Ասում է զինհաշմանդամ Գարիկ Միքայելյանը
Գարիկ Միքայելյանը զինակոչվելուց առաջ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, հաշմանդամություն ստանալուց հետո` ԵՊՃՀ մագիստրատուրան: Զույգ ձեռքերը հայրենիքի սահմաններում թողած պատանին իր արդարության փնտրտուքն ու խաղաղությունը գտավ արվեստի մեջ, երբեք չկորցնելով կյանքի հանդեպ սերը, օրինակ դարձավ շատերի համար, ունենալով զանազան հաջողություններ այդ ասպարեզում՝ վաստակելով ժողվարպետի կոչում:
Գարիկ Միքայելյանն այսօր նաեւ «Զինվորի տան» լողի թիմում է, որը զինհաշմանդամների համար թե վերականգնողական, թե սպորտային ունակությունները զարգացնելու հնարավորություն է ընձեռել շուրջ քսան զինհաշմանդամություն ստացած անձանց համար:
Կորցնելով վերին վերջույթները, Գարիկը չէր մոռացել ու չէր հրաժարվել լողի՝ իր սիրելի զբաղմունքից: Այսօր այն լուրջ մարզումների է վերածվել: «Զինվորի տան» լողի թիմն ամիսներ առաջ մասնակցեց Դավիթ Համբարձումյանի անվան լողի հանրապետական մրցույթի բացմանը: Գարիկը մրցույթում իր հինգամսյա մարզումներից հետո արժանացավ արծաթե մեդալի, գրավելով երկրորդ, բայց վարկանիշային ցուցանիշով հավասար լինելով առաջին տեղ գրաված լողորդին:
Կարդացեք նաև
Գարիկի հետ զրույցը «եռաչափ» ֆորմատով սկսվեց, քանի որ կողքին էր նրա մշտարթուն արվեստաբան կինը՝ Արմինե Մելիք-Իսրայելյանը:
– Լողի ասպարեզում առաջի՞ն մրցույթդ էր, ի՞նչ զգացումներ ունեցար, արդյոք, նման էր առաջին ցուցահանդեսիդ ապրումներին:
– Հոգեբանորեն հաղթելու պահն ինձ մոտ չկար, եթե մրցակիցներս հայեր չլինեին, գուցե մտածեի այդ մասին, բայց կար սովորածս ցույց տալու, ինքս ինձ ստուգելու ցանկություն: Այնպես որ, այդ մրցումը լինելով առաջինը ու տեղի ունենալով նաեւ ծննդյանս օրը, ինձ համար շատ խորհրդանշական էր: Այդ ժամանակ նաեւ հասկացա, թե ինչքան կարեւոր է մինչ նման մրցումները լինել ավելի կտրված տարատեսակ խնդիրներից, որոնք կարող է շրջապատը եւ միտումնավոր, եւ ոչ միտումնավոր առաջացնել քեզ համար… Պետք է որոշ առումներով, որքան հնարավոր է՝ ձերբազատվել նման իրավիճակներից եւ կառավարել դրանք, եթե, այնուամենայնիվ, կան: Սա նաեւ ինձ համար նոր բան բացահայտելու նման մի վիճակ էր, իհարկե՝ կարեւոր էր… Առաջին ցուցահանդեսս առաջին մրցանակով է խորհրդանշվել, կյանքի ծառն էի նկարել, մրցույթ էր իրականում, որտեղ նույնպես ջանք պիտի դրվեր անելու մաքսիմալը ինձանից կախված, որը նույն կերպ էլ գնահատվեց…
– Գարիկ, մեր հանդիպման ժամանակ ասացիր. «Լողավազանում շատ մարդիկ կային, որոնք անկեղծ հիանում էին, որ կա իմ պես մարդ, իմ թռիչքներից ոգեւորվում էին ու իրենք էլ փորձում այն, ինչը մինչ այդ իրենց իսկ բառերով ասած՝ վախենում էին անել եւ գալիս կիսվում էին ինձ հետ, երեխաներ, որոնք գնդակ էին խաղում, հարցեր տալիս մյուս զինհաշմանդամների մասին, հետաքրքրվում մեզնով: Դրա մեջ լիքը դրական բան կար, որ կարելի է տեսնել ու հասկանալ, դրա մեջ իմ կարգավիճակում գտնվող մարդու մեծ ջանքը կա, որը հասարակությանը բարիացնում է»: Ունե՞ս նպատակներ լուրջ մարզվելու, շարունակելու, այդ ասպարեզում քո տեսակով ստիմուլ դառնալու:
