Լրահոս
Օրվա լրահոսը

Բացե՛ք ճանապարհը, նպաստեք նորմալ կյանքի պայմանների ապահովմանը․ բաց նամակ Իլհամ Ալիևին

Հուլիս 15,2023 22:50

Բաց նամակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

Պարոն նախագահ,

Ավելի քան 7 ամիս Լեռնային Ղարաբաղը Ձեր քմահաճույքով բլոկադայի մեջ է: Ավելորդ է ասելը, որ հրաշքով գործող մանկապարտեզներում երեխաները միրգ ու քաղցրավենիք են նկարում: Նույնիսկ ամենալավատեսական տրամադրվածության դեպքում հնարավոր չէ տագնապ չապրել ուրվագծվող մռայլ հեռանկարից՝ ամենաանմարդկային ու դատապարտելի մեթոդներով Դուք Լեռնային Ղարաբաղը տանում եք հայաթափման, որտեղ հայերն ապրում են մարդկային քաղաքակրթության արշալույսից:

Մեր համատեղ գոյակցության պատմությունը հագեցած է եղել իմ ժողովրդի նկատմամբ դրսևորված՝ ընդգծված անհանդուրժողականությամբ, ինչը, մեծ հաշվով, հայտնի է բոլորին ու եղել է միակողմանի: Ու նույնիսկ ԽՍՀՄ տարիների համատեղ կյանքի ընթացքում (երբ, ի դեպ, Լեռնային Ղարաբաղը քաղաքական սուբյեկտ էր՝ ի տարբերություն Ձեր տեսլականի), օրինակ,  գոնե, ակադեմիկոս Զիյա Բունիաթովի ժամանակներից, այդ անհանդուրժողականությունը ստացել է դաժանագույն արտահայտություններ: Բավական է միայն վկայակոչել 1966-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից մանկահասակ հայ տղայի պղծումն ու սպանությունը և դրան հաջորդած՝ բազմաթիվ հայերի հալածանքները: Ու երբ Մեր ընդհանուր պետությունը հայտարարեց նոր կուրսի ու ազատությունների ժամանակաշրջանի մասին, Ղարաբաղի ժողովուրդը բացառիկ պարկեշտ ու կազմակերպված ձևով որոշեց տնօրինել իր ճակատագիրը՝ միանգամայն օրինական, սահմանադրական կարգով: Ու նա այլ ելք չուներ: Թե ինչ հաջորդեց դրան, հայտնի է վաղուց: Այդ ժամանակների արտահայտությունն իմ ընկեր, բանաստեղծ, կինոպրոդյուսեր Սլավիկ Հարությունյանի բանաստեղծական շարքն էր՝ «Ուշացած հեռագրեր Պաբլո Ներուդային»՝ թելադրված Նեյմաթ Փանահովի պես մարդկանց սանձարձակ պահվածքով Ղարաբաղում:

Մինչդեռ մենք, մեր հերթին, միշտ եղել ենք հանդուրժող և օրինապաշտ: Մեր արժեհամակարգում, դրանից դեռ շատ առաջ, Թումանյանից ու Կոմիտասից բացի, նաև Լյութֆիար Իմանովն ու Վագիֆ Մուստաֆազադեն էին: Նույնիսկ արյունալի պատերազմից հետո, 2010 թվականին, Ղարաբաղում հայտնի իմ գործընկերոջն ասել եմ, որ ապագայի մի օր մենք ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու ենք Շուշիում: Ու այդպես մտածում էի ոչ միայն ես՝ մենք պատրաստ էինք դրան, ինչի վկայությունը մեր համատեղ կյանքի ընթացքում մեր ինքնադրսևորումը, մեր հանդուրժողականությունն էին: Բայց օրերս մի տեսանյութ տեսա, որում ձեր զինվորականները ծաղրուծանակով ջարդում են իրենց գյուղն ու տունը պաշտպանելիս զոհված հադրութցիների շիրմաքարերը:

Հիմա ես, ում տաղանդավոր որդին, ով չգիտեր, թե ովքեր են ադրբեջանցիները, ով բանակ էր զորակոչվել զինապարտության օրենքով և զոհվել պատերազմում և ում պատվին անվանակոչված է ֆիզիկայի կաբինետը Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում, ինչպե՞ս հավատամ Ձեր հավաստիացումներին, որ նույնը չի կատարվի որդուս հիշատակի հետ, որ մեր ժողովուրդը կարող է ապահով լինել Ադրբեջանի կազմում, ունենալ իր մանկապարտեզն ու համալսարանը: Ինչպե՞ս հավատամ, երբ պատերազմից հետո կարճ ժամանակով ռուս խաղաղապահների հետ Ստեփանակերտում հայտնված ձեր զինվորականները մտնում են խանութ և մեր կին վաճառողուհիներին ասում, թե եկել են նրանց ետևից:

