Հուլիսի 20-22-ը Տավուշի մարզի Իջևան բազմաբնակավայր համայնքում «Մենք ենք մեր սարերը» ծրագրի հայեցակարգային մտահղացմամբ կկազմակերպվի մշակութային փառատոն, որին մասնակից կլինեն համայնքի բոլոր բնակիչները։ Փառատոնը կհյուրընկալեն Իջևան, Խաշթառակ, Աչաջուր և Բերքաբեր բնակավայրերը։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը:
«Այս փառատոնի նպատակն է նախաձեռնությունների շնորհիվ զարգացնել Իջևան բազմաբնակավայր համայնքի մշակութային և տնտեսական գործուն կյանքն ու ապահովել համագործակցային և մշակութային տնտեսության զարգացում։ Երեք օր շարունակ համայնքի բնակիչներին եւ հյուրերին սպասվում է մշակութային ու ժամանցային անկրկնելի ծրագիր: Հուլիսի 20-ին Իջևանում կլինի տեղական արտադրանքի տոնավաճառ, ինչպես նաև «Արհեստ եւ արվեստ» տոնավաճառ, վարպետության դասեր, զվարճանքներ։
Օրակարգվում ընդգրկված է` «Մեր Իջևան» մեծադիր կտավի ստեղծում, տավուշյան ավանդական խաղերի ցուցադրում, տոնական համերգ, օրը նաեւ Խաշթառակում անցկացնելու հնարավորություն, վերելք դեպի Խաշթառակի սար, հունձի մրցույթ՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դրվագներով, «Դատի քարի մոտ» ներկայացում, երեկոյան բացօթյա կինոդիտում։ Հուլիսի 21-ին կլինի ուղեւորություն դեպի Աչաջուր համայնքի Մակարավանք վանական համալիր: Այստեղ կլինի բերք ու բարիքի եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ելույթ կունենա Տավուշի թեմի երգչախումբը: Հուլիսի 22-ին տոնը կշարունակվի Բերքաբերում ՝ բերքուբարիքի ցուցահանդես –տոնավաճառով, տարբեր մրցույթներով, լարախաղացի ելույթով, ներկայացումներով, տոնական համերգով, կինոդիտմամբ, դիսկոտեկով և, իհարկե, ավանդական ջրոցիով»,- նշեց Ղալումյանը:
Իջևանի համայնքապետարանից նաև հայտնեցին, որ փառատոնին Երևանից մասնակցողների համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մատենադարանի մոտից անվճար տրանսպորտ կտրամադրվի, Իջևան և հակառակ ուղղությամբ մասնակիցներին տեղափոխելու համար
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը` Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից