Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համագումարը

Հուլիս 15,2023 14:40

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ վերընտրվեց Արման Ղուկասյանը: Քաղաքական ուժն ընտրեց նաև վարչության նոր կազմը:

Ի թիվս կուսակցաշինության և այլ հարցերի, ՀԱՍԱԿ-ը քննարկեց նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցը. որոշումը դրական էր:

Իր ելույթում կուսակցության վերընտրված նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրեց այն թեզերը, որոնց հիմքով կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել առաջիկա ընտրություններին: Նա նախ նշեց, որ մեր հայրենիքն ապրում շատ բարդ, ճակատագրական ժամանակահատված, որոնք չեն կարող չմտահոգել իր երկիրը սիրող մարդկանց:

«Ինձ հաճախ են հարց տալիս, թե ի՞նչ է լինելու: Ես ունեմ այդ պատասխանը՝ մեզանից յուրաքանչյուրն է որոշում, թե ինչ է լինելու: Դեռ որքա՞ն մենք պետք է ապրենք այսպես. Այս հարցն էլ է հաճախ հնչում: Եվ պատասխանը նույնն է՝ ես, դու, մենք ենք որոշելու: Եվ եթե ես վստահ չլինեի այս սկզբունքների մեջ, ես երբեք չէի նախաձեռնի այս կուսակցության հիմնադրումն ու զարգացումը: Շատերն ինձ ասում են, որ 2018-ին արդեն նախաձեռնել են, փորձել են, բայց չի ստացվել, հիասթափված ենք: Բայց սա ամենասխալ ուղին է, երբ մի անգամ չի ստացվում ու դու հրաժարվում ես: Եթե մենք հրաժարվենք մեր պետությունը կառուցելու դերից, ապա պետությունն ու պետականությունը կմեռնի»,- ասաց նա:

Ղուկասյանի խոսքով, մենք ամենուր բախվում ենք անարդարությանը, բայց ինքը չի պատրաստվում համագործակցել անարդարության հետ, այլ ընտրել է դրա հետ պայքարելու ճանապարհը: Իսկ կուսակցության անվանման մեջ էլ հենց արդարության կարևորումն է.

«Ես չեմ հրաժարվելու լինել բժիշկ, ով կփորձի բուժել երկիրը, ես չեմ պատրաստվում հանձնվել, հրաժարվել լինել ՀՀ քաղաքացի ու առավել ևս լքել Հայաստանը: Եվ ՀԱՍԱԿ-ը հանուն ապագայի կուսակցություն է»,- հավելեց նա:
Ըստ այդմ, կուսակցությունն ընդունեց հայտարարություն սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասով: Ընտրվեց նաև կարգախոս՝ «Դու կարո՛ղ ես»:

«Մենք մեր համեստ ռեսուրսներով ու դիրքորոշմամբ կփորձենք համոզել երևանցիներին, որ չենք պատրաստվում ծառայել այս կամ այն քաղաքական ուժին կամ էլիտաներին: Մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն Երևանի ու երևանցիների ապագայի համար, և պատրաստ ենք մեր կամքը, մեր ձայնը պարտադրել: Միասին պայքարենք անարդարության դեմ»,- շեշտեց նա:
Քաղաքական ուժի ղեկավարը նշեց, որ այս ընթացքում տարբեր քննարկումներ է ունեցել մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն որոշում է կայացվել մասնակցել միայնակ:
Կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն իր ելույթում նշեց, որ կուսակցությունը պայքարել և պայքարելու է իրական փոփոխությունների ու բարեփոխումների համար, այլ ոչ թե դեկորատիվ փոփոխությունների: Եվ դա է պատճառը նաև, որ հասարակության շրջանում շատ մեծ է հիասթափությունը, որը հատկապես խորացավ 2018 թվականից հետո.

«Հիասթափվելու և կոտրվելու իրավունք չունենք, դա հանցագործություն է: Դա են ուզում մեր թշնամիները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Նրանց ուզածն է, որ մենք լքենք մեր երկիրը, հեռանանք, բայց մենք պետք է պայքարենք հենց սրա դեմ և մեր կարգախոսը՝ «Դու կարո՛ղ ես», հենց դրա մասին է»,- ասաց նա:

Կոստանյանը կարևորեց Երևանի դեմքը պահպանելու ծրագրերը, որոնք առանցքային են լինելու իրենց ուժի համար. “Երևանը կորցնում է իր դեմքը. Սա անթույլատրելի է և պետք է կանգնեցնել: Մենք ուզենք կոնկրետ լուծումներ, կոնկրետ ծրագիր, որը մշակել ենք մասնագետների մասնակցությամբ, որը կներկայացնենք քարոզարշավի ընթացքում: Մենք պայքարելու ենք Երևանի կոմպետենտ և արդար կառավարման համար և վստահ եմ, որ կհաջողենք միասին”,- հավելեց փոխնախագահը:

Վարչության անդամ Գրիգոր Բալասանյանն էլ ընդգծեց, որ հեռու է այն մտքից, որ Երևանի գլխավոր խնդիրը փոսերն ու ասֆալտապատումն է: Երևանի քաղաքապետը, նրա խոսքով, այլ գործով է զբաղված.

«ՀԱՍԱԿ-ը գալիս է Երևանի համաչափ զարգացման, առկա անարդարությունները շտկելու համար: Երևանը մինչ օրս չունի զարգացման ռազմավարություն, և սա ես չեմ ասում , այլ փաստում են մասնագետները: Մենք գալիս ենք, որ աշխատատեղերի ստեղծումը բերենք առաջին պլան, որովհետև սոցիալական արդարությունը զարգացման կարևորագույն բաղադրիչն է»,- ասաց նա:

Բալասանյանը նաև հավելեց, որ ամպագոռգոռ, պոպուլիստական ծրագրեր ներկայացնելուց կուսակցությունը զերծ է մնալու, քանի որ, ի տարբերություն այլ ուժերի, միշտ պատասխանատու է եղել և պատրաստ պատասխան տալ իրեն վստահող քաղաքացիներին:

Նշենք, որ ՀԱՍԱԿ-ը ստեղծվել է 2016 թվականին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31