Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վրաստանը միջնորդի ռեսուրս չունի, ցանկություն էլ չունի. Վրաստանի հետ աշխատել պետք է»

Հուլիս 17,2023 13:00

«Առավոտի» զրուցակիցն է Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ Ջոնի Մելիքյանը։

-Ի՞նչ դաշտ եք տեսնում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական երկխոսության համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել էր, որ ՀՀ-ն ու Վրաստանը պատրաստվում են սկսել ռազմավարական երկխոսություն:

-Անշուշտ, մեր երկու երկրներն էլ այսօր աշխատում են հարաբերությունների խորացման համար։ Այստեղ պետք է արձանագրենք ռազմավարական նախագծերը, որոնք կարող են ապագայում իրականություն դառնալ՝ ենթակառուցվածքներ, ավտոճանապարներ, երկաթգծային հաղորդակցություն, ՏՏ ոլորտում համագործակցություն, կոմունիկացիաների հատկացում, ինտերնետի հետ կապված հարցեր եւ այլն։ Շատ հնարավորություններ կան։ Տարիուկես-երկու տարի խոսք է գնում Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի մասին։ Ռազմավարական հեռանկար ունեցող նախագիծ է, որի մեջ մենք, վրացիները, այլ պետություններ կան, եւ ամեն մեկն իր տնային աշխատանքը պիտի անի, համատեղ աշխատանքով պետք է ներդրումներ արվեն։ Եթե նախագիծն իրականություն դառնա, մենք մեր ուրույն տեղը կարող ենք գտնել միջազգային ենթակառուցվածքների քարտեզի վրա։

-Վրաստանի՝ միջնորդ լինելու հարցում հեռանկարներ տեսնո՞ւմ եք, այն ունի՞ ռեսուրսներ։ Ժամանակին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ գործնականում ցույց է տվել՝ կարող է արդյունավետ միջնորդ լինել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ՝ նշելով, որ 2021 թվականի հունիսին Թբիլիսիի միջնորդությամբ տեղի ունեցավ 15 հայ գերիների վերադարձը:

-Իմ կարծիքով՝ Վրաստանը միջնորդի ռեսուրս չունի, ցանկություն էլ չունի։ Վրաստանը միշտ իր տարածքն է տրամադրում մեզ եւ առաջարկել է այն դիտարկել՝ որպես վայր, որտեղ կարելի է հայ-ադրբեջանական հանդիպումներ կազմակերպել։ Ռազմագերիների վերադարձի հետ կապված ոչ պակաս կարեւոր էր ԱՄՆ-ի ներդրումը։ Այս ֆոնին արձանագրենք՝ ՀՀ-ն եւ Ադրբեջանն այսօր հարթակների պակաս չունեն, նույնիսկ ավելին՝ այլ հարթակներ կարող են լինել, բաց այստեղ պիտի հասկանանք՝ ինչ հարցերի շուրջ կարելի է երկկողմանի հանդիպում ունենալ Վրաստանի տարածքում եւ ինչ հարցեր կարելի է քննարկել։ ԱԳ նախարարները մեկ անգամ արդեն հանդիպել են, եթե կարիք լինի թե’ Բաքվում, թե’ Երեւանում դեմ չեն լինի իրենց բանակցություններն անցկացնել Վրաստանի տարածքում։ Բայց դրա տակ պետք է օրակարգ լինի։ Պիտի հարց լինի, որը հնարավոր լինի այնտեղ քննարկել։ Այո, իրենք առաջարկում են իրենց միջնորդությունը, եւ այստեղ պատճառներից մի քանիսը ֆիքսել ներքաղաքական սպառման համար։ Ի վերջո հայեր ու ադրբեջանցիներ են բնակվում Վրաստանում։ Արտաքին բլոկին վերաբերվող տարր կա, որ ցույց տան՝ Վրաստանը ոչ միայն սպառում է անվտանգությունը, այլեւ իր ներդրումն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության համար։ Ուստի պետք է ոչ թերագնահատել, ոչ չթերագնահատել իրենց կարողություններն ու հնարավորությունները։

– Շատ դեպքերում Վրաստանին մեղադրում են չեզոքության համար։

– Օբյեկտիվ պատճառներ միշտ էլ կան։ Ուրիշ հարց է, որ Արցախի շրջափակման հետ կապված, երբ գոյություն ունի մարդու իրավունքների սահմանափակումների հարց, դեկտեմբերից սկսած Լաչինի միջանցքը փակ է, նույնիսկ եվրոպական հարթակներում, խորհրդարանական, ազգային հարթակներում շատ են եղել արձագանքները, մինչեւ այս պահը Վրաստանից մենք չենք լսել որեւէ արձագանք, ինչը չէի ասի՝ դրական է։ Ժողովրդավար լինելու եւ էլ ավելի ժողովրդավար դառնալու համար իրենք պետք է գոնե չեզոք ձեւով իրենց դիրքորոշումն արտահայտեին այս հարցերի շուրջգ եւ արձանագրվեր, որ նման խնդիր կա, մյուս կողմից էլ այնպիսին լիներ արձագանքը, որ իրեն հարաբերություններն Ադրբեջանի հետ չվատացնեին։ Բայց իրենք այդ քայլին չեն գնացել, ինչը որպես օրինակ պիտի արձանագրենք։

-Այսպիսի քաղաքականության պարագայում ո՞նց ռազմավարական երկխոսության առումով հույս դնենք Վրաստանի վրա։

-Քանի որ ընդհանրություններ կան, եւ եթե օգուտներն ավելի շատ են, դու պիտի գնաս երկխոսության, դու պիտի  նախաձեռնես տարբեր նախագծեր։ Վրաստանն այն երկիրն է, որի միջոցով մենք արտաքին աշխարհ ենք դուրս գալիս՝ ունենալով առնվազն երկու փակ սահման, թշնամական մոտեցում ունեցող հարեւաններ, սահմանափակ հնարավորություններով Իրան, ապա ինչ է մնում. Վրաստանի հետ աշխատել։ Դա պետք է նաեւ նրա համար, որ ավելի չեզոք դարձնենք իրենց այսօրվա իրավիճակում։ Դրա համար հստակ ուղղություններով աշխատանք պիտի տարվի, որ փորձենք կարգավորենք։ Ոչ ոք չի ասում տասնյակ տարիների բալանսը, որը ձեւավորվել է իրենց, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ, մեր հարաբերություններով փոխենք, բայց այդ ուղղություններով աշխատել պետք է։ Ոչ մեկ չի ասում, որ հենց վաղը մենք ռազմավարական դաշնակից ենք դառնալու։ Բայց էդ բոլոր ծրագրերը, որոնք պիտի իրականացվեն, ինչ-որ ձեւով կավելացնեն մեր հարաբերություններում իրենց ներդրումը։ Միգուցե դրա արդյունքում 10-20 տարի հետո մենք կարողանանք խոսել ինչ-որ այս մակարդակի հարաբերությունների մասին։

-Վրաստանի հետ տարվող քաղաքականությունը ճի՞շտ ուղղությամբ է ընթանում, թե՞ վերանայումների անհրաժեշտություն կա։

-Մեր քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ տասնամյակների ընթացքում չի փոխվել։ Մենք ունենք ինչ-որ չափով շարունակական քաղաքականություն Վրաստանի նկատմամբ որոշ թեթեւ տարրերի տարբերությամբ։ Առաջին նախագահից առ այսօր կա հստակ մոտեցում։ Պետք է այդ բազան արդիականացնել, նոր ոլորտներ վեր հանել։ Մանավանդ 2020-ի պատերազմից հետո, երբ ստատուս քվոն խախտվեց, եւ այսօր նորը դեռեւս չի ձեւավորվել։ Թե’ Վրաստանի, թե’ մեզ համար շատ կարեւոր է վերաիմաստավորել մեր տեղն ու դերն այս տարածաշրջանում։ Այստեղ եւ’ իրենք են մտածում՝ ոնց անել, ոնց քաղաքականությունն իրենց տարածաշրջանում շարունակել, եւ’ նույն կերպ էլ մենք։ Եթե մենք երկու երկրներով լինենք գլոբալ միջանցքի մաս, ապա պետք է աշխատել համատեղ, որ միասնական ջանքերով ինչ-որ շոշափելի արդյունքների ապագայում հասնենք։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31