Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հուլիս 15,2023 20:51

Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 15-ին Կինոյի տանն անցկացվեց  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ Արծաթե ծիրան ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», Արծաթե ծիրանի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։

FIPRESCI մրցանակ ստացավ Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին»։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Արծաթե ծիրան ստացավ Արման Այվազյանի «Քարերը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։

Փառատոնի հովանավոր Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանձնվեց հատուկ մրցանակ Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։

Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia- ի մրցանակ ստացավ Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» ֆիլմը։

Փակման արարողության ժամանակ լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Լավ Դիասը արժանացավ Փարաջանովյան թալեր մրցանակին։

Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում էր Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։ Փառատոնի հատուկ հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Փառատոնի փակմանը ցուցադրվեց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

«Ոսկե ծիրան»-ն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից:

Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Փառատոնի հովանավորներն են Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, Թիմ ընկերությունների խումբը և Արարատ լեգենդար կոնյակի գործարանը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31