-Հինգ լողաոճերով ազատ լողալն առանց վերին վերջույթների իմ կարծիքով պետք է սպորտի բնագավառի ուշադրության կենտրոնում լինի եւ իմ նման լողորդները պիտի ներկայանան պարալիմպիկ խաղերի, մրցույթների, եթե լինի պետական մոտեցում եւ աջակցություն: Աշխարհի տարբեր երկրներից կան նման լողորդներ, որոնք լավագույն արդյունքներ են ապահովում այդ բնագավառում: Հայաստանը դեռեւս մասնակից չի ունեցել: Շատ մեծ է ցանկությունը մասնակցել Ֆրանսիայում տեղի ունենալիք պարալիմպիկ խաղերին, նման առիթները նաեւ պետական մոտեցում պիտի ունենան իրենց թիկունքում, բայց… անհատ բարերարների ազատ կամքից է կախված, թե ինչպիսի աջակցություն եւ առաջընթաց կտրվի ամենատարբեր նման մտքերին ու գործերին, որոնց ես ինքս անձամբ դեռ չեմ դիմել: Բայց լավ է, որ այդ տեսակի մարդիկ կան, մնում է իրազեկված լինեն:
– Գարիկ, Արմինեի հարցն եմ քեզ ուղղում, քանզի որպես արվեստագետներ, այն վերաբերելի է երկուսիդ հավասարապես. «Պարտություն ապրած ժողովրդի կամ պետության համար ներելի՞ է թուլանալը, թե՞ իրավունք չունենք թուլանալու եւ ավելին պիտի անենք տարբեր բնագավառներում բաց թողածները շտկելու համար»:
– Պարտության մեջ հաղթանակ կարող ես տեսնել միայն այն ժամանակ, երբ սխալների մեծ ուղղում լինի, բոլոր առումներով, հոգեբանական, գործնական, կառավարչական, բոլոր- բոլոր… Երբ վաղուց բազմաթիվ անգամ մարդուն, հասարակությանը, կառույցին, գործընթացին, կայացմանը վնասած երեւույթները արմատախիլ կլինեն եւ կենսունակ նոր հող չեն գտնի, այլ տեղերում իրենց դրսեւորելու, որ նույն մարդը մի քանի անգամ չտուժի այդ արատավոր «օրենքներից» եւ ոչ միայն «օրենքներից»… Երբ անհատին կտեսնեն ու կգնահատեն, այլ ոչ թե կհաղթի ամենակուլ նախանձը, երբ պաշտոնական դիրքերը կլինեն մարդակենտրոն, երբ թիմ ասվածը կունենա իր ճիշտ հոգեբանությունը: Կարող եմ երկար թվարկել… Կյանքն ինքն ամենօրյա պայքար, հաղթանակ կամ պարտություն է մեծ ու փոքր մասշտաբով, նայած ինչն ես համարում պայքար, առաջնային հարց, նայած՝ որն ես համարում հաղթանակը… Մարդ կա մեկին վնասելով, իր նեղանձնային շահից, հոգեվիճակից ելնելով ուրախանում, «տոնում» է իր նման սեւ գործը գլուխ բերելու ճարպկությունը, դա համարում է հաղթանակ իր համար: Նման մարդը ինչո՞վ է տարբերվում պոտենցիալ հանցագործից, ոչնչով… Նմանների հաղթանակն իրենց համար պարտություն չհամարող մարդիկ էլ կան: Մեծահոգի ու բարձր անհատականությունների գոյությունն եմ համարում հաղթանակ այս կյանքում:
– Լողն ու նկարչությունը մեկը մյուսին որքանով է օգնում կամ խանգարում, ըստ Արմինեի, չէ՞ որ երկուսն էլ՝ «արվեստն ու սպորտը բավականին խանդոտ են»:
