Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի, եթե Ադրբեջանը չի բացում միջանցքը, դա պետք է անեն արցախցիները»

Հուլիս 17,2023 12:30

«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ, Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ արցախցիները թույլ չեն տալու, որպեսզի Արցախի իշխանությունները Արցախում ձեւավորված շարժումը տապալեն ու տանեն փակուղի։

– Պարոն Ավանեսյան, Արցախի ապաշրջափակման կոչով Արցախում այս օրերին բողոքի ակցիաներ է իրականացնում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը»։ Զուգահեռ, Արցախի իշխանությունները հուլիսի 14-ին հանրահավաք հրավիրեցին։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում, Արցախում համաժողովրդական շարժո՞ւմ է սկսում։

– Ես իշխանությունների հրավիրած հանարահավաքը գնահատում եմ նորմալ, դա նաեւ մեր աշխատանքի արդյունքն էր։ Մեր գործունեության հիմքում ի սկզբանե դրել ենք սկզբունքը, որ ամեն մեկն իր գործը պետք է անի։ Եվ իշխանությունների այս հավաքը մեր ակցիաների բնական շարունակությունն է, մենք խանդով չենք վերաբերվում դրան, հակառակը, մենք էլ ենք մասնակցել։ Մեր պահանջները մնում են նույնը, եթե իշխանությունները փորձեն հիմնական ճանապարհից շեղվել, մենք ահազանգելու ենք։ Մեր խնդիրներից մեկը այն է, որ ժողովուրդը հասկանա՝ եթե բոլորն արթնանան ու ոտքի կանգնեն, արդյունք կլինի։ Առաջին հերթին մեր կառավարությունն է արթնացել, այն, ինչի մասին մենք բարձրաձայնում էինք 1,5 ամիս առաջ։ Բայց լավ է ուշ, քան երբեք։ Փաստորեն իշխանություններն էլ են հայտարարել շարժում, մենք դրա մեջ որեւէ արտառոց բան չենք տեսնում, պատրաստ ենք համատեղ գործ անել, որովհետեւ խնդիրը բոլորինն է։ Երբ շարժումն սկսել ենք, մենք հայտարարել ենք, որ սա ապաքաղաքական է։ Բնական է, շարժումը քաղաքական է, բայց արտաքին քաղաքականությանն է վերաբերում դա։ Իշխանությունների հետ քննարկումներ եղել են, շատ հարցեր ընդունում են, մենք ուրախ ենք, որ շարժումը լայն թափ է ստանալու։ Եվ հույս ունենք, որ իշխանությունները շարժումը չեն տանելու տապալման ճանապարհով, մենք դա թույլ չենք տալու։ Երբ մենք վտանգ տեսնենք, որ իշխանությունները շարժումը տանում են փակուղի, մենք եւ հրապարակային ենք ահազանգելու, եւ անմիջապես իրենց հետ ենք հանդիպելու։

– Եթե շարժումը լայն թափ ստանա, որո՞նք են լինելու հետագա քայլերը, ի՞նչ հնարավորություններ կստեղծվեն։

– Երբ հանրությունը ոտքի է կանգնում, ամեն ինչ էլ հնարավոր է անել։ Դա նաեւ ամբողջ աշխարհի համար է տեսանելի դառնում։ Կարեւորն այն է, որ Արցախյան խնդիրը բերենք իրավական դաշտ։ Մեր հիմնական նպատակը դա է։ Եվ պատահական չէ, որ այսօրվա կոչերի եւ ելույթների շարքում հստակ է այն, որ արցախցիների փոխարեն որեւէ մեկը իրավունք չունի Արցախի ճակատագիրը որոշել։ Դա է ամենակարեւորը։ Տունտունիկ են խաղում՝ մջանցքը բաց է, բաց չէ։ Մենք փաստորեն հիմնական նպատակ ենք դրել, որ միջանցքն իրոք պետք է բացենք, անցակետն այնտեղից պետք է հեռացվի։ Եվ դա միայն կարելի է անել մեծ քանակի ժողովրդով։ Հիմքում դրված է հետեւյալը՝ ցանկացած դատարանի որոշում անհրաժեշտ է կատարել։ Հիմա ում վրա դրված է դա կատարելու խնդիրը, եթե չի կատարում, ցանկացած անձ կարող է կատարել, եւ դա կլինի օրինական։ Օրինակ բերենք նույն Սողոմոն Թեհլերյանի պատմությունը, ինչի՞ համար են նրան արդարացրել, որովհետեւ Թալեաթի նկատմամբ մահապատիժ էր սահմանված, եւ ինքը դա իրականացրել է։ ԱՄՆ-ում եղել են հատուկ մարդիկ, որոնք փախուստի դիմած հանցագործներին բռնում էին։ Ցանկացած դատարանի վճիռ պետք է իրականացվի։

– Այսինքն՝ եթե հասարակությունը հավաքվի, գնա Բերձորի միջանցք՝ իրագործելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այն է՝ ստիպելու բացել միջանցքը, դա օրինական ու իրավական ճանապա՞րհ է։ Դա՞ նկատի ունեք։

– Այո։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է այդ հարցը վերցնի իր վերահսկողության տակ ու իրագործի միջանցքի բացումը, բայց չի անում։ Մենք ենք անում եւ իրենց կողմից սպասում ենք աջակցություն։ Հիմնական միտքը դա է, որ գնում ենք մենք մեզանով այդ անցակետը վերացնում ենք, ճանապարհը բացում ենք։ Հինգ կիլոմետր լայնությամբ միջանցքը պետք է աշխատի այնպես, ինչպես ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։

– Արցախցիների մոտ ի՞նչ տրամադրություններ են, մարդիկ անտարբե՞ր են, թե՞ պատրաստ են միասնական ոտքի կանգնել։

– Վերջին 10 օրերի ընթացքում մարդիկ ահագին ակտիվացել են, որովհետեւ տեսնում են՝ իրատեսական է այն, ինչ իրականացվում է։ Գուցե մեկն սպասում էր, որ իր փոխարեն իր գործն ուրիշը պետք է աներ, բայց հիմա հասկացել են, որ դա բոլորի գործն է, բոլորով միասին պետք է անենք։ Եվ պատահական չէ, որ այսօր այսքան մարդ է հավաքվել։ Երբ գաղափարը կա, եւ իշխանությունների հետ համատեղ այդ գործողություններն արվում են, դա հասնելու է պիկին։ Մարդիկ հասկացել են, որ իրենց փոխարեն իրենց գործը ոչ ոք չի անելու։ Ռուս խաղաղապահների վրա էլ այլեւս հույս չեն դնում։ Մեր շտաբի նախաձեռնած վերջին ակցիան արդեն բավական մարդաշատ էր, եւ պատահական չէ, որ իշխանություններն էլ արձագանքեցին, դա բնական շարունակությունն է։ Շարժումը պետք է մեծանա եւ հասնի իր նպատակին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31