Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում համաժողովրդական հանրահավաքի հազարավոր մասնակիցները հավաստիացրին, որ պատրաստ են շարունակելու ամենօրյա պայքարը եւ միասնությամբ, համերաշխությամբ հասնելու են վերջնարդյունքի։ Յոթ ամիս շարունակ շրջանցելով բազմաթիվ դժվարություններ, հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, սահմանային հաճախակի լարվածությունների ֆոնին, հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներով Արցախն իր ամուր ուսերի վրա կրել ու տանում է տոտալ շրջափակման ամբողջ ծանրությունը՝ ապրում, արարում, հավատում են հաղթական գալիքին, եւ որ վերածնունդ անպայման լինելու է։
Նրանք Ստեփանակերտի Մայր հրապարակից կոչ ու խնդրանք հղեցին սփյուռքում ապրող հայրենակիցներին, Հայաստանի Հանրապետության քույրերին ու եղբայրներին, ՀՀ իշխանություններին․ «Տեր կանգնեք Արցախին։ Պաշտպանեք Արցախը։ Տեր կանգնեք Արցախի իրավունքների պաշտպանությանը»,-որից հետո Շուշիին ձոնված երգով հանդես եկավ արցախցի սիրված երգչուհի Լիլիթ Ավանիսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