«Բոլորիս հայտնի է, որ վերականգնողական բժշկությունը հետպատերազմյան շրջանում մեծ զարգացում ապրեց Հայաստանում, իրոք շատ կարեւոր է վերականգնողական բժշկության դերն ու նշանակությունը: Երեւի չէինք պատկերացնում, թե ինչքան կարեւոր է լինելու մեր տղաների վերականգնողական բուժօգնության համար նման ծառայությունների կազմակերպումը եւ բարձր հասանելիության ապահովումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեր գործընկերների հետ պարբերաբար այս թեմայով ունեցած հանդիպումների ժամանակ նշել ենք, որ մեր պետությունն ուշադրության կենտրոնում է պահում վերականգնողական բժշկությունը:
Վերջին 2-3 տարիների ընթացքում պետությունը 5-6 անգամ մեծացրել է այս ոլորտի ֆինանսավորումը, շուրջ 2,5 միլիարդով վերականգնողական բուժօգնությունը ֆինանսավորվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում»,- Առողջապահության ազգային ինստիտուտում կայացած «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» (ՎԲՄՎ) ծրագրի ամփոփման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:
ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, Սոմնուս նյարդաբանական կլինիկայի ղեկավար, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ Նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանի խոսքով, ուղղակի պարտավոր ենք դառնալ տարածաշրջանում առաջատար՝ այդ ոլորտում ունենալով սեփական՝ գուցե դառը փորձը:
Կարդացեք նաև
Նրա գնահատմամբ, մեծ աշխատանք է կատարվել կազմակերպիչների, ծրագիրը կազմողների կողմից, եւ որ ամենակարեւորն է՝ ծրագիրը տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց բերել է մեկ հարթակ եւ ինչ-որ չափով ստանդարտացրել է այն մոտեցումները, որոնք շուտով գնալու են պրակտիկ եւ կրթական ոլորտ:
Սամսոն Խաչատրյանը կարեւորեց կրթական եւ գիտական հենքի ուժեղացումը, շեշտեց, որ վերականգնողական ոլորտը մեր երկրում դարձել է ամենաարդիական ուղղություններից մեկը: Ընդգծեց, որ մեծ ցանկություն կա, որ ծրագիրը շարունակություն ունենա:
ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանն ասաց, որ կարծես երեկ լիներ, երբ բոլորը հավաքվել էին՝ միասին սկիզբ տալու ծրագրին, ու այժմ 10 ամիս անց նշում են ծրագրի ավարտը: Արման Ոսկերչյանի ձեւակերպմամբ, անցած 10 ամիսը դժվար, բայց կարեւոր ճանապարհ էր բոլորի համար, եւ ինքը ուրախ է, որ այն կարողացան անցնել 30 մասնակիցները, որոնց մի մասն Արցախից է:
Նա ափսոսանքով, նշեց, որ Արցախի մասնակիցները, ցավոք, ոչ բոլոր մոդուլներին կարողացան միանալ, բայց չնայած բոլոր մարտահրավերներին՝ կարողացան օնլայն ճանապարհով լիարժեք լրացրել են գիտելիքները:
«Անշուշտ, սա մեծ իրադարձություն է: Նոր մոտեցում է, թե ինչպես կարելի մեծ մարտահրավերներ, հարցեր լուծել համագործակցության ու թիմային աշխատանքի ճանապարհով: Մենք կարեւոր բաներ կարողացանք իրականացնել Հայաստանում՝ գործընկերության, թիմային հրաշալի աշխատանքի ոճով: Լիահույս եմ, որ մեր երկրի համար կարեւորագույն այս ծրագիրը կլինի շարունակական»,-հավելեց ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիրը եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահը:
«Շատ ուրախ եմ, որ վերականգնողական հետբուհական զարգացման ծրագրի 30 շրջանավարտները ավարտեցին այս ծրագիրը եւ այժմ կարող են իրենց գիտելիքները, հմտությունները կյանքի կոչել: Այս ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե համագործակցությունը, թիմային աշխատանքը չկարողանայինք դարձնել ծրագրի հիմնաքար: Սա շատ լավ փորձ էր այն առումով, որ կարողացանք ներգրավել լավագույն մասնագետներին եւ փորձագետներին արտասահմանից, հայ-ամերիկյան սպորտային բժշկության ասոցիացիայից»,-նշեց Արման Ոսկերչյանը
Հավելենք, որ «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» (ՎԲՄՎ) ծրագրի մեկնարկը տրվել է 2022թ.-ի հոկտեմբերի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի, «Թերապիստները Հայաստանի համար» ասոցիացիայի, Polaris EduCorp-ի և ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի կողմից։ Սա առաջին հայկական հետ մասնագիտական կրթական ծրագիրն է՝ ուղղված հետպատերազմական շրջանում մեծահասակների և փոքրերի վերականգնողական ծառայություններին՝ նպատակ ունենալով զարգացնել ոլորտը և բարելավել ծառայությունների որակը՝ շարունակական խնամքի միջոցով, ինչպես նաև աջակցելով տեղի մասնագետներին ու դասախոսներին, վերականգնողական ծառայությունների ոլորտում Հայաստանը տարածաշրջանային առաջատար դարձնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