Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ․ «Պետք է անհապաղ սկսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքները՝ հիմնվելով նախկին պայմանավորվածությունների վրա»

Հուլիս 15,2023 16:50

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը

«2022թ. հոկտեմբերին եւ 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է հիմնարար պայմանները, որոնց պարագայում է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։ Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Արցախի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։

Անհրաժեշտ է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի պատրաստումը Բաքվի եւ Երեւանի միջեւ՝ հենվելով մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

Ելնում ենք այն բանից, որ այս համաձայնագրի անքակտելի մաս պետք է դառնան արցախահայերի իրավունքների եւ անվտանգության հստակ եւ հուսալի երաշխիքները, ինչպես նաեւ եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրի անվերապահ կատարումը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։

Հաշվի առնելով շարադրվածը՝ ռուսական կողմը հաստատում է միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը՝ Արցախի նորմալ կենսագործունեության վերականգնման ուղղությամբ։ Պատրաստ ենք առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար։

Մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ այսօր իրավիճակն Արցախի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Խորանում է հումանիտար ճգնաժամը այդ տարածքում։ Տեղի բնակչությունը սննդամթերքների, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր անբավարարություն է զգում, գրեթե զրկված է էլեկտրա-եւ գազամատակարարումից։ Դա կարող է հանգեցնել ամենադրամատիկ հետեւանքների արցախահայերի՝ շրջանի շարքային բնակիչների համար։

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ փոխադրման համար երկու ուղղություններով, ինչպես նաեւ վերականգնել տարածաշրջանի էներգամատակարարումը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Թուրքերը «Լաչին»ի միջանցքը փակեցին՝ 12 Դեկտեմբեր 2022-ին:

    Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ 14 Մայիս 2023ին:

    Ուրեմն դեռ կը սպասենք որ ՌԴ-ն բացատրէ թէ ինչո՞ւ,12 Դեկտեմբեր 2022-էն մինչեւ 14 Մայիս 2023, հինգ ամիսներ, նա չկարողացաւ կատարել իր պաշտօնապէս ստանձնած պարտաւորութիւնը, բանալով՝ Բերձորի միջանցքը:

    Ամբողջական – ստորագրուած – գրառումը՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0FEpCPkHP4JqYi8rDF9oNgcMviGLEYz9k8U4dnziVd6mkvWkHK4rUNXpk43pbBustl&id=100063953917374

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31