Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը. Ալիևն ընդամենը կրկին հաստատեց այդ օրինաչափությունը. Tert.am

Հուլիս 15,2023 22:40

Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է Tert.am-ի հարցերին։

-Բարև Ձեզ, նախ ձեզնից սկսենք։ Ինչպե՞ս է անցնում կալանավորված Արմեն Աշոտյանի օրը, ինչպե՞ս եք ձեզ զգում, հնարավորություն ունե՞ք հետևելու ներքին ու արտաքին քաղաքական անցուդարձին։

-Երբ ամբողջ ուշքս, միտքս, ցավից Հայաստանի և Արցախի ներկայիս աղետաբեր իրավիճակն է, քո սեփական խնդիրները և անազատությունից բխող դժվարությունները, երկրորդ պլան են մղվում: Կարծես, կապել են ծառից և աչքիդ դեմը այրում են քո հարազատ օջախը: Տեղեկատվական հոսքերը խիստ սահմանափակ են, հասանելի հեռուստաալիքների ճնշող մեծամասնությունը կամ моя хата с краю սկզբունքով է աշխատում, կամ էլ վերածվել է հանցավոր իշխանությունների շարքային քարոզիչների: Սակայն անկախ առկա խոչնդոտներից, ձեռքս պահում եմ զարկերակի վրա, շատ կարդում եմ, ակտիվ գրում եմ և հրապարակում, փորձելով անգամ բանտախցից շարունակել պայքարը գաղափարական, տեղեկատվական, բարոյական հարթություններում:

-Ընդդիմադիր ուժերն ու հասարակության ընդդիմադիր հատվածը Ձեզ միանշանակ քաղբանտարկյալ է համարում, նաև նշում են, թե ինչու եք հենց դուք կալանքի տակ։ Ձեր կարծիքով ինչո՞ւ հենց դուք և ինչո՞ւ հենց այս փուլում։

-Օգտվելով Ձեր հարցից` նախ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք իրենց սատարումն ու համերաշխությունն են հայտնել ինձ ու իմ ընտանիքին: Այն մարդկանց, որոնք չեն կերել «Աշոտյան հանցագործ» իշխանական անբարո կուտը: Այն մարդկանց, որոնք պայքարում են իմ և իմ առիթով` մյուս քաղբանտարկյալների ազատության համար: Այն մարդկանց, որոնք շարունակում են պայքարել նիկոլական կուրտիզանուհիների ռեժիմի դեմ: Տեղեկացա, որ ըստ սոցիալական հարցումների հայ հասարակության զգալի հատվածը (մոտ 42%) հավատում է, որ իմ դեմ դեռևս 2018-ից սանձազերծված և գնալով ավելի սրիկայաբարո և օրենքի հետ աղերս չունեցող հետապնդումը բացառապես քաղաքական է: Որքանով հասկանում եմ, ինձ կալանավորելու օգտին Նիկոլի համար վերջին փաստարկը եղել է ամիսներ առաջ իմ կողմից հրապարակված փաստաթղթի նախագիծը, ըստ որի, Արցախը պետք է բռնակցվի Ադրբեջանին և որի շուրջ հայ ժողովրդից գաղտնի բանակցում էր Փաշինյանը: Այն ժամանակ իշխանությունները փրփուրը երախներին փորձում էին լղոզել այդ փաստը, սակայն վերջերս լկտիաբար հենց այդ մոտեցումն են որդեգրել Արցախի հարցում:

-Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում կայացավ։ Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ հույս ունի այդ հանդիպմանը առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Օրեր առաջ Ալիևը խոսում էր Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում բանավոր ճանաչելը փաստաթղթով ամրագրելու մասին։ Արդեն մի քանի օր ինտենսիվ կրակում են սահմանին։

-Բրյուսելյան հանդիպման փաստը հարկ է դիտարկել և՛ ռեգիոնալ, և՛ գլոբալ վերջին զարգացումների համատեքստում: Քանի մեզ շարունակում է ներկայացնել Նիկոլը, ոչ մի դրական ակնկալիք և ոչ մի հանդիպումից չի կարող լինել` Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն թե Փարիզ: Պարզապես ընթացող պրոցեսները լրացուցիչ արագացում են ստացել, և բոլոր կողմերը շտապում են, մի իրավիճակ, որը արմատապես հակասում է հայկական շահերին: Մեզ պետք է շունչ քաշել, բայց մեզ ստիպում են փչել վերջին շունչը: Աշխարհը թքած ունի, թե Ադրբեջանը ինչ է անում, կարծելով, թե «Նիկոլ-վարչապետ» ունեցող ազգի հետ կարելի է անել ամեն ինչ: Հիշեցնեմ օրինակ, որ Վաշինգտոնյան վերջին հանդիպման ժամանակ էլ Ադրբեջանը կրկին սպանեց մի քանի հայի: Եվ, ինչ պակաս էր Արարատ Միրզոյանը քսմսվում Բլինքենին և Բայրամովին: Ունեմ նաև հիմնավոր տպավորություն, որ օգտվելով Ռուսաստանի «գլուխս խառն է, համբերեք» մոտեցումից, ներառյալ ներքաղաքական վերջին իրադարձություններից և Էրդողանի գեոպոլիտիկ ակրոբատիկայից, Նիկոլը և Ալիևը միասին կփորձեն «финишный рывок» անել հենց արևմտյան թրեկ: Ի դեպ, վաղուց եմ ասել, որ Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը: Ալիևն ընդամենը կրկին հաստատեց այդ օրինաչափությունը:

-Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շարունակում է առաջարկներով հանդես գալ, թեև իշխանության կոշտ, արհամարհական արձագանքին ու թիրախավորմանը։ Վերջին տեսաուղերձում Օսկանյանը Փաշինյանին հորդորեց հայ ժողովրդի օրակարգով գնալ Բրյուսել, փոխել բանակցային նարատիվը և ասել, որ թեև ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն բանակցային օրակարգում անպայման պետք է հաշվի առնել, որ Արցախը Խորհրդային շրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել։ Արդյոք այս մոտեցումը բան կփոխի բանակցային սեղանին և արդյոք Փաշինյանը կհետևի հորդորին։

-Ինչով էր կարևոր Օսկանյանի նախաձեռնությունը: Շատ պարզ բացատրեմ: Իշխանությունները երկար ժամանակ է, ինչ իրենց քարոզչությամբ շեփորահարվող մանիպուլյացիաների շարքում օգտագործում են երկու սուտ․

1.Իրավիճակն այնպիսին է, որ ով էլ լինի, նույն բանն է անելու Արցախի հարցով,

2.Ընդդիմությունը միայն խոսում է, ոչինչ չի առաջարկում։

Եվ ահա Օսկանյանի առաջարկը շատ արագ պայթեցնում է Նիկոլական այս երկու փուչիկները`դրսևորելով բովանդակության և պատասխանատվության մշակելու և վերցնելու պատրաստակամություն: Նախկին արտգործնախարարը յուրովի ապացուցում է, որ «թագավորը մերկ է»: Սա է պատճառը, որ իշխանական ոհմակը ընկել է գալարվածության մեջ և թույն է արտազատում այս կապակցությամբ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31