Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խախտել է Արցախի կարգավիճակն ապագայում որոշելու մասին 2020թ. նոյեմբերին բանավոր կերպով ձեռք բերված եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան, պայմանավորվածությունը. Ստեփան Հասան-Ջալալյան

Հուլիս 16,2023 00:09

ՌԴ ԱԳՆ 15.07.2023 թ․ գաղտնագրված հայտարարությունը

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 2023թ. հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը տարածաշրջանում»:

Մեջբերված հատվածում պարզաբանման կարիք ունի հետևյալ ձևակերպումը. «սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը»:

Ի՞նչ պայմանների մասին է խոսքը: Նշված հարցի պատասխանը կարող է որոշակիորեն լույս սփռել օկուպանտ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի ապօրինի արգելափակման համատեքստում Ռուսաստանի Դաշնության ներկայիս պահվածքի առնչությամբ: Հարցի պատասխանը գտնում ենք ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի, հետպատերազմյան իրավիճակի և հարակից հարցերի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի 17-ի հարցազրույցում:

Պատասխանելով Արցախի կարգավիճակի մասին հարցին` ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո, նման խնդիր կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել։ Մենք պայմանավորվել ենք, որ պահպանելու ենք ստատուս քվոն, ներկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, պետք է որոշեն ապագայում կամ ապագա առաջնորդները՝ այս գործընթացի ապագա մասնակիցները: Բայց, իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն նորմալ կյանքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման, մարդկանց միջև կենցաղային մակարդակով, հատկապես հակամարտության գոտում, դա պայմաններ կստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»:

Մեջբերումից պարզվում է, որ Արցախի կարգավիճակի հարցն, ըստ ամենայնի, բանավոր պայմանավորվածության համաձայն, որոշվել է թողնել ապագային:

Սակայն, փաստերի համադրումից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է Արցախի կարգավիճակն ապագայում որոշելու մասին 2020թ. նոյեմբերին բանավոր կերպով ձեռք բերված եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան, պայմանավորվածությունը:

Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել, սակայն, որ նման պայմանավորվածության խախտումը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման հարցում Ռուսաստանի Դաշնության կրավորական կեցվածքի համար, քանի որ Արցախում «ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:»:

Հետևաբար, նշված հայտարարությունը ստորագրած յուրաքանչյուր կողմ, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, պարտավոր է առանց որևէ նախապայմանի և ամբողջական ծավալով կատարել հիշյալ փաստաթղթում արձանագրված իրեն վերաբերելի դրույթները:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ                                                                           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31