ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ներքին գործերի նախարարության եւ Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխել են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ լրագրող Քսենյա Սոբչակի սպանության փորձը, որը ենթադրաբար նախապատրաստվել էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով Դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրությանը:
Ըստ վարկածի, մահափորձի կազմակերպիչների հետեւում կանգնած են Ուկրաինայի հատուկ ծառայությունները: Հունիսի 14-ին Մոսկվայում ձերբակալվել են «Պարագրաֆ 88» նեոնացիստական խմբավորման անդամներ, որոնք Մարգարիտա Սիմոնյանի եւ Քսենյա Սոբչակի աշխատավայրի եւ բնակության հասցեների հետախուզություն են իրականացրել: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե քանի մարդ է ձերբակալվել եւ կոնկրետ ինչ գործողություն են նրանք պատրաստվել իրականացնել: «Քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվածները հաստատել են, որ յուրաքանչյուր սպանության համար 1,5 միլիոն ռուբլի վարձի դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ նախապատրաստում էին մահափորձը»,- նշում է Ռուսաստանի հատուկ ծառայությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