությունները, այդ թվում՝ նախապատրաստելով բնակչությանը ինքնապաշտպանության, ստեղծելով ամուր ռեզերվային և տարածքային պաշտպանության համակարգ։ Դա ներառում է ռազմական պատրաստության ուժեղացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, ռազմական ենթակառուցվածքների բարելավումը, մասսայական պատրաստությունների անցկացումը:
Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիան առանցքային դեր է խաղում անվտանգության ապահովման և երկրի պաշտպանության գործում: Հայաստանը և հայկական աշխարհը պետք է ուղիղ ներդրումներ կատարի իր տեխնոլոգիական կարողությունները զարգացնելու ուղղությամբ, ներառյալ կիբեռ պաշտպանությունը, հետախուզությունը և ինֆորմացիոն հարթակների ուժեղացումը։ Սա ներառում է մասնագետների մասսայական մոբիլիզացիա և վերապատրաստումների անցկացում։ Օրախնդիր է կիբերանվտանգության մասնագիտացված մարմինների ստեղծումը։
Այս գործողությունների իրականացումը պետք է լինի յուրաքանչյուր հայկական կազմակերպության, հայի օրակարգում։