Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ոչ մի երկիր չճանաչի Արցախի անկախությունը, ի՞նչ եք պատրաստվում անել։ Գնալ երկխոսությա՞ն Բաքվի հետ». Ավետիք Իշխանյանը՝ Արայիկ Հարությունյանին

Հուլիս 16,2023 22:20

Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

-Բրյուսելում, երեկ ԵԽ նախագահի հովանավորությամբ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումն էր. համատեղ հայտարարության մասին խոսք չկա, բայց ԵԽ նախագահը մամուլի ասուլիսում ուշագրավ փակագծեր բացեց. վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը վերահաստատել են հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։ «Հետևաբար՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600։ Երկու առաջնորդներն էլ հաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որն ընդունում են որպես սահմանազատման համար քաղաքական հիմք։ Այս առիթով մենք ողջունում են երկու երկրների սահմանային հանձնաժողովների հուլիսի 12-ի հանդիպումը։ Այս հանձնաժողովների կանոնադրության և դելիմիտացիայի հիմքերի շուրջ աշխատանքն առաջ է գնացել։ Եվ դա շատ կարևոր է, ղեկավարները համաձայնեցին արագացնել հանձնաժողովների աշխատանքը»,- ասաց նա: Նաեւ՝ ապագա տրանսպորտային համաձայնագրերի դետալներն են քննարկվել, ԵՄ-ն կֆինանսավորի շինարարությունը, Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության մասով էլ, եվրոպացի պաշտոնյան ասաց՝ «…ես արտահայտել եմ Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի բոլոր կողմերի համար այդքան անհրաժեշտ վստահությունը»: Ադրբեջանն էլ պատրաստ է Աղդամով hումանիտար «աջակցություն ցուցաբերել» արցախցիներին: Քննարկվել է նաեւ Արցախի ապառազմականացման հարցը:

Ի՞նչ մեկնաբանություններ ունեք այս ամենին:

-Այն, ինչ կատարվեց Բրյուսելում, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ պայմանավորվածությունների հերթական, տրամաբանական փուլն էր։ Հերթական անգամ, Հայաստանի վարչապետ կոչեցյալը հրապարակային ուրացավ Արցախը և համաձայնվեց Ադրբեջանի բոլոր նախապայմաններին։ Այնպես որ, երկրի` նման անարժանապատիվ ղեկավար ունենալու պարագայում, ցանկացած պետության, միջազգային կառույցի ղեկավար, առաջնորդվելու է այդ հանգամանքից ելնելով։

Այնպես որ, անկախ այն բանից, թե մենք ինչպե՞ս ենք վերաբերվում անձամբ ԵԽ նախագահին և նրա խոսքերին, պետք է նկատի ունենալ, որ նա ելնում է պաշտոնական Հայաստանի դիրքորոշումից։ Եվ անկախ այն բանից, թե ինչպիսի՞ն են հավաքական Արևմուտքի շահերը, եթե Հայաստանի ղեկավարն այլ դիրքորոշում ունենար, ապա ԵԽ նախագահն ավելի զգույշ կարտահայտվեր։

Ամեն դեպքում, պայմանական ասած, մենք պետք է շնորհակալ լինենք մսյո Միշելին, բանակցությունների որոշակի մասը բացահայտելու համար։

Բացի, Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից, հերթական անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ճանաչելուց, քննարկվել են նաև այլ հարցեր։ Փորձենք բացել այդ քննարկված հարցերի փակագծերը։

Ըստ մսյո Միշելի հրապարակած երկրորդ կետի, կողմերն ինտենսիվ աշխատում են սահմանազատման ուղղությամբ։ Ի՞նչ է սա նշանակում։ Համոզված եմ, որ քննարկվում է, այսպես կոչված անկլավների Ադրբեջանին հանձնման հարցերը։

Երրորդ կետում նշվում է հաղորդակցության, ապաշրջափակման, երկաթուղու կառուցման մասին։ Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի կողմից, ամեն առիթով Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարությունները, ապա համոզված եմ, որ մսյո Միշելը հիմնականում հենց այդ է նկատի ունեցել և պատրաստակամություն հայտնել` ԵՄ-ի կողմից այն ֆինանսավորել։

