Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության պետնախարար․ «Որեւէ մեկը թող թույլ չտա իրեն սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը»

Հուլիս 15,2023 23:10

«Համաժողովրդական շարժումն այլեւս կայացած է եւ իրականություն է։ Սա մի շարժում է, որը ծնվել է բոլոր արցախցիների սրտում եւ սպասում էր պոռթկմանը։ Սա մի շարժում է, որը համակեց բոլորին՝ Ստեփանակերտից մինչեւ Մարտակերտի շրջան, Մարտունու, Ասկերանի շրջաններ»,- Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը եև մասնակիցներին կոչ արեց ողջունել հանրահավաքին հետեւող Արցախի շրջանների իրենց քույրերին եւ եղբայրներին։ «Եկեք ողջունենք եւ ասենք, որ նրանք մենակ չեն, ասենք, որ այստեղ բոլորը հավաքված են հանուն Արցախի Հանրապետության, հանուն Արցախի ժողովրդի հարատեւության։ Համաժողովրդական շարժումը համակել է նաեւ Հայաստանը եւ սփյուռքը»,-ասաց նա։

Պետնախախարը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Հայաստանում մեկնարկելու են իրազեկման ամենատարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում Հայաստանի արժանապատիվ քույրերն ու եղբայրները ստանձնել են բարձրաձայնել Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը Մայր Հայաստանին եւ բոլոր միջազգային կառույցներին ներկայացնելու պարտավորությունը։

«Երեկ մեկնարկած Համաժողովրդական շարժումով մենք կարողացանք այնպես անել, որ Հայաստանում եւ նրանից դուրս ուշադրություն հրավիրվի Արցախի ներսում եւ շուրջը այս աղետալի իրավիճակի վրա։ Եվ վստահությամբ ասում եմ, որ ձեր համառության շնորհիվ մենք ունենալու ենք հաջողություններ եւ հաղթանակներ»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը, որից հետո ի լուր աշխարհի ներկայացրեց Արցախում այս պահին տիրող իրավիճակը, որն, ավաղ, շարունակում է աղետալի մնալ, որ արցախցիները ամեն օր շարունակում են զրկանքներ կրել եւ այդ զրկանքները  օր-օրի ծանրանում եւ խորանում են։ Բայց համաժողովրդական շարժման նպատակն է, որ դժվարությունների առջեւ հայտնված արցախցիներից ոչ մեկն իրեն միայնակ չզգա։

Գուրգեն Ներսիսյանը անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳՆ այսօր արված հայտարարությանը՝ համոզմունք հայտնելով, որ դա արվել է ի պատասխան Արցախում համաժողովրդական շարժման։ Նա նաեւ վստահություն հայտնեց, որ ամենակարճ ժամկետում բազմաթիվ այլ հայտարարություններ եւ կոչեր են հնչելու, իսկ միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից վարվող բանակցություններին, Արցախի Հանրապետության պետական նախարարը հանրահավաքի մասնակիցների անունից հայտարարեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է, որ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է։ Եվ Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, որոշում, առ ոչինչ է։ Եվ որեւէ մեկը թող թույլ չտա իրեն սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը։ Հետպատերազմյան շրջանում մենք լսել ենք բազմաթիվ քննարկումներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու մասին հայտարարություններ, բայց այդպես էլ խաղաղություն, խաղաղասեր վերաբերմունք Արցախի ժողովրդի նկատմամբ  ոչ մի մեկից չտեսանք։ Եվ հիմա Արցախի ժողովուրդն իրավունք ունի հրապարակայնորեն հարցնելու, թե հանուն ինչի են արվում այդ զիջումները։ Եվ եթե խաղաղություն ենք ուզում այդ գնով, ուրեմն այդպիսի խաղաղություն մեզ պետք չէ։ Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք»․-հայտարարեց պաշտոնյան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31