Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում․ «Հետք»

Հուլիս 16,2023 23:45

44-օրյա պատերազմից մինչեւ այս պահն ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում: Այս հետեւությանն ենք եկել՝ ուսումնասիրելով ադրբեջանական զինված ստորաբաժանումների մարտական հենակետերի տեղադրությունը ՀՀ սուվերեն տարածքում: Օկուպացիան կամ զավթումը տեղի է ունեցել փուլ առ փուլ:

Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիա եւ դեմարկացիա չի արվել, տարբեր առցանց քարտեզներում, ինչպիսին է, օրինակ, «Google Maps»-ը, երկրների տարածքները տարանջատված են որոշակի սահմաններով, որոնք ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից: Հենց այս սահմանների եւ ՀՀ տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի միջեւ ընկած տարածությունն ենք չափել՝ որոշելու, թե որքան տարածք են օկուպացրել ադրբեջանցիները 2020 թ. պատերազմից հետո:

Կարմիրով նշված են հայկական, կապույտով՝ ադրբեջանական, իսկ մանուշակագույնով՝ գրավված հայկական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է

Կապան քաղաքի եւ համանուն խոշորացված համայնքի կազմում ներառված գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումն սկսվեց 2020 թ. դեկտեմբերին: Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո հայկական ուժերը գտնվում էին համեմատաբար բարենպաստ դիրքերում եւ Կապանն ու կից գյուղերը նրանց թիկունքում էին: Միաժամանակ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետով ամրագրվում էր, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը) կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2020 թ. դեկտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ «որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»:

Եթե ընդունենք, որ այդ պահին որեւէ այլ գրավոր փաստաթուղթ չկար, ապա բանավոր պայմանավորվածություն գոյություն ուներ, ինչի մասին Փաշինյանը նախընտրում էր լռել: Ընդամենը 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, ԱԽ նիստում նա հայտարարեց, որ Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների վերաբերյալ «համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»: Դեկտեմբերի 27-ին էլ, Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե Ղուբաթլուի եւ Զանգելանի մասով նոյեմբերյան հայտարարության մեջ արդյոք գրված չէ, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է, Փաշինյանն ասաց. «Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, եւ ես ասել եմ նախկինում եւ խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»:

Այսինքն՝ Փաշինյանի բառամթերքը մեկ ամսվա ընթացքում շատ արագ փոխվեց՝ «էդպիսի բան գոյություն չունի»-ն դարձավ «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում», իսկ սա էլ՝ «բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

Ներքին Հանդ (2022 թ․ հունվար, հեղ․՝ Նարեկ Ալեքսանյան)

2020 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ-ից հրահանգ իջեցվեց, որ մինչեւ դեկտեմբերի 18-ի ժամը 17:00-ն հայկական ուժերը պետք է հետ քաշվեն Կապանի ու դրան հարակից 13 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող այն բարձունքներից, որոնք գտնվում են Զանգելանի շրջանում (ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ Քաշաթաղի շրջանում) եւ պատերազմի ժամանակ զբաղեցված ու ամրացված էին մեր ուժերի կողմից: «Ես մտածում էի, որ այս իշխանությունները բերելու են հասցնեն այս հանգուցալուծմանը։ Այդպիսի մտավախություններ ունեի»,- «Հետքի» հետ զրույցում 2020 թ. դեկտեմբերին ասել էր Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

Փարսյանը զայրացած ու տարակուսած էր: 2020-ի դեկտեմբերի 25-ին նա ԱԺ-ում հանդիպել էր պատգամավորներին ու պատմել ամսի 17-ին Սյունիքի համայնքապետների եւ այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպման մասին. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք, ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»:

Ավելի ուշ՝ 2022-ի ամռանը, «Հետքի» հետ զրույցում վերհիշելով տեղի ունեցածը՝ Գեւորգ Փարսյանը հայտնել էր, որ 2020-ի դեկտեմբերյան նահանջից հետո Կապան համայնքը տարածքային կորուստներ է ունեցել. «Դավիթ Բեկ բնակավայրում ունենք հողատարածքներ, որոնք կադաստրային քարտեզներով եւ պետական գրանցում ստացած վկայականներով պատկանում են մեր գյուղացիներին։ Հիմա Ադրբեջանի վերահսկողության ներքո են։ Ունենք խնդիրներ Կաղնուտի հատվածում, Ուժանիսի հատվածում»:

2021 թ. հոկտեմբերի 27-ին խոսելով դեկտեմբերյան նահանջի մասին՝ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետեւ իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, եւ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ… Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»։

