Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իշխանությունն անցել է գոտկատեղից ներքեւ միջոցների». Ավետիք Չալաբյանը՝ «ՀայաՔվեի» վրա հարձակումների մասին

Հուլիս 15,2023 13:15

«ՀայաՔվեի» հետ կապված ոգեւորությունն ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվում է, «ՀայաՔվեն» Երեւանից տարածվել է մարզեր ու հասել երկրի սահմանամերձ շրջանները: Ամենուրեք «ՀայաՔվեի» հետ կապված լուրջ հանրային դիսկուրս կա: Դրան միանում են բազմաթիվ հանրային գործիչներ: Եթե նախկինում տեսնում էինք տարբեր մանիպուլյատիվ մեկնաբանություններ, որոնք հիմնականում ուղղորդվում էին մի կետից, հիմա դիսկուրսն ավելի լուրջ է, մարդիկ սկսել են ըստ էության քննարկել՝ ինչ է նշանակում «ՀայաՔվեն» եղած քաղաքական զարգացումների կոնտեքստում, ինչ է տալիս մեզ եւ այլն»,-երկրորդ միջանկյալ արդյունքներն ամփոփելիս ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Ուրբաթ օրը ինչ-որ իմաստով նաեւ ալիք էր հանրային տարբեր գործիչների կողմից «ՀայաՔվեի» մասին գրառումների, քննարկումների, տարբեր հոդվածներիի: Շատ ուրախալի է, որ «ՀայաՔվեն» դառնում է հանրային դիսկուրսի առնվազն այս ժամանակահատվածում կենտրոնական թեմաներից մեկը: Քաղաքացիների բարձր ակտիվությունը շարունակվում է»,-հավելեց նա: Նշեց, որ եթե անցյալ շաբաթ մարզերում ունեին 14 ստորագրահավաքի կետ, ապա այս շաբաթ՝ 26 կետ, դրան գումարած Երեւանի բոլոր վարչական շրջանները:

Ավետիք Չալաբյանը բնական է համարում, որ «ՀայաՔվեի» հաջողությունը պետք է հակազդեցություն առաջացներ: Նրա խոսքով, եթե նախորդ շաբաթ այդ հակազդեցությունը հանրային դիսկուրսի եւ շրջանառության մեջ նետած կեղծ թեզերի տեսքով էր, որ հանրաքվեն պատերազմի է տանում եւ այլն, մինչդեռ պատերազմի հիմնական մեղավորը գործող իշխանությունն է, ապա այս շաբաթ իշխանությունն անցավ գոտկատեղից ներքեւ տարբեր միջոցների:

«Գիտեք, որ տեղի են ունեցել հարձակումներ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի կետերի վրա, մասնավորապես Մարտունիում եւ Հրազդանում տեղի խուլիգանական, կիսահանցագործ տարրերի կողմից, որոնք ակնհայտորեն ուղղորդվում են իշխանության տարբեր թեւերի կողմից: Նրանց նույնիսկ հաջողվեց որոշակի ժամանակով խափանել տվյալ համայնքներում «ՀայաՔվեի» ընթացքը, բայց դա կարճ տեւեց, քանի որ կոշտ հակազդեցություն տեղի ունեցավ: Իրավապահ համակարգը մոբիլիզացվեց, մոբիլիզացվեցին նաեւ տեղում մեր աջակիցները, եւ բոլոր սադրիչները, որոնք ստոր միջոցներով փորձում էին վնասել «ՀայաՔվեին» ,շատ արագ հակահարված ստացան եւ հասկացան, որ շանս չունեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31