– Կտավի հետ էլ միշտ պայքարի մեջ եմ, մինչեւ ստանում եմ իմ ուզածը, շատ ջանք է պահանջում, իհարկե, մեծ էներգիա եւ սեր երեւի, որովհետեւ, եթե չսիրես այդչափ՝ չես պայքարի: Մտովի հազար անգամ նկարում եմ այն կտավը, որը պիտի նկարեմ: Նկարիչների մոտ «փակված ձեռք» հասկացողություն կա, երբ երկար չեն նկարում, դա չեն զգում մտովի նկարելու շնորհիվ… Սա հոբի չէ, սա պետք է լիներ իմ կյանքում, որովհետեւ նկարել սկսել եմ զինհաշմանդամ դառնալուց հետո եւ առաջին նկարս կոչվել է «Ճանապարհ դեպի լույս», ենթագիտակցորեն փնտրված այդ ճանապարհն էր: Այդ նկարն ինձ համար Իկոնա է… Ունեցել եմ ցուցահանդեսներ, անհատական նաեւ, որտեղ էլ ժողվարպետի կոչում ստացա: Ցուցադրվել, ներկայանալ պետք է, բայց այդ նախապատրաստական պահերը չեմ սիրում, անհատականի ենք պատրաստվում, Արմինեն միշտ ասում է, բայց ես մի հերթական անավարտ կտավն եմ թողնում եւ իր պատկերագրքի միտքն ու ցուցահանդեսի կազմակերպումը ձգձգվում է, չնայած կարծում եմ, որ կլինի մոտ ժամանակներս…
– Սիրած նկարիչ ունե՞ս, արվեստագետն ինչպիսին պետք է լինի:
– Սիրում եմ նայող եւ տեսնող մարդկանց: Արվեստում, կյանքում, էմոցիաներով մարդն է հետաքրքիր ինձ համար… Վան Գոգն իմ սիրելի նկարիչն է, շատ կան, բայց Վան Գոգին առանձնահատուկ եմ վերաբերվում, նա ասում էր. «Արվեստագետը դա մարդ գումարած բնությունն է», ես դա զգում եմ իմ ամեն բջիջով, թեկուզ անգամ, եթե լողով եմ զբաղվում, որ սպորտ է, ջուրը, բնության մասնիկն է, էներգիա է, շարժիչ ուժ է… Իսկ ջուրը կյանք է, սիրում եմ այն ու շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում լողին, մարզումներին, շնորհակալ եմ իմ առաջին մարզիչ Համիկ (Գուրգեն) Հակոբյանին, ով հոգով, սրտով նվիրված է մեզ ու իր մասնագիտությանը, լինելով հերոսի հայր, ում որդին նույնպես լողի մասնագետ է եղել` ջրագնդորդ, ով ցավոք, զոհվեց այս պատերազմում: Վերջերս «Զինվորի տան» թիմով մասնակցեցինք նրա՝ ջրագնդորդ Հենրիկ Հակոբյանի ամենամյա դարձած հուշամրցաշարին…
Արվեստում, սպորտում եւ ամեն ինչում գտնում եմ, որ պիտի ազնիվ լինես եւ ոգեւորվելով, գնահատելով քեզանից առաջ եղած, քո ժամանակակից մեծերին, լավ արվեստագետներին, ստեղծես քոնը…
– Գարիկ, Դուք երկուսդ էլ ապրում ու ստեղծագործում եք այսպիսի մթնոլորտում, ուր ըստ Արմինեի, արժեքները գլխիվայր են շրջված, մարդիկ անտարբերության ափից այս կողմ կարծես ոչինչ չեն նկատում: Եվ նրա հարցն եմ ուզում քեզ տալ. «Ինչպե՞ս ես ելք գտնում պարտադրված իրավիճակներից, ճնշող իրականությունից դուրս գալու»:
– Պայքարող ազգ լինելով հանդերձ, ցավի սինդրոմը շատ բաներում է մեզ խանգարել եւ մենք հետ ենք ընկել աշխարհում մեր երազանքների երկիրն ու պետությունը ունենալու իրականությունից: Համաշխարհային մեծություններ ենք տվել, գյուտարարներ, գիտնականներ, բայց մեր հայրենիքը դեռ պատերազմի մեջ է: Սա մենք մեզ կներե՞նք, թե՞ չէ, կհասկանա՞նք, թե՞ չէ, չգիտեմ, բայց մի երազանք ունեմ, դուրս գանք այս քաոսային մթնոլորտից, որտեղ անվերջ կորուստները՝ մարդկային, տարածքային, ցավն ապրող մարդու համար այլեւս անտանելի են…
