Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱԿ-ը որոշեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրությանը

Հուլիս 15,2023 15:52

Կայացավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) հերթական համագումարը, որտեղ որոշվեց մասնակցել սեպտեմբերին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:

Համագումարի ավարտին ՀԱՍԱԿ քաղաքական վարչության անդամ Ծովինար Կոստանյանը պատասխանելով լրատվամիջոցների հարցերին ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաջողություն ունենալու իրենց հնարավորությունները բավականին բարձր են գնահատում: «Կարծում ենք, որ մեր գաղափարները եւ մեր կուսակցությունը որպես նոր քաղաքական ուժ, որը մտնում է պայքարի մեջ, շատ հետաքրքիր կլինեն ընտրողների համար: Պետք է ուղիղ երկխոսություն հաստատենք քաղաքացիների հետ եւ երկխոսության միջոցով կիսվենք մեր գաղափարախոսությունով: Մենք բազմաթիվ ՏԻՄ ընտրությունների ենք մասնակցել, ունենք ավագանու անդամներ տարբեր համայնքներում: Նաեւ տարբեր քաղաքական ակցիաների հեղինակ ենք, որոնց միջոցով մեր ձայնը լսել ենք տալիս: Եվ կարողացել ենք հաջողության հասնել ոչ միայն այն ժամանակ, երբ մենք ձեւավորվել ենք որպես կուսակցություն, այլեւ երբ ակտիվ գործունեություն ծավալել ենք հասարակական դաշտում: Մենք միշտ պայքարել ենք մեր գաղափարների համար, որոնք մեր համոզմամբ ի շահ Հայաստանի Հանրապետության են, հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու»:

Ծովինար Կոստանյանը, մեկնաբանելով նախկինում ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության արդյունքները, ասաց, որ անբնական, անգամ կասկածելի կլինի, որ ինչ-որ քաղաքական ուժ հայտնվի եւ միանգամից բարձր հաջողություններ արձանագրի: Նրա համոզմամբ, այդպես չի լինում: Պետք է տարիների ընթացքում քաղաքացիների վստահությունը շահել:

Դիտարկմանը, թե  իշխանությանը շահագրգռված է, որ ընտրություններին շատ կուսակցություններ մասնակցեն, որպեսզի ավելի շատ ձայներ փոշիանան, Ծովինար Կոստանյանը պատասխանեց. որ ՀԱՍԱԿ-ը իշխանության այդ ծրագրի շրջանակում չէ: «Ես տեղյակ չեմ իշխանությունն ինչ ծրագրեր ունի այս ընտրությունների վերաբերյալ: Ես կարող եմ խոսել մեր ծրագրի մասին, որը հետեւյալն է: Մենք մասնակցելու ենք Երեւանի ավագանու ընտրություններին, որպեսզի հաղթանակ ունենանք, որ Երեւան քաղաքի բնակիչը ծանոթանա մեր ծրագրերին եւ իր ձայնը տա, որպեսզի մենք կարողանանք այն ծրագրերը, որոնք ներկայացնելու ենք, ի կատար ածել Երեւան քաղաքում մարդկանց արժանապատվորեն ապրելու համար»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Ծովինար Կոստանյանը վստահեցրեց, որ ՀԱՍԱԿ-ը գործում է ընդդիմադիր դաշտում: Մեր մյուս հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որպեսզի ընդդիմադիր քաղաքական ուժերը Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցեն միասնական դաշինքով, մեր զրուցակիցը ասաց. «Այս պահին այդպիսի օրակարգ չկա: Ճիշտ չեմ համարում հիմա խոսել մեր կուսակցության ներսում քննարկումների մասին, որովհետեւ կարճ ժամանակի ընթացքում մենք հանդես կգանք հայտարարությամբ, թե ով է առաջնորդելու մեր ցուցակը, ովքեր են լինելու առաջին հնգյակում, տասնյակում: Եվ ձեր այդ հարցին այդ ժամանակ կպատասխանենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31