Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը գլորվում է ավտորիտարիզմի գիրկը, իսկ ժողովրդավարությունից մնացած փշրանքներն էլ վերացվում են. «Փաստ»

Հուլիս 15,2023 10:57

Փաշինյանին հաջողվեց իշխանության ճյուղերից գործադիր ու օրենսդիր մարմինները վերցնել իր գլխավորած ուժի վերահսկողության տակ, սակայն պետության ամբողջական զավթումն իրականություն չէր դառնա, եթե իշխանության երրորդ ճյուղը՝ դատական համակարգը, չանցներ իշխանությունների թրի տակով։ Այդ էր պատճառը, որ իշխանությունները ձեռնամուխ եղան դատական համակարգի պաշարմանն ու գրավմանը։ Նախ՝ նրանք ՍԴ-ի հարցերը լուծեցին՝ փոխելով ՍԴ կազմը և դատարանին զրկելով ինքնուրույնությունից, որպեսզի այն իշխանությունների ապօրինի որոշումները հակասահմանադրական չճանաչի։

Հիմա էլ անցել են անհատ դատավորներին իրենց ենթարկելու գործին։ Այն դատավորները, որոնք իշխանությունների գծած հունով չեն շարժվում, այլ օրենքով, հայտնվում են ճնշումների կիզակետում։ ԲԴԽ-ն էլ, որը պետք է լիներ անկախ մարմին, իշխող քաղաքական թիմի ներկայացուցչի կողմից է ղեկավարվում՝ նպատակ հետապնդելով դատավորներին դարձնել վերահսկելի։ Իշխանությունները նույնիսկ վտանգ են տեսնում նրանում, որ օժանդակ մարմինները կարող են անկախ գործել։ Դրա համար էլ առաջին իսկ հնարավորության դեպքում ՄԻՊ-ի ինստիտուտն անմիջապես իրենցով արեցին։ Իսկ հիմա հերթը հասել է ընդդիմությանը լիազորություններից ու լծակներից զրկելուն։ Այդ նպատակով է, որ իշխանությունները ձեռնամուխ եղան ընդդիմության ներկայացուցչին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթացին։

Փաստացի, այսօր Հայաստանի խորհրդարանում այն երեք մշտական հանձնաժողովները, որոնք «Դոնթի բանաձևով» բաժին են ընկնում ընդդիմությանը, այս պահին նախագահներ չունեն։ Սրան գումարած՝ ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմությանը հասանելիք պաշտոնը: Սակայն ընդդիմության նկատմամբ ճնշումները միայն խորհրդարանական լիազորություններով չեն սահմանափակվում։ Ընդդիմադիրներին նույնիսկ սպառնում է բռնության թիրախ դառնալու հնարավորությունը։

Պարզ ասած՝ Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմի գիրկը, իսկ ժողովրդավարությունից մնացած փշրանքներն էլ վերացվում են։ Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը, թե ինչո՞ւ են արևմտյան երկրների դեսպաններն ու իրավապաշտպան կազմակերպություններն աչք փակում այս ամենի վրա ու Հայաստանն անվանում որպես Հարավային Կովկասի «ժողովրդավարական կղզ յակ» այն դեպքում, երբ նախկինում մեր երկրում ժողովրդավարությունից շեղման մի փոքր անգամ վտանգ պարունակող մանր-մունր ցանկացած միջադեպի պարագայում մեծ վայնասուն էին բարձրացնում։ Թերևս պատճառն այն է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները հերթով կատարում են արտաքին ուժերի թելադրանքները՝ թեկուզ այն պարագայում, երբ այդ հրահանգները մեր ազգային շահերին դեմ են։ Դրա համար էլ այդ արտաքին ուժերի աչքում Փաշինյանը «ժողովրդավարության չեմպիոն» է երևում։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31