Ես իմ արդարության կռիվն ունեցել եմ, ցավի միջով գնացել եմ մինչեւ վերջ, ոչ մի տեղ կիսատ ու բաց չեմ թողել, բայց երբ հանձնվում էր այն տարածքը, որտեղ մնացին ձեռքերս, ես անմարդկային ցավ եմ ապրել: Կինս հայրենապաշտ մարդ է, ինքն իմ ցավը հասկացավ ու մենք միասին ենք տարել այդ ամենը, պատերազմի խրամատը կարծես մեր տան մոտով էին փորել եւ ես հակառակը չեմ կարողանում հասկանալ, որ եթե ինձնից հեռու է՝ իմը չէ, իմ հոգսը չէ… Ինչով կարողացել ենք օգնել, օգտակար լինել, եղել ենք, դա պարտքն է յուրաքանչյուր իսկական հայի…
Հաշմանդամների մոտ գոյություն ունի բացակա վերջույթը, մարմնի մասը զգալու ցավային իմպուլս, որը կոչվում է «ֆանտոմ ցավ», որը կարող է քնել, ժամանակ առ ժամանակ արթնանալ, մեր ազգի ճակատագիրը կրկնվում է այդ ֆանտոմ ցավի նման, մտածում եմ, որ այն հաղթահարելու ձեւը պիտի գտնենք անդադար, անընդհատ աշխատելով, երազանքը գործ դարձնելով, դրա համար պիտի շատ արատներից թոթափվենք, ձերբազատվենք, նախանձ, չկամություն, այսքան զոհ տված երկրում հայը հայի համար պիտի խելագարվի, պիտի սիրի, բայց հակառակն այնքան ենք տեսնում, որ մոռանում ենք մեր հզոր, մաքուր, բյուրեղյա տեսակի մասին, որը կա ու ինքը իրականում շատ է, ուղղակի լուռ է, չի ներկայացվում, հանրայնացվում…
– Հողի, հայրենիքի հանդեպ սերդ քո ներկայությամբ է նաեւ հաստատվում, քո ստեղծած այգով, որը բացառիկ է իր բնականությամբ ու յուրահատկությամբ: Հիմա նայում եմ այգուդ, նաեւ գիտեմ, որ ծառերի ու ծաղիկների մեծ մասը հենց քո տնկածն են եւ խնամում ես, անտեսելով ձեռքերի բացակայությունը:
– Եթե ամեն մեկս մեր մի կտոր հայրենիքը սիրենք ու պահենք, մեզնից այն ոչ ոք չի կարող խլել: Մեր պարտեզն այդպես ենք ստեղծել կնոջս հետ եւ մեր անուններով է կոչվում «ԳԱրմին ԳԱրդեն»: Այո, այն մի յուրահատուկ դենդրոպարկ է, մի քանի հարյուրի հասնող ծաղկատեսակներով, բուսականությամբ, որոնք եւ էնդեմիկ են, եւ նաեւ ուրիշ երկրներից են բերված: Բնությանը ձեռք չենք տվել, ես էլ, կինս էլ այն մտքին ենք, որ մենք պիտի հարմարվենք տեղանքին, ոչ թե տեղանքը հարմարեցնենք մեզ, թեքությունն էլ, քարն էլ իր հմայքն ունի, իրեն հատուկ աուրան ունի, այն պետք է ընդգծել եւ ներկայացնել: Վստահում եմ Արմինեի ճաշակին, արվեստաբանի, գրողի, լրագրողի, նաեւ նկարչական նուրբ զգացողությանը, որի շնորհիվ մեր բակի, պարտեզի ամենաանհավանական անկյուններն այնպես են կենդանանում ու ներկայանում, որ մինչ այդ չէի պատկերացնի ոչ միայն ես, ոչ ոք չէր պատկերացնի, որ կարելի է նման բան ստեղծել: Այդպես ջրաշուշանները մի օր «եկան» մեր պարտեզ, մեր ընկերների շնորհիվ, լճակները ստեղծվեցին, որը մենք ասում ենք՝ մի աչք է ուղղված երկինք, իսկ ափը ձեւավորում ենք Հայաստանի տարբեր վայրերի քարերով: Ուրախ ենք, որ մարդիկ երջանկության զգացում են ունենում՝ լինելով մեր ստեղծածի մեջ: Վերջերս Լիբանանից հյուրեր ունեինք, աշխարհ տեսած մարդիկ էին, հայրենասեր հայուհիներ, ասացին՝ «աչքերիս մեջ պիտի պահենք ձեր այգին, դրախտ է երկրի վրա»:
