Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կլինի կոնսոլիդացիա, ղեկավար կազմի, նրանց մոտեցումների արմատական փոփոխություններ՝ կբացվեն իրավիճակից դուրս գալու հնարավորություններ. Միքայել Համբարձումյան

Հուլիս 15,2023 23:58

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ խորը մտահոգությամբ հետևում էի Ստեփանակերտում իշխանությունների նախաձեռնած բողոքի, օգնության կանչի հավաքին և հանկարծ մտաբերեցի ԱԱԾ պահեստազորի սպաների միության 04.05.22թ. հրապարակումը Երևանում ընթացող հանրահավաքների նկատմամբ Արցախի իշխանությունների կրավորական պահվածքի մասին (նյութը ստորև):

Իսկապես ցավ եմ ապրում, ափսոսանք, որ այս վիճակում ենք՝ խեղճացած, անհույս, հաղթողի գթասրտությանն ապավինած:
Չեմ ուզում անդրադառնալ նրան, որ այդ հավաքում ելույթ ունեցածները ոչ մի քննադատական խոսք չհնչեցրեցին Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ դա իրենց գործն է, բայց մի բան պարզ է՝ փաստորեն Հայաստանի իշխանություններն Արցախի ապագայի տեսլականի հարցում այսօր շատ ավելի պարզ են ու ազնիվ, քան Արցախի ղեկավարությունն իր անհասկանալի վարքագծով:

Համոզմունքս մեկն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կլինեն կոնսոլիդացիա, ղեկավար կազմի, նրանց մոտեցումների արմատական փոփոխություններ՝ կբացվեն իրավիճակից դուրս գալու հնարավորություններ, դռներ, չի լինի ասվածը՝ կշարունակենք այսպես մասնատված մնալ, երկու-երեք տարում Հայաստանն արդեն իսկ հայտարարված պայմաններով կգնա խաղաղության, և երկիրն ի վերջո կհայտնվի Թուրքիայի ուղիղ ազդեցության ներքո:

Եթե գոնե չնչին երաշխիքներ լինեն, որ տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալուց հետո այստեղ կուժեղանա բարեկամ Ֆրանսիայի ազդեցությունը՝ չեմ մտահոգվի, բայց ցավոք համոզված եմ, որ Թուրքիան Ֆրանսիային, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, պարզապես դա թույլ չի տա անել՝ չէ՞ որ Հայաստանի հետ նա ու հատկապես Ադրբեջանն ունեն չլուծված վաղեմի խնդիրներ, հեռագնա նպատակներ…

04 Մայիս, 2022 թ. 
ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ

Հանրահավաքներին և երթերին մեր մասնակցության ընթացքում կատարված դիտարկումները թույլ են տալիս եզրահանգել, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման և որոշակի հաջողություններ գրանցելու դեպքում մասնակիցների թիվն ակնհայտորեն ունի աճման միտում: Ցուցարարների թվում կան տարբեր տարիքի, մասնագիտությունների, հիմնականում գիտակից, բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել` անձերը, կուսակցական պատկանելությունը հաշվի չառնելով, զուտ Արցախի և Հայաստանի նկատմամբ խորը մտահոգությամբ պայմանավորված:

Ակնհայտ է, որ և՛ մասնակիցները, և՛ կազմակերպիչներն իրենց գործողություններում հաստատակամ են, համբերատար, կշռադատված, ակցիաներն անցկացնում են բացառապես խաղաղ պայմաններում, չկա ագրեսիա և զանգվածային անկարգությունների վտանգ: Միաժամանակ նկատվում է մինչև վերջ գնալու, անձնազոհության պատրաստակամություն: Հետևաբար եթե իշխանությունները շարունակեն արհամարհել, ականջալուր չլինել մարդկանց, անտեսել նրանց կարծիքը, հիմնավոր և ճիշտ մտահոգությունները, փորձեն մեզ հայտնի տարբեր եղանակներով վիժեցնել շարժումը, փողոցային խաղաղ ակցիաները ոչ վաղ ապագայում կարող են նաև դադարել: Սակայն դա չի նշանակում, որ հանրությունը կխաղաղվի, մարդիկ կհամակերպվեն և կհանդուրժեն իշխանությունների հակահայ, ապազգային քաղաքականությունը:

Փոխարենը կսկսվի ընդհատակյա գործունեություն, կզարգանա բռնությունը, ի հայտ կգան անհատներ, ուժեր, ովքեր ընդհուպ կոշտ միջոցների, անգամ զենքի գործադրմամբ կփորձեն կանխել Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը: Արդյունքում լուրջ դիմակայություն կսկսվի երկրի ներսում, ինչն անթույլատրելի և ազգակործան ճանապարհ է, քանզի ներսից թուլացնելու է երկիրը և ձեռնտու է լինելու բացառապես մեր թշնամիներին:
Առանց արտաքին ուժերի, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության, առանց զինված բախումներ հրահրելու, առանց երկրի բնակչությանը պատերազմով ահաբեկելու` իշխանությունը բռնաճնշումներով չի կարող երկար գոյատևել ու ի վերջո տեղի է տալու, քանի որ պայքարն ազգային արժեքների և հայրենիքի համար է:

Այս իրավիճակում խիստ մտահոգիչ է Արցախի իշխանությունների և հատկապես նախագահ Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների և մասնավորապես ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ: Կարելի է փաստել, որ Արցախի համար մղվող պայքարում այսօր Հայաստանում բացվել է երկրորդ ճակատ և դրան մասնակից, աջակից չդառնալով` Արցախի նախագահն ու պասիվ մյուս իշխանավորներն ուղղակի դասալիքների և պաշտոններից կառչած կամակատարների են վերածվում:

Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը և մյուսները գիտակցում են, թե ինչ կլինի վաղը Արցախի հետ, եթե այս շարժումը դադարի, թե՞ պատկերացնում են, որ սա միայն ներհայաստանյան խնդիր է: Եթե այդպես են մտածում, այդպես են ուզում, ուրեմն առնվազն անազնիվ են հայաստանցիների ու Սփյուռքի նկատմամբ: Նրանք այստեղ ու այնտեղ կարծիք են հայտնում, թե իբր չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, այդ դեպքում ինչո՞ւ էին հանդուրժում, մարտի կանչում մեր հազարավոր տղաներին. չէ որ Արցախ գնալով` նրանք, ըստ էության, խառնվում էին իրենց ներքին գործերին:

Հասկանալի է, որ լռությամբ և պասիվությամբ այս պաշտոնյաներն իրենց ահռելի հարստությունը պահպանելու խնդիրն են լուծում, բայց գոնե համարձակություն պետք է ունենան հրապարակավ բարձրաձայնելու, ասելու, որ դեմ չեն Ադրբեջանի կազմում ապրելուն, այլապես ստացվում է, որ հայաստանցիները և Սփյուռքը ինքնախաբեությամբ են զբաղված ու նրանց փոխարեն և կամքին հակառակ են պայքարի ելել:

Արայիկ Հարությունյանը հազարավոր մեր զոհերի և մարտնչած տղաների առջև պարտավոր է լինել ցույցերը գլխավորողների շարքերում, քանի որ դրանք առաջնահերթ ծավալվում են Արցախի գոյատևման, հետևաբար անձամբ նաև իր համար, հակառակ պարագայում պետք է բացեիբաց հայտարարի, որ դեմ է շարժմանը և կողմ է Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական քաղաքականությանը (գոնե վերջինս իր դիրքորոշումը հստակ ու ազնվորեն հայտնել է), որի գինը հիմնականում Արցախն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31