Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ նախագահ Շառլ Միշելը մի քանի վտանգավոր հայտարարություններ արեց. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման, ՀՀ ընդդիմության լեթարգիական քնի մասին

Հուլիս 16,2023 12:45

«Հայաստանի քաղաքական էլիտայի լեթարգիական քնի ներքո երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Արցախի վերջնական հանձնման պաշտոնական շնորհանդեսը, պաշտոնական արարը: ԵԽ նախագահ Շառլ Միշելը մի քանի վտանգավոր հայտարարություններ արեց՝ խոսելով հումանիտար միջանցքի մասին, նա, ըստ էության ակնարկեց՝ Արցախը, որպես Ադրբեջանի տարածք, հումանիտար բեռը պետք է տեղափոխվի Աղդամով: Սա նշանակում է, որ Հայաստանն Արցախին կապող Բերձորի-Լաչինի միջանցքն, ըստ էության, այլեւս չի գործելու: Ըստ էության, երեկ Շառլ Միշելը պաշտոնապես կնքեց կողմերի համաձայնությունը, առաջին հերթին ՀՀ վարչապետի համաձայնությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով երեկ, Բրյուսելում, ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպմանը:

Հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ: Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ընդունման մասին տեղեկություններ դեռ չկան: Հանդիպման մանրամասներին անդրադարձել է ԵԽ նախագահը՝ մամուլի ասուլիսում: ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ գոհ է արդյունքներից. ապագա տրանսպորտային համաձայնագրերի դետալներն են քննարկվել, ԵՄ-ն կֆինանսավորի շինարարությունը, Արցախի բնակչությունը իրավունքների ու անվտանգության մասով էլ, եվրոպացի պաշտոնյան ասաց՝ «…Ես արտահայտել եմ Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի բոլոր կողմերի համար այդքան անհրաժեշտ վստահությունը»: Ադրբեջանն էլ պատրաստ է Աղդամով hումանիտար «աջակցություն ցուցաբերել» արցախցիներին: Քննարկվել է նաեւ Արցախի ապառազմականացման հարցը:

«Ինձ համար առնվազն շոկային է, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում, երեկ տեղի ունեցածը, բացի մի քանի ֆեյսբուքյան գրառումներից, որեւէ ընդվզում, որեւէ դիմադրություն չառաջացրեց: Սա նշանակում է, որ Արցախի տոտալ եւ Հայաստանի սողացող կապիտուլյացիայի գործընթացը շարունակվում է եւ այն, ինչի մասին քանիցս ակնարկել են թե Ալիեւը, թե նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, ժամանակն է Նիկոլ Փաշինյանը բաց խասի՝ իր՝ Ալիեւի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին, Նիկոլ Փաշինյանն այս ամենը մեր բոլորի լուռ համաձայնությամբ եւ քաղաքական էլիտայի՝ պասիվ դիտորդի կարգավիճակ որդեգրելու արդյունքում, սահուն կերպով իրականացնում է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այն, ինչը հիմա կատարվում է, ուղղակի տոտալ շեղում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից, որը մեզ համար բացարձակ անընդունելի էր եւ համար առաջին կապիտուլյացիան: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, այսօր անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է երանի տանք, քանի որ այն, ինչ կատարվում է այսօր՝ այդ համաձայնության տոտալ շեղմամբ, հօգուտ Ադրբեջանի է եւ ի վնաս Հայաստանի պետականության:

«Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանին որեւէ մեկը չի խանգարում այս ամենն իրականացնել… ու եթե մարդիկ կարծում են, որ Արցախը դե-յուրե ճանաչելով Ադրբեջանի կազմում, դրանով խաղը փակվելու է, իրենք խորապես սխալվում են. Ալիեւը շատ հստակ հայտարարում է՝ այն, ինչն այլեւս իմն է, այն, ինչը դու Պրահայում ճանաչել ես Ադրբեջանի մաս՝ նկատի ունենալով Արցախը, դա երկրորդ անգամ ինձ վրա վաճառել չես կարող: Հասկանալի է, որ Ադրբեջանի նկրտումը Հայաստանի սուվերենությունն է, Հայաստանի ինքնիշխան տարածքն է, որին միջազգային հանրության լուռ հայացքի ներքո Ադրբեջանը հասնելու է: Շատերը կանխատեսում ունեն, որ Ադրբեջանը հասնելու է պատերազմով, ես ավելի վատ կանխատեսում ունեմ. Ադրբեջանը հասնելու է առանց որեւէ պատերազմի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը որեւէ դիմադրություն ցույց չեն տալիս Ալիեւի ու Ադրբեջանի նկրտումներին»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը:

