Հուլիսի 12-14-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթը, որին մասնակցում էր 18 երկիր՝ Բելառուս, Ղրղզստան, Սերբիա, Կոլումբիա, Էստոնիա, Ավստրալիա, Խորվաթիա, Ռուսաստան, Ղազախստան, Իսրայել, Բուլղարիա, Ուզբեկստան, Մեքսիկա, Ռումինիա, Իտալիա, Մոլդովա, Վրաստան և Հայաստան։
Հեղինակավոր մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրեց 10-ամյա Անահիտ Գալստյանը, որը մրցութային երկու օրերին դարձել էր ֆավորիտներից մեկը։ Առաջին մրցութային օրը, որպես միջազգային հիթ Անահիտը կատարեց Jade Ewen-ի երգացանկից «Its My Time» ստեղծագործությունը և արժանացավ ժյուրիի առավելագույն միավորներին՝ հավաքելով 70 միավոր։ Իսկ Երկրորդ մրցութային օրը՝ որպես երկրի հիթ ներկայացրեց Սոնա Շահգելդյանի երգացանկից (երգի հեղինակ Մարտին Միրզոյան) «Կորուստ թե գանձ» ստեղծագործությունը և վաստակեց 63 միավոր։
Այսպիսով, Հայաստանի պատվիրակ Անահիտ Գալստյանը երկու մրցութային օրերին վաստակելով 133 միավոր արժանացավ երկրորդ մրցանակի։ Մեր պատվիրակն այդ հորիզոնականը կիսեց Ռուսաստանի մասնակցի հետ:
«Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան Պրիին արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչը, իսկ առաջին մրցանակին՝ Բելառուսի։ Մրցույթի 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղրղզստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Կարդացեք նաև
Այս պահին հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ, դեռևս գտնվում է Բելառուսում, քանի որ այսօր՝ հուլիսի 15-ին և 16-ին «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Մաշա Մնջոյանը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