Կարծում եմ Ձեզ լավ հայտնի է, որ մեզ համար ևս ընտանիքը, պատիվն ու ավանդույթներն անքննարկելի արժեքներ են: Ուզո՞ւմ եք, որ Ղարաբաղի հայությունն ապրի Ադրբեջանի կազմում՝ ստեղծեք դրա համար նորմալ պայմաններ, որոնք երբեք չեն եղել մեր համատեղ գոյակցության ողջ ընթացքում: Մարդիկ իրենց կյանքը վտանգելու պայմանով Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից մի կերպ հասնում են Եվրոպա ու ԱՄՆ՝ լավ ապրելու, վաստակելու համար, մինչդեռ Ղարաբաղի իմ հայրենակիցները չեն ցանկանում ապրել Հայաստանից անհամեմատ հարուստ Ադրբեջանում, որովհետև ազատ ու ապահով միջավայր չկա, ավելին, հենց Դուք եք հավաստում Ձեր գործողություններով, որ դրանք երբեք էլ չեն լինի:

Երկիր մոլորակի վրա ապրող՝ ավելի քան տասը միլիոն իմ հայրենակիցների առօրյան, բացառապես Ձեր կամքով ու որոշմամբ, վեր է ածվել գոյաբանական խնդրի: Քաղաքակրթության պատմության մեջ իր որոշակի ավանդը բերած հայերիս ու հայկական պետականությանն էքզիստենցիալ իրականությանն առերեսելու Ձեր քմահաճույքը, շատ որոշակի, քսենոֆոբիա է: Բայց, գոնե, Դուք պետք է որ լավ իմանաք՝ այդպիսի անհանդուրժողականությունը դեռևս նախորդ դարից՝ նացիստների ժամանակներից, աշխարհը մերժել է անվերադարձորեն: Դրսում 21-րդ դարն է, ու այսօր նոր Մուսալեռ պարզապես չի կարող լինել:

Բոլոր պատերազմներին էլ հաջորդել են խաղաղ առօրյան ու ստեղծագործ աշխատանքը, բայց պատերազմի ավարտից ավելի քան երկուսուկես տարի անց էլ Դուք դրսևորում եք համակողմանի ու դատապարտելի անհանդուրժողականություն (ի՜նչ արժեն միայն այն տեռորն ու հարձակումները, որ դրսևորվում է ամենայն հայկականի դեմ մեդիադաշտում, որին, ըստ էության, լծված է Ադրբեջանի հասարակական-քաղաքական և մշակութային հանրության մի զգալի սեկտորը): Ավելին,  ըստ էության, ձեռնոց եք նետում նախախնամությանը՝ Աստված ժողովուրդներին հայրենիք է շնորհել կոնկրետ աշխարհատարածքներում: Եվ  ոչ մի դատապարտելի ծրագիր՝ լինեն դրանք կոմունիստական, ֆաշիստական, մասոնական և այլն, հաջողություն չեն ունեցել, ասենք, չեն էլ կարող ունենալ, որովհետև մարդկային քաղաքակրթությունն այլ օրենքներով է զարգանում, և Դուք սխալվում եք՝ վկայակոչելով ուժի իրավունքը: Մենք կշարունակենք ապրել մեր հայրենիքում, ինչի իրավունքի վկայությունը նաև Հռոմի Քոլիզեյումի պատի քարտեզն է, և Դուք պարտավոր եք հարգել սեփական հայրենիքում ապրելու մարդկանց իրավունքը:

Բացե՛ք ճանապարհը, նպաստեք նորմալ կյանքի պայմանների ապահովմանը:

Հ. Գ. կարծում եմ՝ ասվածը բավական համոզիչ է նաև մեզ ադրբեջանցիների հետ երկխոսության տրամադրող միջազգային գործընկերների համար, ովքեր, ցավոք, խորապես ծանոթ չեն հակամարտության խորքային շերտերին և երբեմն, անգամ, Եվրոպայի օրինակն են բերում, որտեղ պետությունների սահմանները կարող են անցնել անգամ զբոսայգիներով:

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ

ԳՐՈՂ, ԼՐԱԳՐՈՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31