Լրահոս
Օրվա լրահոսը

Գնում ենք Թումանյանի տուն

Հուլիս 16,2023 14:09

Թիֆլիս, Սոլալակ թաղամաս, Ամաղլեբա փողոց, համար 18 տուն, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոն…

Շենքի երրորդ հարկ տանող աստիճանները հին են` տեղ-տեղ ճաքճքած, սակայն շենշող մաքրությունը չտեսնված թարմություն է հաղորդում շրջակայքին: Աստիճանահարթակները համեմատաբար լայն են, նախշապատ, բազրիքները` լավ պահպանված:

Վերև բարձրանալով` սկսում ես հաշիվ տալ հախուռն ու անթաքույց հույզերիդ, որոնք լի են ուրախության, հուզմունքի, շփոթության աննկարագրելի պահերով: Ապրումներդ նույն են, ինչ Դսեղի և Երևանի թանգարաններում, սակայն  այստեղ այն դառնում է ավելի կենսական` գիտակցելով, որ այս պատերն ավելի երկար են վայելել հանճարի ներկայությունը:

Հուզմունքն, անխոս, արդարացվում է, չէ՞ որ Մեծն լոռեցու տան հյուրն ես:

Թումանյանը Թիֆլիսում մի քանի տներ է վարձակալել։ 1909 թվականի աշնանից թիֆլիսահայ մեծահարուստ, պետական, մշակութային գործիչ Հովսեփ Շանշյանից վարձակալում է 19-րդ դարի 2-րդ կեսին  կառուցած այս բնակարանը: Բանաստեղծի կյանքում դա դառնում է թիֆլիսյան տասներորդ և վերջին հասցեն:

Տանտերը վարձակալին հանձնում է շենքի երրորդ հարկի յոթ սենյակները` խորհրդանշական ու չնչին գումարով. իսկ երբեմն այն չի էլ վերցնում:

Ի դեպ, Շանշյանի անուն-ազգանվան սկզբնատառերն այսօր էլ պահպանվում են տան շքամուտքի ծածկի և մուտքի դռների վրա:

Բնակարանի ընտրության պատճառներից մեկն էլ եղել է այն, որ տան հարավային պատշգամբը նայել է Լոռվա սար ու ձորերն հիշեցնող Սոլոլակի լեռնաշղթային:

Բանաստեղծը, հայրենի եզերքի կարոտը հոգում պահած, օրվա մեջ երկար ժամանակ է անցկացրել պատշգամբում` հայացքը գցելով Լոռվա հեռուները հիշեցնող բնապատկերին:

Ներկայումս սարերի վրա կառուցած տձև ու տգեղ տներն այն ժամանակ, իհարկե,  չեն եղել: Լեռնաշղթան ավելի խիտ բուսածածկույթ է ունեցել:

Բանաստեղծը  տղաների հետ հաճախ է բարձրացել դիմացի սարը` այնտեղ հաճելի ու խաղաղ ժամանակ անցկացնելով:

2019 -ին` Թումանյանի ծննդյան օրը, այս պատշգամբում տեղադրվել է բանաստեղծի հուշարձանը, որը Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի նվերն է:

Այս տանը Թումանյանի հյուրընկալությունը վայելել են անվանի ու հայտնի շատ մարդիկ` Անդրանիկը, Կոմիտասը, Նիկողայոս Մառը, Արմեն Տիգրանյանը, 1916-ից` Ալեքսանդր Սպենդիարյանը, Թումանյանի ռուս և վրաց ընկերները` Բրյուսովը, Գորոդեցկին, Տիցիան Տաբիձեն, Իոսեբ Գրիշաշվիլին…

Այս հյուրընկալ տունը դարձել է ոչ միայն Թումանյանի և  ընտանիքի բնակատեղին, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոնը:

Վրաստանում Բոլշևիկյան կառավարության հաստատման տարիներին աննախադեպ է դառնում անվանի մարդկանցից, մեծահարուստներից, վրաց իշխաններից խլել սեփական բնակարաններն ու եկամտաբեր շենքերը, դպրոցներն ու  գիմնազիաները, մշակութային ու հոգևոր կառույցները` տալով գյուղացիներին, բանվոր դասակարգին, հեղափոխականներին:

Քանի դեռ ողջ էր Մեծն լոռեցին, նրա տանը ոչ ոք ձեռք չի տալիս, սակայն Թումանյանի մահից հետո` երեսունականներին, Խորհրդային իշխանությունը պատճառաբանելով,  որ Թումանյանը ողջ չէ, երեխաներն էլ ուսանելու նպատակով գտնվում են տարբեր երկրներում, տիկին Օլգայից խլում են երեք սենյակները:

