Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը հզորացնելու բացառիկ ծրագրեր՝ պատանիների կողմից․ ամփոփվեց «UPSHIFT»-ը (ֆոտոշարք)

Հուլիս 15,2023 11:22

«UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը, որը Հայաստանում ներդրվել է հինգ տարի առաջ` ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամի՝ «ՅՈՒՆԻՍԵՖԻ» և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից, իրականացվեց նաև Սյունիքում։

Երեկ ամփոփիչ միջոցառումն էր։ Այն վեցերորդ անգամ է իրականացվում մեր երկրում․ առաջին անգամ փորձարկվել է Գյումրիում։

Այս անգամ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն համագործակցել էր նաև «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության հետ։

Ծրագիրը կարևոր է նրանով, որ զարգացնում է դեռահասների հմտությունը, մտածողությունը, նրանց ներգրավում համայնքային կյանքը փոխելու գործընթացում, նպաստում է նաև հետաքրքիր գաղափարները բիզնես ծրագրի վերածելու։

Եթե Հայաստանի մյուս մարզերում «UPSHIFT»-ին մասնակցող 12-18 տարեկան երիտասարդները հիմնականում էկոլոգիական ծրագրեր էին իրականացնում, Սյունիքում պատկերն այլ էր․ թեմաները կապված էին  պատերազմի արհավիրքները վերացնելու,  պատերազմին պատրաստ լինելու հետ։

Սյունիքի պատանիները ներկայացրել էին 13 ծրագրեր, որոնցից ընտրվել ու իրագործվել էին երեքը։ Հեղինակները սահմանամերձ Քարահունջ, Վերիշեն և Շինուհայ համայնքների պատանիներն էին։

Քարահունջի թիմը հիմնովին վերանորոգել ու կահավորել էր իրենց համայնքի  գրադարանի ընթերցասրահը՝ իրենց իսկ ձեռքերով կատարելով վերանորոգման աշխատանքները։ Ընթերցասրահն արդեն  պատրաստ է,  այն ծառայում է որպես երիտասարդների կրթական և ժամանցի  անցկացման հարթակ։

Շինուհայ գյուղի թիմն էլ, որը իրեն անվանել էր «Սյունյաց լեռների առաջնորդները», մեկնաբանեց, որ հատուկ է ընտրել այս անունը՝ ցույց տալու, որ իրենք առաջնորդներ են և ամեն ինչ անում են Սյունիքն ավելի ուժեղ և ապահով դարձնելու համար։ Նրանք առողջապահական ծրագիր էին իրականացրել՝ դպրոցում բուժկետ ստեղծելով, այն կահավորելով, առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներով ապահովելով։ Նրանք նաև դպրոցի աշակերտների և աշխատակիցների համար առաջին բուժօգնության վերապատրաստում էին կազմակերպել՝  համագործակցելով  «Կարմիր խաչի» հետ։

Թիմերից մեկն էլ գյուղատնտեսական ծրագիր էր իրականացրել։ Ինչպես ներկայացրեցին պատանիները․ «Վերիշենում կա արոտավայրերի պակաս, դրանց մի մասն  անցել է թշնամուն, գյուղացիները իրենց անասունները կամ վաճառում են կամ լքում են գյուղը։ Մենք մեր աշխատանքով փորձում ենք նվազեցնել արտագաղթը, առաջարկում ենք աճեցնել ցորենի հատիկ ու տրամադրել գյուղացիներին։ Լավ արդյունքի հասնելու դեպքում, կընդլայնենք մեր բիզնեսը»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեսթրոն ասաց, որ իրենց կառույցի համար շատ կարևոր նախաձեռնություն է «UPSHIFT»-ը, երիտասարդներն ու դեռահասները կարողանում են այնպիսի  հմտություններ ձեռք բերել, որոնք հնարավորություն չունեն ստանալ դպրոցներում։

«Մենք ուզում ենք «UPSHIFT»-ի միջոցով 21-րդ դարի հմտությունները զարգացնել»,- ասաց բանախոսը։

Մեզ հետ զրույցում էլ  Սիլվիա Մեսթրոն մանրամասնեց, որ իրենց համար կարևոր է նման նախաձեռնությունները մարզերում իրականացրել, քանի որ շատ հաճախ մեծ քաղաքներում նմանատիպ ծրագրեր իրականացվում են, իսկ փոքրերում երիտասարդներն ու դեռահասները զուրկ են հնարավորություններից։ Նա նշեց, որ աշխատում են այն ուղղությամբ, որ նմանատիպ ծրագրերը բոլոր մարզերում ու համայնքներում իրագործվեն։

