Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակողմ հանդիպմանն ընդառաջ հարյուրավոր եվրոպական ՀԿ-ներ պահանջում են իրենց ղեկավարներից պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Հուլիս 15,2023 15:47

Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։

Նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։

Նամակի հեղինակները մատնանշում են անտանելի կենսապայմանները, որոնցում հայտնվել են 120.000 արցախահայեր՝  Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի կանխամտածված շրջափակման հետևանքով։

«Հանուն մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, հանուն այն արժեքների, որոնց ջատագովն են եվրոպական ժողովրդավարությունները, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» եվրոպական կազմակերպությունները իրենց առաջնորդներից խնդրում են ձեռնարկել հետևյալ վեց կոնկրետ գործողությունները․

Ադրբեջանից կրկին պահանջել անհապաղ դադարեցնել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության խախտումները, հանել Հակարիի կամրջի անցակետը, որը տեղադրվել է Արդարադատության միջազգային դատարանի և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց և ապրանքների ազատ ու ապահով շարժը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։

Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ կիրառել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների, միջազգային պարտավորությունները չկատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացնելու և Արցախը շրջափակման համար։

Օգտագործել բոլոր լծակները՝ կանխելու Բաքվի ցանկացած վերահսկողություն Արցախի նկատմամբ, քանի որ դա անխուսափելիորեն նշանակում է Արցախի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկ զտում։

Ճանաչել Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը  որպես կենսական անհրաժեշտություն և օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ կայուն խաղաղության և անվտանգության համար։

Գործարկել օդային միջանցք՝ Արցախին շտապ տնտեսական և հումանիտար օգնության տրամադրելու և Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով օդային հաղորդակցությունների անվտանգությունը երաշխավորելու նպատակով,

Իբրև խաղաղ բանակցությունների նախապայման՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս զորքերը անհապաղ և առանց նախապայմանների դուրս հանելի ՀՀ ինքնիշխան տարածքից և վերջ տալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշմանը։

Նամակը հղվել է Եվրոպական միության առաջնորդներին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ։

 

Եվրոպացիները հանուն Արցախի նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31