Ավետիք Իսահակյանի հորդորով Օլգա Մաճկալյանը որոշում է  տեղափոխվել Երևան:

Երևանում կառուցվում է թիֆլիսյան բնակարանի կրկնօրինակը՝ որպես Հովհաննես Թումանյանի թանգարանի հուշային հատված

1953 թվականին տիկին Օլգան քսան բեռնատար մեքենայով թիֆլիսյան տան իրերը տեղափոխում է  Երևան` տասը հազարի հասնող գրքեր, ձեռագիր մատյաններ,  տասներկու գրապահարաններ, կահ-կարասի… այն ամենը, ինչը կապված էր բանաստեղծի հետ:

Թիֆլիսյան բնակարանում մնում է մի մեծ հայելի և բուխարին, որը հետագայում վերականգնվում է նախկինի նմանությամբ:

Թումանյանի թիֆլիսյան տանը բացվում է քաղաքային թիվ 13 գրադարանը: Սակայն այցելուների համար այն քաղաքային սովորական գրադարանից զատ, մնում է որպես «Թումանյանի տուն»։ «Գնում ենք Թումանյանի տուն գիրք վերցնելու»,-այսպես են ասել այցելուները միմյանց։

Անկախացման տարիներին Թիֆլիսում փակվում են քառասունին հասնող փոքր ու մեծ գրադարաններ, փակվում է նաև այս գրադարանը: Գրադարանների շենքերը հանձնվում են մասնավոր սեփականատերերի: Այդ ճակատագրին է արժանանում նաև «Թումանյանի տունը»:

Վիրահայերը փորձում են այն հետ վերադարձնել, սակայն այդ տարիներին դա նրանց չի հաջողվում:

Իննսունականներին պապիկի տունը հետ վերադարձնելու նպատակով Թիֆլիս է այցելում  Թումանյանի թոռնուհին` տիկին Իրմա Սաֆրազբեկյանը, սակայն չկարողանալով այդքան գումար ձեռք բերել`  ձեռնունայն  հետ է վերադառնում:

Թումանյանի տան ճակատագրով անհանգստացած` ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի` բանաստեղծի բնակարանը հետ բերելու կոչն անարձագանք չի մնում, և  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական աջակցության շնորհիվ հետ է վերցվում բնակարանը: Բանալիները հանձնվում է Հայաստանի գրողների միությանը:

Երկու տարի շինարարական տևական աշխատանքներից հետո 2017 թվականին բացվում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնը` բնակարանում պահպանելով թումանյանական  ժամանակաշրջանի շունչը` պատերը, դռները,  հարավային և հյուսիսային պատշգամբները, աստիճանները, մանրահատակը, բազրիքները…

Տան նորոգման, վերականգնման և մասնակի կահավորման աշխատանքներն իրականացվում են Վիրահայոց թեմի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, IDeA հիմնադրամի միջոցներով:

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի օրինակով վերականգնվում է թումանյանական ժամանակների ինտերիերը։ Կահույքը, սպասքը ձեռք է բերվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:

Ի նշան Թումանյանի և Բաշինջաղյանի մեծ ընկերությանը` թանգարանին է նվիրաբերվում գեղանկարչի երկու որմնանկարները, վրացահայ ընտանիքի կողմից՝ 170 տարվա վաղեմության պահարան, ռոյալ, աթոռներ ու այլ պարագաներ, որոնք այցելուներին տեղափոխում են նախորդ դարասկզբի թիֆլիսյան իրականություն։

Այսօր Թումանյանի տանը չորս սենյակ կա` բանաստեղծի աշխատասենյակի օրինակով վերանորոգված ու կահավորված առանձնասենյակը, բուխարու մեծ սրահը, հյուրասենյակն ու աշխատասենյակը:

Մշակութային այս կենտրոնում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, գրական ընթերցում-քննարկումներ, ցուցահանդեսներ, դասական երաժշտության համերգներ, գրքերի շնորհանդեսներ: Այս ամենի մեջ ամփոփված է կարևոր առաքելություն`վերականգնել ու անխախտ պահել Թումանյանի տանը տիրող բարի ավանդույթները:

 

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մանկավարժ, արձակագիր

Տեղեկատվության և բանաստեղծի մասին զրույցի համար հեղինակն իր երախտագիտություն է հայտնում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մազմանյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31