Այս ֆոնին, մինչ եռակողմ հանդիպումը, բավական ուղիղ՝ ոչ դիվանագիտական հայտարարություն տարածեց ՌԴ ԱԳՆ-ն՝ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը մղելով ՀՀ իշխանությունների դաշտ: Aravot.am-ի դիտարկմանը՝ տպավորություն է, որ «խաղից դուրս գալու» եւ նույն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պարտավորություններից իր հրաժարումը  պաշտոնական Մոսկվան փորձում է արդարացնել՝ ՀՀ իշխանության կեցվածքով: Միաժամանակ, անհասկանալի է, թե ինչո՞ւ են Մոսկվայում այդքան «հարգանքով» վերաբերվում ՀՀ իշխանության քայլերին եւ հանդուրժում դրանք, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «ՌԴ ԱԳՆ-ն, ըստ էության, առաջին անգամ, ուղիղ տեքստով տվեց Նիկոլ Փաշինյանի անունը, ըստ էության, ոչ դիվանագիտական եզրույթներով հայտարարելով, որ Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականին, Պրահայում ընդունած որոշման հետեւանք է: ՌԴ-ն երեկ շատ պարզ հայտարարեց՝ եթե հայ ժողովրդի համար այդ ամենն ընդունելի է, ինչպես ասված է հայտարարության մեջ, հայ ժողովրդի որոշումն իրենք ընդունում են ի գիտություն եւ այլեւս շարժվում են Հայաստանի, այսինքն, Նիկոլ Փաշինյանի ընդունած օրակարգով: ՌԴ-ն երեկ հրապարակեց Նիկոլ Փաշինյանի անունը՝ նշելով, որ Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ, ինչն արմատապես փոխել է իրավիճակը հօգուտ Ադրբեջանի եւ ի վնաս արցախահայության, ՌԴ-ն բաց տեքստով ասաց, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով, Արցախի խնդիրը դարձել է այլեւս Ադրբեջանի ներքին խնդիր, որը ունի հայ հասարակության աջակցությունը՝ լռության տեսքով: Եվ գիտեք, մենք իրավունք չունենք նեղանալու ոչ ՌԴ-ից, ինչ-որ պահանջներ ներկայացնելու ՌԴ-ին, խաղաղապահների առջեւ գնալու եւ վրաններ խփելու, որովհետեւ ՌԴ-ն առաջնորդվում է ՀՀ իշխանությունների առաջարկած-պաշտպանած օրակարգով: Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, դրանով Նիկոլը Արցախը այլեւս համարել է Ադրբեջանի ներքին խնդիր եւ դրանից հետո, ուզում է լինի ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Պլուտոն կամ Սատուրն մոլորակները՝ նրանք պարտավոր են առաջնորդվել Հայաստանի տվյալ պահի իշխանության օրակարգով»:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, հիմա իրավիճակն այնպիսին է, որ կարող ենք ասել՝ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդը չունեն անվտանգության երաշխավոր, որովհետեւ մեր անվտանգության երաշխավոր ՌԴ-ն հստակ հայտարարում է, որ ինքը չի կարող լինել անվտանգության երաշխավոր, որը կամովին համաձայնվել է ստրկական այն օրակարգին, որն իր առջեւ դրել է Ադրբեջանը:

Խոսելով Արցախում սկսված համաժողովրդական շարժման եւ հանրահավաքների մասին էլ՝ մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ դրանք տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված. «Դրա վկայությունն այն է, որ այդ հանրահավաքներում հնչում են հակառուսական թեզեր: Նիկոլ Փաշինյանը հիմա էլ իր արածը փորձում է գցել ՌԴ-ի գրպանը եւ երեկ, իր հայտարարությամբ, ՌԴ-ն դա թույլ չտվեց՝ Նիկոլ Փաշինյանին հասկացնելով, որ չես կարող քո վարած օրակարգը, Արցախը հանձնելու քո ջանքերը գցել ՌԴ-ի գրպանը»:

Նաիրա Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՌԴ հայտարարության մեջ Հայաստանին ուղղված խոսք չկար, այլ հենց Նիկոլ Փաշինյանին՝ տալով թիվ մեկ պատասխանատուի եւ թիվ մեկ մեղավորի անունը:

«Այն, ինչ այսօր Արցախում կատարվում է, պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հետ եւ այդ է պատճառը, որ որեւէ ելույթում այդպես էլ չի հնչում Նիկոլ Փաշինյանի անունը, հնչում է ինչ-որ անհասցե՝ Հայաստանի իշխանություն: Մենք բոլորս էլ գիտենք, որ 2018 թվականի իշխանազավթմամբ, Հայաստանում հաստատվել է մեկ անձի իշխանություն, չկա ինստիտուտների տարանջատման սկզբունք, գործում է մեկ անձի դիկտատուրա եւ այդ հանրահավաքների ժամանակ չտալ Նիկոլ Փաշինյանի անունը, դա նշանակում է, որ այդ հանրահավաքներն ուղղորդված են Նիկոլ Փաշինյանի կողմից»:

Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը՝ հրահրելով բազմահազարանոց հանրահավաքներ Արցախում, որին արցախցի մեր քույրերն ու եղբայրները անկեղծորեն մասնակցում են՝ չհասկանալով, որ դա Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան պայմանավորվածությունների արդյունք է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ, դա մեկ նպատակ է հետապնդում՝ որպեսզի առաջիկա պայմանագրում, իսկ խաղաղության պայմանագիրը, ես կարծում եմ, շատ արագ ընթացք է ունենալու, քանի որ պատահական չէ, որ հուլիսի 21-ին նախատեսված եռակողմ հանդիպումը, ԵՄ-ի եւ Ադրբեջանի հետեւողական ջանքերի արդյունքում տեղի ունեցավ երեկ: Պատահական չէ նաեւ, որ ՌԴ-ն արձանագրում է՝ այս պայմաններում չպետք է արցախահայության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա՝ շարունակելով, որ ընդունում են Նիկոլ Փաշինյանի բերած օրակարգը՝ Արցախն Ադրբեջանի կազմում եւ կոչ է անում անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: Այս պայմաններում, Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի գիտությամբ, նախաձեռնությամբ Արցախում մեկնարկած հանրահավաքները միայն մեկ օրակարգ են հետապնդում՝ շատ մոտ ապագայում նախապատրաստվող խաղաղության համաձայնագրի, որի սեւագիր տարբերակը եւ ռուսական, եւ արեւմտյան հովանավորությամբ գործող տելեգրամ ալիքներում արդեն կա, Նիկոլ Փաշինյանը կարողանա այս հանրահավաքների ճնշման արդյունքում կորզել կիսալղոզած մի ձեւակերպում Արցախի հարցով, որը իր էլեկտորատին, որի անունը ես պայմանական դրել եմ «ախուրյանցի Անո», կարողանա քչից-շատից «ուտեցնել» իբրեւ հայանպաստ ձեւակերպում: Ես կարծում եմ, դա Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու, որովհետեւ Ալիեւն ամեն ինչ անելու է, որ խաղաղության պայմանագրում ամեն ինչ լինի այնքան հստակ, որ հայաստանյան հաջորդ իշխանությունների մոտ, որեւէ տողատակերի տարընթերցման տեղիք չտա»:

Ինչ վերաբերվում է հայաստանյան ընդդիմությանը եւ նրա անելիքներին, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Դուք հարց եք տալիս մի բանի մասին, որը գոյություն չունի: Հայաստանում այսօր չկա ընդդիմություն, Հայաստանում այսօր չկա Նիկոլ Փաշինյանին իրական դիմադրություն: Մեր ընդդիմության մի մասը զբաղված է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելով՝ իրենց անշարժ գույքը պահելու համար, իսկ մյուս մասն էլ զբաղված է, ինչպես իրենցից մեկն ինձ անկեղծ խոստովանեց՝ քանի որ այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ, իրենք աշխատավարձ են ստանում եւ քննարկում մեն Եռագույն դրոշի երրորդ՝ ծիրանագույն գույնի տարբեր երանգները: Այսքանը: Պետք չի խոսել մի բանի մասին, ինչն ուղղակիորեն գոյություն չունի»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31