«Բոլոր «UPSHIFT»-ները տարբերվում են, որովհետև տարբեր մարզերում երիտասարդներն ու դեռահասները շատ տարբեր են, ամեն մեկը բերում է իր անհատականությունն ու փորձը։ Իհարկե, Սյունիքի «UPSHIFT»-ն էլ  շատ  է տարբերվում, այստեղ երիտասարդները  վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր խնդիրների առաջ են կանգնել՝ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, իրենք նույնպես բերում են իրենց փորձը, խնդիրները, ունեն նաև իրենց անհատականությունն ու տոկունությունը։

Փորձառությունը Սյունիքում ցույց տվեց, որ  երիտասարդները ոչ միայն խնդիրներ են առաջադրում, այլ լուծումներ են առաջարկում, ու այս լուծումները շատ տարբեր են։ Մենք նաև տեսանք, որ երիտասարդները հետաքրքրված են իրենց համայնքներում փոփոխություն բերելու, հատկապես պատերազմից հետո ունեցած խնդիրները նկատելով և փորձելով լուծելու։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր ելույթում շեշտեց, որ բոլոր համայնքներում տեսել են յուրահատուկ մտածողությամբ պատանիների, բայց Սյունիքում իրենց  զարմացրել է պատանիների հասունությունն ու համայնքի նկատմամբ լուրջ պատասխանատվության զգացողությունը։

Արթուր Նաջարյանը նշեց, որ «UPSHIFT Սյունիքը» ոչ միայն տեղի երիտասարդների առաջնորդական հմտությունները զարգացնելու, երիտասարդներին ոգևորելու ու աջակցելու,  իրենց համայնքներում որոշումների կայացման գործընթացում մասնակցելու միջոց էր, այլ նաև ծրագրի անունը հնչեցնելով՝ փորձել են ավելի շատ  ուշադրություն կենտրոնացնել Սյունիքի վրա։

Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Ինքնին ենթադրելի էր, որ  «UPSHIFT»-ը Սյունիքում որոշակի բովանդակային տարբերություն կունենար՝ նախորդ «UPSHIFT»-ների հետ համեմատ, բայց չէինք պատկերացնում՝ այս աստիճան կտարբերվի։

Պայմանավորված առկա իրավիճակով՝ Գորիս և Տաթև համայնքների երեք տարբեր բնակավայրերից ընդգրկված երիտասարդների հիմնական գաղափարներն անվտանգության, առողջապահության պահպանման և, իհարկե,  բիզնես ծրագրի հիմք հանդիսացող կարևոր մի գաղափարի մասին էին։ Դրանցից մեկը նորից պայմանավորված էր Հայաստան-Ադրբեջան պատերազմի արդյունքում արոտավայրերի կորստով։

Բացառիկ գաղափարներ են՝ մեկը մյուսից տարբերվող։ Եվ ի՞նչն է հետաքրքիր, այս գաղափարներից յուրաքանչյուրը հնարավորություն կա զարգացնելու, լուրջ բիզնեսի վերածելու։

Գաղափարներից մեկը կոչվում էր «Կիպկաս»․ Վերին Շենի մեր պատանիների գաղափարն էր, սա հնարավորություն է տալիս տնային պայմաններում անասնակերի պատրաստում, քանի որ, ինչպես պատանիներն են նշում, համայնք ունի խնդիր․ արոտավայրերի մի մասն այլևս Հայաստանի վերահսկողության տակ չէ, և շատ գյուղաբնակներ, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, ունեն արոտավայրերի խնդիր։

Սա հիանալի մոդել է, հնարավոր է հետագայում լուրջ ծրագիր դառնա։ Փորձում են տնային պայմաններում հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ աճեցնել կանաչ, որը, ինչպես պատանիներն են նշում, կաթնատվության համար հիանալի հնարավորություն է։ Շատ ավելի հեշտ է այն աճեցնելը և անասնապահությանը զարկ տալը։ Ինչպես նշում են պատանիները, շատերը ստիպված չեն լինի համայնքից դուրս գալու, քանի որ իրենց գյուղերում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ»։

Արթուր Նաջարյանը նաև նշեց, որ «Սյունիք «UPSHIFT»-ը տարբերվեց իր կառուցվածքով նախորդ հինգ «UPSHIFT»-ից։

«Մեր նպատակը Սյունիքում երիտասարդների առաջնորդական հմտությունների զարգացումից զատ, նաև ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել Սյունիքի վրա, տեղի պատանիներին և երիտասարդներին  ոգևորել և ցույց տալ, որ կյանքը շարունակվում է ու համայնքներին ապրեցնել հնարավոր է»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31