Չորրորդ կետը վերնագրված է, որպես մարդասիրական հարցեր։ Մսյո Միշելը կարևորել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը․․․ընդամենը և ողջունել Աղդամից հնարավոր մարդասիրական առաքումները։ Այսինքն, մսյո Միշելը չի պնդել, որ Ադրբեջանը հարգի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը և անհապաղ բացի Բերձորի միջանցքը, այլ ողջունել է Արցախի հնարավոր հայաթափումը։ Ահա և ձեզ մարդասիրական, իրականում մարդատյաց հարցեր։

Հինգերորդ կետով, մսյո Միշելը հաստատում է ԵՄ-ի դիրքորոշումը` անվտանգության և երկխոսության անվան տակ, կործանել և հայաթափել Արցախը։ Չեմ կարծում, որ մսյո Միշելն անտեղյակ է Ադրբեջանում մոլեգնող հայատյացությունից, Նախիջևանի ճակատագրից։ Ի՞նչ ասես, այս է պահանջում Արևմուտքի աշխարհաքաղաքական շահը։ Չեմ բացառում, որ ինչպես երկաթուղու, այնպես էլ արցախահայության տարհանումը ֆինանսավորվի ԵՄ-ի կողմից։

Վեցերորդ կետով քննարկվել են ձերբակալածների հարցերը։ Ձերբակալվածներ ասելով, նկատի ունեն այն զինվորներին, որոնք «անզգուշորեն» հատել են սահմանը և հայտնվել մյուս երկրի տարածքում։ Այս կետով նույնացվել են Ադրբեջանի կողմից առևանգված մեր զինվորներն ու Հայաստանի տարածք ներխուժած և սպանություն կատարած ադրբեջանցի զինվորները։ Եվ ոչ մի խոսք 2020թ․ Ադրբեջանի բանտերում տառապող մեր զինվորների մասին։

Եվ այս բոլոր Հայաստանին և Արցախին վերաբերող նվաստացուցիչ  կետերին համաձայնվել է վարչապետ կոչեցյալը։

Ամփոփենք, մսյո Միշելի հայտարարությունը ծաղր է  Հայաստանի, ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

 – Եռակողմ հանդիպմաննն ընդառաջ, ուշագրավ հայտարարություն տարածեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Դրանում, մասնավորաբար, ասված է. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը արմատապես փոխել է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման պայմանները։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հիմնվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»: Ռուսաստանը նաև կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման համար։ եւ հայտարարում, որ ստեղծված իրավիճակում չպետք է Արցախի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա․ «Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով, ճգնաժամը կարող է իր հետ բերել ամենադրամատիկ հետևանքները»։ Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, Ձեր կարծիքով, ի՞նչ են ասում Մոսկվայից:

-Հայաստանի վարչապետ կոչեցյալը, մինչև Արցախը պաշտոնապես ուրանալն ու այն ճանաչել Ադրբեջանի տարածք, իրականում արդեն ձեռքերը լվացել էր Արցախից։ Ամեն առիթով, նա և նրա արբանյակները նշում էին, որ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Մինչ, Հայաստանի կողմից պաշտոնապես Արցախն ուրանալը, Ռուսաստանը դիվանագիտորեն լռում էր։ Հիշենք նաև, որ պատերազմի ավարտից հետո, Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն էր, Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային։ Անցյալ տարի Պրահայում, վարչապետ կոչեցյալի կողմից Արցախն ուրանալուց հետո, համոզված եմ, որ եղել է նաև հայ-ադրբեջանական պայմանավորվածություն՝ փակելու Բերձորի միջանցքը։ Այդ է վկայում, մինչ այդ  Հայաստանի պահանջով, Արցախի իշխանության կողմից Բերձորի, Աղավնոյի, Սուսի հայաթափումը։

Այս ամենից հետո, արդեն Ռուսաստանն ավելի հստակ և կարելի է ասել՝ կոշտ է պատասխանում Հայաստանի կողմից իրեն հնչող մեղադրանքներին։ Բերձորի միջանցքի փոխարինումը Աղդամի, այսպես կոչված մարդասիրական առաքումներով, որը ողջունել է մսյո Միշելը, նպատակ ունի հեռացնել ռուսական խաղաղապահ ուժերին։ Եթե գործում է Աղդամը, այլևս Բերձորն ավելորդ է։ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության առանցքը հենց Բերձորի միջանցքի անհապաղ բացման պահանջն է։

 -Ուշագրավ է, որ պաշտոնական Մոսկվան «հարգանքով» վերաբերվում ՀՀ իշխանության քայլերին եւ հանդուրժում դրանք: Տպավորություն է, որ այս ընթացքում ՀՀ իշխանությունը պատասխանատվությունը ՌԴ-ի վրա էր գցում, ՌԴ-ն ՀՀ իշխանության վրա է գցում հետագա զարգացումների պատասխանատվությունը՝ արդյունքում Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ կանաչ լույս է վառվում:

-Այդ թվացյալ «հարգանքը» պայմանավորված է մեկ հանգամանքով՝ Ռուսաստանը չի ցանկանում կորցնելով Հայաստանը հեռանալ տարածաշրջանից և  ստիպված «հանդուրժում» է Հայաստանի վարչապետ կոչեցյալի տարատեսակ հայտարարություններն ու քայլերը։ Համոզված եմ, որ իրականում Ռուսաստանի ղեկավարությունը, մեղմ ասած արհամարհում է Հայաստանի ղեկավարությանը և զարմանում, թե հայ ժողովուրդն ինչպե՞ս է հանդուրժում նրանց։ Ի դեպ, այդ մասին են վկայում, մերձկրեմլյան քաղաքագետների, ինչպիսիք են Ե․ Սատանովսկին, Ս․Բաղդասարովը, Վ․ Զատուլինը, պարբերաբար հնչող սուր  քննադատությունները վարչապետ կոչեցյալի հասցեին։  Ինչ վերաբերում է ձեր ասած Ռուսաստանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի առջև կանաչ լույս վառելուն, համաձայն չեմ, քանի որ այդ կանաչ լույսը վառել և հետևողականորեն շարունակում է այդ ճանապարհով գնալ պաշտոնական Հայաստանը։ Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը խրված է ռուս-ուկրաինական պատերազմում  և չի ցանկանում Հարավային Կովկասում ունենալ երկրորդ ճակատ, ինչին ձգտում է հավաքական Արևմուտքը։

-Նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանեց ՌԴ-ին՝ անհիմն համարելով ՌԴ ԱԳՆ-ի մտահոգությունները:

-Սա առաջին դեպքը չէ։ Մինչ այդ Ադրբեջանի արտգործնախարարը բավականին կոպիտ արձագանքեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակին։ Ադրբեջանն օգտվում է այսօրվա միջազգային իրավիճակից, նկատի ունեմ ռուս-ուկրաինական պատերազմը և շտապում է հօգուտ իրեն լուծել բոլոր հարցերը։ Եվ այս հարցում, նրա դաշնակիցներն են ոչ միայն Թուրքիան և հավաքական Արևմուտքը, այլև ցավալիորեն՝ Հայաստանն իր ազգադավ ղեկավարությամբ։

-Արցախում էլ հանրահավաք էր, կոչեր ու հայտարարություններ հնչեցին, խոսվեց Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին. ի՞նչ տպավորություն ստացաք ելույթներից:

-Տպավորություն ստացա, որ հանրահավաքի կազմակերպիչների քննադատության և պահանջների միակ թիրախը ռուս խաղաղապահներն են։ Համենայն դեպս, չլսեցի սուր քննադատություն Արցախն ուրացող Հայաստանի վարչապետ կոչեցյալի և նրա համախոհների հասցեին։ Արցախի ղեկավարությունն ու ողջ ժողովուրդն ի լուր աշխարհի պետք է հայտարարեն, որ դեմ են Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանն Արցախի հարցում և կոչ անեն ողջ հայ ժողովրդին և Հայաստանում ու սփյուռքում պայքարել և հեռացնել Հայաստանի ազգադավ իշխանությանը։ Արցախի ղեկավարությունը դիմել է տարբեր երկրների, խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը։ Առաջին հերթին, պետք է ոչ թե խնդրել, այլ պահանջել Հայաստանից  Արցախի ճանաչումը։ Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել, հավատացած եղեք, որ որևէ երկիր այն չի ճանաչի։ Կարծում եմ, սա գիտակցում է Արցախի ղեկավարությունը։

Ինձ անհանգստացնում է հետևյալը, պարզ է, որ որևէ երկիր չի ճանաչելու Արցախի անկախությունը։ Ուստի՞․․․ Հարցս ուղղում եմ Արցախի նախագահին․ Եթե ոչ մի երկիր չճանաչի Արցախի անկախությունը, ի՞նչ եք պատրաստվում անել։ Գնալ երկխոսությա՞ն Բաքվի հետ։ Եթե այո, ապա դուք կատարում եք Հայաստանի վարչապետ կոչեցյալի հանձնարարությունը, այն է` վաճառել սեփական հայրենիքը։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31