Երեւանի ավագանին կառուցապատողների համար նոր ֆինանսական ծախսեր է սահմանել, որոնք կհանգեցնեն բնակարանների գների էական բարձրացումների։ Ավագանու որոշմամբ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար գործակիցներ են սահմանել, որոնցով հաշվում են դրա դիմաց վճարվող տուրքը, եւ Երեւանում կառուցվող շենքերի պարագայում այդ գումարը կարող է հասնել 100 եւ ավելի մլն դրամի, մինչդեռ հայտնի չէ, թե քաղաքապետարանն այդ ինչ ծառայություն է մատուցում կառուցապատողներին, որ դրա դիմաց գումար է պահանջում, այն էլ՝ այսքան մեծ գումար։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի հետ։ Հարցին, թե ինչ վճարի մասին է խոսքը, նա պատասխանեց․ «Կա «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենք, որով սահմանվում են համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարներ։ Դա կոնկրետ բովանդակություն պետք է ունենա, թե համայնքն ինչ ծառայություն է մատուցում։ Օրինակ՝ աղբահանության դեպքում աղբահանության ծառայություն է մատուցվում, եւ յուրաքանչյուր քաղաքացուց գանձվում է 200 դրամ տեղական վճար։
Ըստ օրենքի տրամաբանության, ցանկացած տեղական վճար պետք է ունենա հաշվարկ, այսինքն՝ դա չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն ծառայությունների մատուցում, եւ վճարի գինը չի կարող գերազանցել ինքնարժեքը, եթե կլինի ինքնարժեքից ցածր, ապա կսուբսիդավորվի համայնքի բյուջեից, ինչպես աղբահանությունը, որի մի մասը սուբսիդավորվում է։ Հիմա Երեւանի ավագանին հունիսի 27-ին ընդունել է մի որոշում, որն ընդհանրապես չի քննարկել մասնագիտացված որեւէ համայնքի հետ, ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, չի քննարկել նաեւ Քաղաքաշինության կոմիտեի հետ, որովհետեւ դա Երեւան քաղաքի քաղաքաշինությանը վերաբերող խնդիր է, այսինքն՝ այո, ավագանին ինքնուրույն է եւ անկախ է որոշումներ կայացնելիս, բայց, որպես կանոն, նմանատիպ նախագծերը քննարկվում են Քաղաքաշինության կոմիտեի հետ, որովհետեւ հանրապետության ողջ շինարարության շուրջ 70-80 տոկոսը Երեւան քաղաքում է իրականացվում, եւ այդ փոփոխությունն էական ազդեցություն կարող է ունենալ քաղաքաշինական ոլորտի եւ դրա քաղաքականության վրա։
Չհամաձայնեցնելով որեւէ մարմնի հետ՝ ընդունել են մի որոշում, որից առաջին հերթին պարզ չէ, թե այդ ծառայությունն իրենից ինչ է ներկայացնում։ Ձեւակերպման մեջ գրված է՝ «ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմում»։ Այդ կազմումը սովորաբար իրականացնում է տնտեսվարող սուբյեկտը եւ համապատասխան էսքիզային նախագիծը ներկայացնում է քաղաքապետարանին՝ հաստատման համար։ Հիմա այս ծառայության կազմն անհայտ լինելու պայմանում, պարզ է, հնարավոր չի լինում որոշել, թե ինչ է դրա գինը։ Ինչ-որ գին են սահմանել, որը ոչ մի հաշվարկ չունի, ոչ մի տրամաբանություն չունի եւ անհասկանալի մեծ ծախսեր է ենթադրում կառուցապատողների համար։ Այս առումով այդ որոշումն իրավաչափ չէ, որովհետեւ նմանատիպ տեղական տուրք իրենք չեն կարող սահմանել, որովհետեւ չգիտենք, թե ինչն է այդ ծառայության առարկան։ Երկրորդը՝ այս պայմաններում պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է հաշվարկվել այդ ծառայության գինը, որովհետեւ չի կարող Երեւանի կենտրոնում մի գին կազմել, մյուս վարչական շրջաններում այլ գին կազմել, նույն գործողությունն են կատարում, բովանդակային նույն բանն են կատարում, հետեւաբար՝ գործակիցներ կիրառելու տրամաբանությունն էլ է անհասկանալի։
Կարդացեք նաև
Մյուս կարեւոր խնդիրն ընդհանրապես դրա համար որեւէ վճար սահմանելն է, որովհետեւ դա օրենքից չի բխում, երրորդ՝ ամենակարեւորը, որ նմանատիպ փոփոխությունները՝ դա կլինի տեղական տուրք թե վճար, կարող են կիրառվել բյուջետային տարվա սկզբից, որովհետեւ պետք է սահմանվեն նախքան բյուջեի ընդունումը եւ կարող են կիրառվել հունվարի 1-ից։ Այսինքն՝ խաղի կեսից խաղի կանոններ են փոխվում ոչ իրավաչափ ձեւով, եւ բոլոր կառուցապատողները մի խայտառակ, անելանելի վիճակի մեջ են հայտնվել՝ թե՛ անորոշություն եւ թե՛ անհիմն ծախսեր իրենց համար»։
Սաքապետոյանի խոսքով՝ քաղաքապետարանը շատ վատ ծառայություն մատուցող է, եթե նախկինում դիմումներին չէին պատասխանում ամիսներով, ապա այժմ անբովանդակ պատասխաններ են ուղարկում՝ իբրեւ թե պատասխանել են:
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում