Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների եվրոպական միությունը հիշեցնում է Հայաստանի իրավասու մարմիններին՝ միջազգային և եվրոպական ստանդարտների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ է անում հարգել ու հետևողական լինել դրանց կիրառմանը

Հուլիս 15,2023 13:54

Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին՝ Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի բնօրինակը տեղադրված է դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում 

Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև.

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյան ([email protected])

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ([email protected])

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վլադիմիր Վարդանյան ([email protected])

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերս

([email protected])

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների

գլխավոր տնօրինության, բանակցությունների բաժնի ղեկավար

Վասիլիս Մարագոս ([email protected])

ՀՀ դատավորների միություն

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Դատավորների եվրոպական միության ներքոստորագրյալ խորհրդի անդամներս տեղեկացվել ենք անդամ միության՝ Հայաստանի դատավորների միության, ինչպես նաև՝ տեղական լրատվամիջոցների հաղորդումներից, տարբեր հայաստանյան դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին, որոնցով ենթադրաբար, դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները:

Դատավորները, որոնք կայացրել են որոշումներ, իսկ հետագայում, երբ դրանցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` ՄԻԵԴ) կողմից արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ՝ ինչի հետևանքով պետությունը տուգանվել է, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության նույնիսկ այն դեպքերում, երբ տույժերի պատճառը օրենքի բացերն են եղել, և հետևաբար դատավորների սխալը չի գործել:

Դատավորների մեկ այլ խումբ ենթարկվել է պատասխանատվության արդարադատության համակարգի թերացումների կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քննադատության համար: Նույնիսկ բարձր հեղինակություն ունեցող և երբևէ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորները ենթարկվել են անհամաչափ պատասխանատվության՝ դադարեցվել են նրանց լիազորությունները:

Առավել մտահոգիչ են կարգապահական վարույթների հարուցման և դրանց քննարկման հետ կապված հաղորդումները:

Հաղորդումներից անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ:

Դատավորների եվրոպական միության խորհուրդը հարկ է համարում կրկին հղում կատարել նամակին կից՝ 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հայտարարությանը: Նշվածի հիման վրա Դատավորների եվրոպական միության նախագահական խորհուրդը հիշեցնում է Հայաստանի իրավասու մարմիններին՝ միջազգային և եվրոպական ստանդարտների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ է անում հարգել ու հետևողական լինել դրանց կիրառմանը:

Համաձայն կայուն նախադեպային պրակտիկայի՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածը ևս պետք է կիրառելի լինի դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի նկատմամբ, երբ, մասնավորապես, դրանց արդյունքը կարող է հանգեցնել դատավորների լիազորությունների դադարեցման[1]: Թե՛ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն[2] , և թե՛ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ, CCJE) պարտավորեցնում են նման դեպքերի քննությունն իրականացնել անկախ մարմնի կողմից՝ պահպանելով արդար դատաքննության իրավունքը[3]:

Արդար դատաքննության իրավունքը ներառում է՝ պաշտպանության և կողմերի հավասարություն, մրցակցության իրավունք, նյութերի ու ապացույցների հասանելիության իրավունք, դրանց ծանոթանալու ու պաշտպանությունը պատրաստելու ողջամիտ ժամկետ ունենալու իրավունք, վարույթին ներկա գտնվելու (լսված լինելու) իրավունք, ներկայացուցչի, փաստաբանի միջոցով ներկայացված լինելու իրավունք, կայացվող որոշումների պատճառաբանվածություն, դռնբաց դատավարություն (առնվազն, եթե հակառակը չի պահանջում կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորը), պատշաճ՝ օրենքի հիման վրա ստեղծված, դատարանի կողմից գործի քննության և դատարանի մատչելիության իրավունք:

Խնդրահարույց էր դիտվել նաև արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորությունը, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի ենթադրյալ խախտում է[4]։

Ենթադրյալ կարգապահական խախտումների բովանդակության առումով երկու սկզբունք անվիճարկելի հստակ և առանցքային են.

Առաջին՝ դատավորները ինչպես մյուս անձինք ունեն ազատ խոսքի իրավունք։

Երկրորդ՝ սահմանափակումները թույլատրելի են, եթե այդպիսիք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդական հասարակությունում[5]։ Նույնիսկ այն պարագայում, երբ դատավորի պաշտոնը, զբաղեցրած դիրքը պահանջում են որոշակի զսպվածություն՝ ապահովվելու դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունը, ապա դա չի կարող զերծ պահել դատավորներին դատական իշխանության շուրջ տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելուց կամ արդարադատության համակարգում խախտումները մատնանշելուց։ Ավելին՝ այն կարող է դիտվել որպես պարտականություն[6]։

Միայն այն հանգամանքը, որ ՄԻԵԴ–ը վերանայումների արդյունքում ներպետական դատարանների կողմից կայացրած որոշումներով մարդու հիմնարար իրավունքների խախտում է արձանագրել և պետության համար պարտավորություններ են սահմանվել, ապա դա ինքնին չի նշանակում, թե դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության. դատավորի սխալը, թերացումը (դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը) ենթակա է ապացուցման[7]։

Օրենքի մեկնաբանությունը, փաստերի կամ ապացույցների բավարարության գնահատումը, բացառությամբ դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքերի, չպետք է անվերապահ առաջացնի կարգապահական պատասխանատվություն[8]:

Վերոհիշյալ զեկույցների պնդումների համաձայն՝ այդ չափանիշները մեծամասամբ անտեսվել են։

Դատավորների եվրոպական միության անունից ևս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ անվերապահորեն հետևել վերոհիշյալ եվրոպական չափանիշներին՝ դրանց ոգուն ու նպատակին, և գտնել արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ՝ շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են հիշյալ դատավորները:

Դիմում ենք նաև Եվրոպայի Խորհրդի իրավասու մարմիններին իրականացնել իրավիճակի մոնիթորինգ, որը ամեն դեպքում անվերապահորեն կատարելու է Դատավորների եվրոպական միությունը:

Դատավորների եվրոպական միությունը պատրաստակամ է ըստ ձեր պահանջի տրամադրել ցանկացած լրացուցիչ պարզաբանում և աջակցություն:

Հարգանքով՝

(Ստորագրել են.)

Դատավորների միջազգային միության առաջին փոխնախագահ,

Դատավորների եվրոպական միության նախագահ Դուրո Սեսա

Դատավորների միջազգային միության փոխնախագահ Միկայել Շյոբերգ

Դատավորների միջազգային միության փոխնախագահ Զաբինա Մատեյկա

[1] ECtHR Reczkowicz v. Poland et alt.)

[2] CM Rekommandation (2010)12 paras 66 to 71

[3] CCJE Opinion 3 paras 58 to74; Opinion 10 para 63

[4] GRECO RC4(2019)21 paras 43-48

[5] ECHR Article 11 para 2

[6] ECtHR Baka v Hungary, CCJE Opinion 24 especially para 46, 58 Commentary on the Bangalore Principles para 156,

[7] Venice Commission Opinion on draft laws on making amendments to the Constitutional Law on the Judicial Code ad to the Constitutional Law on the Constitutional Court CDL-AD(2022)002, paras 47, 48, 89

[8] 8 CM Recommandation (2010)12 para 66, CCJE Opinion 3

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31