Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում հուլիսի 15-ին տեղի ունեցավ EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ նախատեսված էր, որ հայ մարզիկ Կամո Ունանյանը պետք է մենամարտեր բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ։ Թեպետ, Կամոն շատ էր սպասում Ռոնդինելլիի հետ մենամարտին, սակայն, մարտից մեկ օր առաջ բրազիլացի մարզիկը անհայտ պատճառներով հրաժարվեց մենամարտել Կամո Ունանյանի հետ։ Վերջին պահին կազմակերպիչները Ունանյանի համար գտան նոր հակառակորդ։
Այսպիսով, EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարում Կամո Ունանյանը մրցեց Ղրղզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի հետ։ Մենամարտը տևեց ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի ենթարկեց Էմիրլանովին:
«Քանի որ հակառակորդը երիտասարդ էր, հենց սկզբից հասկացա, որ հոգեպես պատրաստ չէ մարտին և հենց առաջին րոպեներից սկսեցի ակտիվ լինել։ Պատկերացրեք, ընդամենը 40 վայրկյան պահանջվեց, որպեսզի նոկաուտի ենթարկեմ նրան»,- մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը՝ շեշտելով, որ այս մարտից որևէ վնասվածք չունի։
Ի դեպ, հենց մարտից հետո՝ Կամոն հայտարարեց, որ իր այս հաղթանակը նվիրում է արդեն 200 օրից ավելի Արցախում Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ MMA մարձաձևում սա Կամո Ունանյանի 3-րդ հաղթանակն է։ Նա MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 3 հաղթանակ ու ոչ մի պարտություն։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ և առաջին ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ։ Իսկ ապրիլի 30-ին մենամարտեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ և ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի Ունանյանը նոկաուտի ենթարկի մրցակցին։
Կամո Ունանյանի հաջորդ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ Երևանում, «Mix fight» միջազգային մրցաշարում։
Հայաստանի կարատեի միություն