– Նկարչություն, այգի, լող, իսկ ազատ ժամանակ մնո՞ւմ է, ինչպե՞ս ես տնօրինում:
– Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, քանի որ աշխատում եմ, մասնագիտությամբ ֆիզիկ եմ: Եթե լինում է նման ազատ պահ, սիրում եմ գիրք կարդալ: Հիմա Ուինսթոն Չերչիլին եմ կարդում, հետաքրքիր է իր՝ անգերազանցելի համարվող դիվանագետի մտքերը, մանավանդ, բանակին վերաբերող, նա միշտ բարձր է գնահատում հասարակ զինվորին, նրան ամեն ինչից վեր է դասում: Սովորելու շատ բան ունենք: Ունենալով մեր հսկաներին, ինչպես Նժդեհն է, մենք ըստ արժանվույնս չենք գնահատում մերը, որը կերազեին ունենալ շատ ազգեր: Վերջին կարդացածս գիրքը զինհաշմանդամ, երիտասարդ գրող, իմ ընկերոջ՝ Նարեկ Վարդանյանի «Սովորական Հայրենիքն»-ն է, որը կարծում եմ՝ պարտադիր ընթերցանության գիրք պիտի դառնա:
– «Սովորական» հայրենի՞ք, ըստ քեզ, կա՞ն կյանքում սովորական բաներ, որո՞նք են:
– Սովորական բաներ չկան, կան կարևոր բաներ, որոնք ինչպես Միքելանջելոն էր ասում՝ «մանրուքները ստեղծում են կատարելություն, բայց կատարելությունը մանրուք չէ»:
– Գարիկ, ի՞նչն է պակասում մեզ հասնելու և իրագործելու նոր, ուժեղ ազգ ու պետականություն ունենալու մեր երազանքին:
– Մենք, նկատել եք երեւի, կարողանում ենք ամենաօրհասական պահին ինքնակազմակերպվել, միմյանց հասնել: Ի՞նչն է մեզ խանգարում լինել այդպիսին առօրյա կյանքում, գտնել է պետք այդ խանգարող տարրն ու արմատախիլ անել, կրթել հասարակությանը, իսկ դա պրոցես է՝ հոգևոր, բարոյական, մշակութային, գիտական և այլն, բայց յուրաքանչյուր ընտանիքում պիտի լինի սիրելու մշակույթ, հարգանքի ու փոխըմբռնման, կողքի, հարևանի հանդեպ վերաբերմունք, որը մեր ազգի մեջ ծայրահեղությունից ծայրահեղության է հասնում: Պիտի գնահատման չափանիշներ ունենանք, անձեռնմխելի արժեքներ, պաշտպանված բարոյական և իրավական օրենքներով…
Կարևոր է, երբ մարդն իր անձնական դժբախտությունից, վատ վիճակից վեր է կանգնում, ժայռ-մարդիկ այդպիսին են ու կան, դրա համար պիտի մեծ սիրտ ու հոգի ունենալ, լայն աշխարհընկալում ու բնատուր բարություն, ուրիշ ոչ մի հնարովի ատրիբուտ այն չի տա քեզ, եթե այդպիսին չես։ Գերագույն արժեք պիտի համարվի մարդը: Յուրաքանչյուրիս մեջ ձգտում, երազանք պիտի լինի, կամքի ուժ ձևավորվի, որպեսզի հաղթահարենք ամենօրյա մարտահրավերները, պիտի հիշողությունը վառ պահել, չպիտի մոռանալ ցավը, չեմ ասում անընդհատ ապրել դրանով, բայց մոռանալը հանցանք եմ համարում, պիտի պայքարենք: Միասնականության գաղափարը թայֆաբազության աստիճանի չիջեցնենք, շարժիչ ուժ դառնանք, չէ՞ որ կյանքը դա մի մեծ ֆիզիկա է: Անհնարը հնարավոր դարձնելու գնով, թեկուզ… Առաջ Աստված…
Հարցազրույցը վարեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2023