Անցանկալի մազերից ազատվելու միջոցներն այսօր բազմաթիվ են՝ սովորական ածելուց մինչև նորագույն տեխնոլոգիաներ, և յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հարմար տարբերակը՝ հաշվի առնելով մազահեռացման մեթոդի արդյունավետությունը, մատչելիությունը, անվտանգությունը և այլն։
Որքան էլ մազահեռացման նորանոր մեթոդները բազմազան են, շաքարով մազահեռացումը՝ շուգարինգը, որը կիրառվել է դեռ Հին Եգիպտոսում, շարունակում է անցանկալի մազերի խնդիրը լուծող հարմար միջոց լինել։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ մազահեռացման այս եղանակն ամբողջությամբ բնական է, մատչելի ու անվտանգ, և որ պակաս կարևոր չէ՝ բավականին արդյունավետ է։
Ինչ է պետք իմանալ շաքարով մազահեռացման մասին, մինչ այդ մեթոդը փորձելը։
Շուգարինգն իրականացվում է շաքարով, կիտրոնի հյութով և ջրով պատրաստվող մածուկով, որը քսվում է մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և հեռացվում կտորով՝ մազերի աճին հակառակ ուղղությամբ, ինչի շնորհիվ այն պակաս ցավոտ է, քան մոմանյութով մազահեռացումը։
Շուգարինգի դեպքում մազերը հեռացվում են մազարմատներով, ուստի ավելի ուշ են աճում, քան ածելիով սափրելու դեպքում։
Շուգարինգի օգտագործումը խորհուրդ չի տրվում, եթե մաշկին կան քերծվածքներ, գրգռվածություն կամ արևայրուք։
Ինչպե՞ս է կատարվում շուգարինգը
Շաքարը, կիտրոնի հյութն ու ջուրը եռացնում են մինչև միասեռ կպչուն մածուկ դառնալը, ապա արդեն գոլ զանգվածը փայտիկի օգնությամբ քսում են չոր ու մաքուր մաշկին, այնուհետև կտորի օգնությամբ քաշում մածուկը՝ մազերի հակառակ ուղղությամբ՝ այդպիսով հեռացնելով մազերն ու շերտազատելով մաշկը։ Արդյունքը սովորաբար պահպանվում է 2-4 շաբաթ։
Շուգարինգն անվնաս է մարմնի ցանկացած հատվածում կիրառելու դեպքում։
Ո՞րն է շուգարինգի և մոմանյութով մազահեռացման տարբերությունը
Թեև մազահեռացման այդ եղանակները հիմնականում նման են, դրանք նաև մի քանի առանցքային տարբերություններ ունեն՝
- Շուգարինգը պակաս ցավոտ է, քան մոմանյութով մազահեռացումը, ինչպես նաև ավելի քիչ տրավմատիկ է մաշկի համար։
- Շուգարինգը, ի տարբերություն մոմանյութի, կարող է ավելի կարճ մազերը հեռացնել։
- Մազահեռացման նմանատիպ մեթոդներին բնորոշ կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են մաշկի չորությունը, կարմրությունն ու գրգռվածությունը, շուգարինգի դեպքում ավելի քիչ են։
- Շուգարինգը մաշկն այնքան չի ձգում, որքան մոմանյութով մազահեռացումը, և քանի որ քսվում է մաշկին գոլ վիճակում՝ այրվածքներ չի առաջացնում, ինչի հավանականությունը կա մոմանյութով մազահեռացման դեպքում։
- Շուգարինգը խոնավացնում ու շերտազատում է մաշկը։
- Ի տարբերություն մոմանյութի, այն հեշտությամբ մաքրվում է մաշկից։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