Մինչ Փաշինյանը համոզված էր կամ հույս ուներ, որ նահանջը ռազմական գործողություններից խուսափելու հնարավորություն է, Ադրբեջանը հակառակն էր ապացուցում՝ 2021 թ. մայիսին ու նոյեմբերին ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք եւ զենքի գործադրմամբ ու առանց դրա օկուպացնելով կարեւոր ռազմավարական բարձունքներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում:

2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար
Թշնամին Սեւ լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ եւ 13 քկմ տարածք
2021-ին թշնամին ՀՀ տարածքից օկուպացրել է նվազագույնը 50 քկմ տարածք Կապան քաղաքից մոտ 20 կմ հարավ գտնվող Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերը շրջապատված են Շիկահողի պետական արգելոցի անտառներով:

Երբ հայկական ուժերը 2020 թ. դեկտեմբերին Փաշինյանի կարգադրությամբ նահանջել են պատերազմից հետո զբաղեցրած բնագծերից, Ներքին Հանդը հայտնվել է անմիջական առաջնագծում, նրա հարեւան Ծավն էլ դարձել է սահմանամերձ:

Ներքին Հանդի այս սարերն ու բլուրները ներկայում օկուպացված են․ հեղ․՝ Նարեկ Ալեքսանյան

Բայց ինչպես 2022-ի մարտին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, դեռեւս 2020 թ. հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ, ադրբեջանցիներն արդեն ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում: Թաթոյանը նկատի է ունեցել բուն Ծավից (գյուղի բնակելի հատվածից) շուրջ 10 կմ հարավ-արեւելք ընկած սահմանագոտին: Այդուհանդերձ, 2022-ի մայիսին ՊՆ-ն armeniasputnik.am-ին հայտնել էր, թե Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան եւ չեն եղել, ինչով, ըստ էության, հերքել էր Ա. Թաթոյանի հայտարարությունը։ Բայց երբ լրատվամիջոցը ՊՆ-ին էր ուղարկել այդ հատվածում՝ ՀՀ տարածքում, ադրբեջանական դիրքերի արբանյակային պատկերները, գերատեսչությունը հայտնել էր, որ այդ դիրքերը տեղադրվել են 2021 թ. մայիս-հունիս ամիսներին: Ընդ որում՝ մինչ այդ պաշտոնական տեղեկություն չէր եղել այս ներխուժման մասին:

Բայց ՊՆ-ն մանիպուլյատիվ պատասխան է տվել, քանի որ ինչպես ապացուցում են եվրոպական «Sentinel-2» արբանյակից արված լուսանկարները, առնվազն 2021-ի ապրիլի սկզբին՝ ՊՆ-ի ներկայացրած մայիս-հունիսից ավելի վաղ, ադրբեջանցիներն արդեն դիրքեր ունեին Թաթոյանի մատնանշած տարածքներում, որոշներն էլ հայտնվել են ՊՆ-ի նշած ժամանակահատվածում:

Ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարածք 08.04.2021 թ. դրությամբ

«Sentinel-2» արբանյակից արված լուսանկարները թույլ են տալիս ասել, որ 2020-2021 թթ. ձմռանը Ներքին Հանդի ու Ծավի ուղղությամբ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից ակտիվ ինժեներական աշխատանքներ չեն եղել, բայց ահա 2021-ի գարնանից դրանք նկատելի են:

2021-ի գարնանը ադրբեջանցիները դիրքեր են փորել նաեւ Ներքին Հանդի ուղղությամբ՝ ՀՀ սուվերեն տարածքում: Իսկ թե ինչու այդ ամենը չի կանխվել հայկական ուժերի կողմից, ՊՆ-ն այդպես էլ չկարողացավ պատասխան գտնել:

Այդուհանդերձ, թերեւս, ադրբեջանցիների այդ ներխուժումն էր պատճառը, որ հայկական կողմին դրդեց նոր ճանապարհներ կառուցել եւ դիրքեր տեղակայել Ներքին Հանդի հին գյուղատեղիի ու գերեզմանոցի հարեւանությամբ:

Ընդ որում՝ ադրբեջանցիների ներխուժման մասին հայտնի դարձավ միայն մեկ տարի անց՝ 2022-ի մարտին, երբ Հայաստանում բավական թեժ քննարկվում էր թշնամու հերթական ներխուժումը Ներքին Հանդի ուղղությամբ, իսկ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեսախցիկների առաջ ստում էր լրագրողներին ու հանրությանը, թե «որեւէ տեղ առաջխաղացման հետ կապված որեւէ խնդիր չկա», կամ՝ «Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31