Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում Համաժողովրդական խաղաղ հանրահավաքի երկրորդ օրը մեկնարկեց Արցախի Հանրապետության պետական օրհներգով եւ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանի մատուցած աղոթքով, որից հետո հոգեւորականը դիմեց արցախցիներին. «Իմ սիրելի արցախցիներ, իմ սիրելի հերոսական ժողովուրդ: Փառավոր անցյալ ենք մենք անցել, այսօր կանգել ենք դժվարության, խնդիրների առջեւ: Եվ բոլորս այսօր այսպիսի միասնականությամբ եկել ենք «Վերածննդի» հրապարակ՝ մեր կոչը ուղղելու համայն աշխարհին եւ ասելու նրանց. ոչ թե մեզ նայեք շահի տեսանկյունից, այլ օրենքի տեսանկյունից: Որովհետեւ շահի տեսանկյունից նայելով վերանում են օրենքի բոլոր հիմնաքարերը:
Այսպիսի միասնականությամբ, ոգեւորված տեսնելով այս միասնականությունը, ես ինքս ապրում եմ մեծ ոգեւորություն եւ խանդավառություն: Եվ պիտի այսպես միասնականությամբ քայլենք առաջ եւ մեր ձայնը ասենք համայն աշխարհին: Եվ մեր աղոթքը Աստծուն առաքենք, որպեսզի Աստված մեզ ողորմի եւ առաջնորդի մեր արդար պահանջների մեջ:
Սիրելիներ: Միասնականությունը ոչ թե խոսքով է, ոչ թե ֆիզիկական ներկայությունով է, այլ իրական միասնականությամբ, հոգատարությամբ, եւ սիրով: Նաեւ հույսով եւ բարի գործով է որոշվում: Միաբանության մեջ է լինելու մեր օրհնյալ ապագան: Եվ այս օրը, սիրելի արցախցիներ, պատահական օր չէ: Մենք նոր կատարեցինք Նախատոնակը եւ վաղվա տոնի՝ Վարդավառի, պայծառակերպության: Պայծառակերպությունը նշանակում է՝ պայծառակերպվել հոգով, սրտով, մարմնով, մտքով: Պայծառակերպենք մեր Արցախ Աշխարհը նորանոր հաջողություններով եւ հաղթանակներով»,-ասաց հոգեւոր հովիվը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