«Ազատություն» – Բաքուն քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը` պնդելով, թե այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխազդեցության մասին հռչակագրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին`ներառյալ Ղարաբաղի շրջանը»:
«Անթույլատրելի է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Մոսկվան նաև ուղիղ կոչ էր հղել Բաքվին`հորդորելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը, վերականգնել ազատ տեղաշարժն ու էներգակիրների մատակարարումը: Բաքուն իր հերթին ռուսական կողմին է մեղադրել «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրագործումը չերաշխավորելու համար»:
Որպես հիմնավորում` Ադրբեջանը պնդում է, թե «Լաչինի ճանապարհով ապօրինի գործունեությունը`զենք-զինամթերքի ու զինված խմբավորումների տեղափոխումը չի կանխվել», «հայկական զինված ուժերի մնացորդները վերջնականապես դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»: «Ճիշտ հակառակը` հայկական զինված ուժերը աջակցություն են ստանում ռուս խաղաղապահ առաքելության առաջնորդության ներքո»:
Կարդացեք նաև
Ծավալուն հայտարարության մեջ որևէ տեղ չօգտագործելով «Լաչինի միջանցք» եզրույթը՝ Բաքուն ընդգծում է` «Լաչինի ճանապարհին անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ներքին օրենսդրության, ինչպես նաև միջազգային կանոնների համաձայն` ապօրինի գործունեությունը կանխելու և թափանցիկություն երաշխավորելու համար»:
Ադրբեջանը միաժամանակ անհիմն է որակում Ռուսաստանի պնդումները տարածաշրջանում խորացող մարդասիրական ճգնաժամի մասին` կրկին նշելով, թե «կան հնարավորություններ հայ բնակիչների հնարավոր կարիքները բավարարել Աղդամ-Խանկենդի ճանապարհով»:
Ռուսաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, ահազանգել էր` «այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից»։