Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունն ինքնանպատակ չէ

Հուլիս 16,2023 10:31

Ընդունված է ասել, թե 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ժողովրդավարության ճանապարհը: Մեր ժողովրդավար երկրի օրենսդիր մարմնում, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր Ազգային Ժողովի ղեկավար պաշտոն՝ ԱԺ նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի նախագահի պաշտոն չի զբաղեցնում: Այս շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միանձնյա որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հաշվի առնելով ԱԺ-ում ստեղծված իրողությունը՝ տեղի՞ն է, արդյոք, Հայաստանը համարել ժողովրդավարություն, թե՞ մեզ մոտ ժողովրդավարությունն ընդամենն անուն է, զուրկ բովանդակությունից՝ ծառայելով որպես իշխանական «բրենդ»:

Իշխանությունն ու իշխանության կողմանակիցները սխալ են մեկնաբանում «ներկայացուցչական ժողովրդավարություն» երևույթը: Այն բացարձակապես չի նշանակում, որ, հաղթելով չկեղծված ընտրություններում՝ իշխող ուժը/քաղաքական մեծամասնությունը իրավունք է ստանում անել այն ամենն, ինչ հաճո է իր ընտրազանգվածին: «Ներկայացուցչական ժողովրդավարություններում» լսելի պետք է լինի և գործուն նշանակություն պետք է ունենա նաև քաղաքական փոքրամասնությունը, քանի որ ընդհանուր ժողովրդի մաս է կազմում և՛ մեծամասնությունը, և՛ փոքրամասնությունը:

Այս սկզբունքով է, որ ԱԺ բոլոր պատգամավորներն, անկախ նրանից, թե որ խմբակցության ադամ են, հավասարապես ներկայացնում են ամբողջ ժողովրդին (ոչ միայն իրենց ընտրողներին)՝ առաջնորդվելով իրենց խղճով և համոզմունքներով: ՔՊ պատգամավորը ավելի շատ լիազորություն և պարտավորություն չունի, քան «Հայաստանի» կամ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը:

Տրամաբանորեն, ԱԺ-ում կան ղեկավար պաշտոններ, որոնք համապատասխան քվոտաներով բաժին են հասնում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, և առնվազն անտրամաբանական է, թե ինչու է ժողովրդավարության «ջատագով» ՔՊ-ն իր պատգամավորների թվի առավելությունն օգտագործելով մենիշխանություն հռչակել խորհրդարանում և, հետևաբար, ամբողջ Հայաստանում:

Օրենսդիր մարմնում կատարվողն ապացուցում է, որ Հայաստանը դեռ շատ հեռու է «ժողովրդավարական արժեքները կրող» երկիր համարվելուց, որովհետև կայացած ներկայացուցչական ժողավրդավարություններում նախ կա մնայուն, փորձված քաղաքական համակարգ (իսկ ՀՀ-ում 10 տարին մեկ մայր օրենք է փոխվել), այնուհետև կա նաև ավանդույթներով հաստատված, ոչ-պաշտոնական փոխըմբռնում և հանդուրժողականություն իշխանության և ընդդիմության միջև, ինչպես, օրինակ, Միացյալ Նահանգների Կոնգրեսում կամ Միացյալ Թագավորության Պառլամենտում է:

Ուստի, խնդիրը ոչ միայն հայաստանյան քաղաքական համակարգն է, որը մի քանի անգամ փոփոխման է ենթարկվել, այլ նաև Հայաստանում դեռևս չձևավորված ժողովրդավարական քաղաքական մշակույթի բացակայությունը: Դրա ձևավորման աշխատանքներում անելիք ունեն խորհրդարանական բոլոր ուժերը (եթե իհարկե նպաստավոր են համարում ժողովրդավար, քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձևավորումը): Սա ենթադրում է, որ քաղաքական մեծամասնությունը թողնի քաղաքական մեծամտությունը, «մենք հաղթել ենք ընտրություններում և վերջ» գաղափարախոսությունը և ընդունի, որ իրենց հավասար ժողովրդին ներկայացնում են նաև իրենց ընդդիմադիր գործընկերները: Դե իսկ ընդդիմադիրներն էլ պետք է առաջնորդվեն կառուցողական քննադատությամբ լեցուն, նպատակաուղղված քաղաքական օրակարգով:

Ժողովրդավարությունն ինքնանպատակ չէ, «բրենդ» չէ, այլ միջոց՝ բարեկեցիկ երկիր և առողջ հասարակություն ունենալու համար: Հայաստանն առայժմ ժողովրդավարություն չէ, որովհետև առկա մեծամասնության դիկտատուրան ոտնահարում է փոքրամասնության լսված լինելու իրավունքը: Երբ լինի քաղաքական մեծամասնության և փոքրամասնության «համակեցություն», Հայաստանն իրապես բռնած կլինի ժողովրդավարության ճանապարհը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31