Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առիթով դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը շուտով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, ի թիվս այլնի նշեց. «Ողջունում եմ Հայաստանի կառավարության խիզախ հանձնառությունը հանուն խաղաղության եւ ժողովրդավարության՝ ի հեճուկս չափազանց դժվար համատեքստի:
Ռուսաստանի սանձազերծած սոսկալի պատերազմը, որի առաջին զոհը Ուկրաինան է, բայց նաեւ ռուս ժողովուրդը, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը եւ չի նպաստում լարվածության թուլացմանը: Ֆրանսիան ցավում է Հայաստանի սահմաններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ շարունակվող ագրեսիայի համար, բնակչություն, որը մեծապես տուժել է Լաչինի միջանցքի արգելափակումից, եւ որի իրավունքները պետք է հարգվեն՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման:
Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այս պահին հանրահավաք է անում Ստեփանակերտում՝ պահանջելով վերականգնել իր իրավունքները եւ պահանջում ենք, որ բռնություն չկիրառվի խաղաղ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հույս հայտնեց, որ Բրյուսելյան բանակցությունների ընթացքում առաջընթաց կգրանցվի: «Եկեք չթուլացնենք մեր համատեղ ջանքերը ընդլայնելու միջազգային հանրության ներգրավվածությունը խաղաղ գործընթացում, քանզի այստեղ, ինչպես Ուկրաինայում վտանգված են նաեւ եվրոպական անվտանգությունն ու արժեքները,կայունությունը ողջ՝ աշխարհում»:
Դեսպանի ձեւակերպմամբ, այս լարված համատեքստում ապատեղեկատվությունը զանգվածաբար օգտագործվում է ժողովրդավարական պետությունների ապակայունացման նպատակով. «Մենք պետք է պահպանենք նաեւ քաղաքացիների ստույգ եւ հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